HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերն օդային մի շարք հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին: ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ՝ խմբ.) ղեկավարությունը հայտարարել է, որ ռմբակոծությունները Թեհրանի կողմից «շարունակական հարձակումների ամիսների» պատասխանն են:

«Իրանում գործող վարչակարգն ու տարածաշրջանում նրա վստահված անձինք 2023 թվականի հոկտեմբերի 7-ից անխոնջ հարձակվում են Իսրայելի վրա՝ յոթ ճակատով, ներառյալ Իրանի տարածքից ուղիղ հարձակումները։ Ինչպես աշխարհի ցանկացած այլ ինքնիշխան երկիր, Իսրայելն էլ ունի պատասխանելու իրավունք և պարտականություն»,- ասված է իսրայելական զինուժի հայտարարության մեջ։

Օդային հարվածները հասցվել են մի քանի ալիքներով՝ Երևանի ժամանակով 03:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում։ Օդ են բարձրացվել ավելի քան 100 կործանիչներ, այդ թվում՝ F-35։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, ի թիվս այլ թիրախների, հրթիռակոծության տակ են հայտնվել Թեհրանի շրջանում տեղակայված մի քանի ռազմաբազաներ, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետը:

Առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ռազմագործողության հաջողությամբ ավարտի մասին։ Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրանում հրթիռներ արտադրող ձեռնարկություններին, «երկիր-երկինք» դասի հրթիռային համալիրներին և «օդային օբյեկտներին, որոնք կոչված են սահմանափակելու իսրայելական ավիացիայի գործողությունների ազատությունը»:

Գործողությունը կրել է «Ապաշխարության օրեր» կոդային անվանումը։ Սա Իրանի տարածքում առաջին ռազմական գործողությունն է, որի համար Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ստանձնել են պատասխանատվությունը: ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ իսրայելցի զինվորականների շրջանում տուժածներ չկան։ 

Իսրայելի կառավարության ներկայացուցիչը NBC News-ին հաստատել է, որ ՑԱԽԱԼ-ի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և ուղղված չի եղել Իրանի նավթային կամ միջուկային օբյեկտներին, ինչի վախն ավելի վաղ ունեին ԱՄՆ նախագահի աշխատակազմում։ 

Սպիտակ տունը ՑԱԽԱԼ-ի հարվածները որակել է որպես «ինքնապաշտպանության նպատակով» գործողություն և պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներով հարձակմանը:

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ՀՕՊ ուժերը հաջողությամբ հետ են մղել Իսրայելի հարձակումները, սակայն որոշ շրջաններում «սահմանափակ վնաս» է հասցվել: Իրանցի զինվորականների խոսքով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգներում գտնվող մի շարք օբյեկտների վրա: Իրանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Լուսանկարը՝ middleeasteye.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter