HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վճռորոշ խորհրդարանական ընտրություններ Վրաստանում

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ինչպես պնդում են անկախ փորձագետներն ու լրատվամիջոցները, այս ընտրությունները կվճռեն Վրաստանի աշխարհաքաղաքական ապագան ու Արևմուտքի հետ վերջինիս հարաբերությունների ընթացքը։

Ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով 08:00-ին և կգործեն մինչև 20:00-ն։ Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել 3111 տեղամասերում, որոնցից 67-ը կբացվեն արտերկրում: Ընդհանուր առմամբ գրանցվել է մոտ 3,5 մլն ընտրող։ Ընտրություններին կարող են մասնակցել Վրաստանի սահմաններից դուրս բնակվող ռեկորդային թվով քաղաքացիներ՝ ավելի քան 95 հազար մարդ: Այս ընտրություններն առաջինն են էլեկտրոնային քվեատուփերի օգտագործման առումով, որոնք տեղադրված են տեղամասերի 74%-ում։

Ինչպես սպասվում է, քվեարկության առաջին արդյունքները ԿԸՀ-ն կսկսի հրապարակել տեղամասերի փակվելուց հետո երկու ժամվա ընթացքում: Քվեարկության ավարտից անմիջապես հետո տեղական հեռուստաալիքները ծրագրում են հայտնել էքզիթփոլների արդյունքները։ 

Ընտրությունների ժամանակ արդեն իսկ քվեարկել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

«Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին, այն Վրաստանի, որի համար եկել եմ այստեղ 22 տարի առաջ, այն Վրաստանի համար, որի համար աղոթել են իմ նախնիները»,- լրագրողներին ասել է Վրաստանի նախագահը։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ ընդդիմությանը կոչ է արել ընդունել ընտրությունների արդյունքները։ «Ես ընդդիմությանը կոչ եմ անում հաշտվել և ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»- նշել է Կոբախիձեն՝ հավելելով, որ իշխող կուսակցությունն ունի շուրջ 60% աջակցություն։

Արդեն 12 տարի իշխանության ղեկին գտնվող գործարար Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրողներին կոչ է անում ընտրություն կատարել խաղաղության և պատերազմի միջև, որի մեջ, նրա կարծիքով, երկիրը ձգում է ընդդիմությունը:

Կուսակցությունը պատերազմի թեման օգտագործում էր իր գովազդային վահանակներում։ Պաստառների վրա մի կողմից պատկերված էին Ուկրաինայի քաղաքները, որոնք ավերվել էին ռուսական լայնածավալ ներխուժման ժամանակ և «ոչ պատերազմին» գրառումը։ Մյուս կողմում ցուցադրված էին Վրաստանի քաղաքների լուսանկարները՝ «ընտրիր խաղաղությունը» գրությամբ: Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատերազմի և խաղաղության համեմատությունն անհրաժեշտ է, «որպեսզի հասարակությունը ճիշտ ընտրություն կատարի»: Դատարանը տուգանել էր վրացական այն հեռուստաալիքներին, որոնք հրաժարվել էին հեռարձակել իշխող կուսակցության այս հոլովակը։

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որն առաջին անգամ է գլխավորում կուսակցության ընտրական ցուցակը, հայտարարել էր, որ Արևմուտքը փորձում է իշխանության բերել ընդդիմությանը, որպեսզի Վրաստանում «երկրորդ ճակատ» բացի Ռուսաստանի դեմ:

«Վրացական երազանքի» հիմնական մրցակիցներն են ընդդիմադիր չորս ուժերը։ «Միասնություն՝ ազգային շարժում» դաշինքի կազմում են «Միացյալ ազգային շարժում», «Աղմաշենեբելիի ռազմավարություն» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները: Ստեղծվել են նաև երկու առանձին դաշինքներ՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան»: Դրանցից առանձին ընտրություններին նաև մասնակցում է նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ 

Ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս արևմտամետ դիրքերից և իշխանություններին մեղադրում են Ռուսաստանի շահերից ելնելով աշխատելու մեջ։  Ընդդիմությունը կոչ է անում ընտրողներին ընտրություն կատարել եվրոպական ինտեգրման և միջազգային մեկուսացման միջև, որը սպառնում է երկրին, եթե «Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում ուժեղանա Ռուսաստանի ազդեցությունը: Ընդ որում, «Վրացական երազանքն» իր պաստառներում օգտագործում է Եվրամիության խորհրդանիշներն ու կարգախոսները՝ «մենք երկիրը կբերենք Եվրամիություն» և «Դեպի Եվրոպա՝ արժանապատվորեն»: Միևնույն ժամանակ իշխող կուսակցությունն Արևմուտքին մեղադրում է ընտրություններին միջամտելու, իսկ ընդդիմությանը՝ ոչ սահմանադրական իշխանափոխության նախապատրաստվելու մեջ:

Լուսանկարը՝ Giorgi Arjevanidze/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter