HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակցիա ընդդեմ «Դժվար ապրուստի». սերիալում կանանց նկատմամբ բռնության ու լացի տեսարանները 60% են (վիդեո)

Հուլիսի 27-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը անցկացրեց ակցիա՝ հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության դեմ:

Ակցիայի սկզբում կազմակերպության անդամները բաժանեցին տեղեկատվական թռուցիկներ՝ «Դժվար ապրուստ» սերիալում գենդերային տեսանկյունից իրականացված վերլուծության մասին, անցորդներին նվիրեցին թևնոցներ և հուշանվերներ, որոնց վրա գրված էր «Տարբեր սեռեր, հավասար հնարավորություններ»:

Միևնույն ժամանակ սկսվեց ստորագրահավաք հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնությունը, սեքսիստական և խտրական դրսևորումները վերացնելու պահանջով: Մեկ ու կես ժամվա ընթացքում հավաքվեց ավելի քան 200 ստորագրություն: Ստորագրահավաքի սեղանիկի մոտ առաջին իսկ պահից հերթ էր գոյացել, և անցորդները ստիպված էին սպասել ստորագրելու համար:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի վերլուծության համաձայն՝ ուսումնասիրվել է «Դժվար ապրուստի» 730 րոպե, կանանց մասնակցությամբ տեսարանները կազմել են 550 րոպե: Կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածության տեսարանները 550 րոպեի մեջ կազմել են 328 րոպե (60%), կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը՝ 34 րոպե (6.2%), հոգեբանական բռնությունը՝ 120 րոպե (22%), սեռական բռնությունը՝ 4 րոպե (0.7%), կանանց լացն ու ընկճվածությունը՝ 170 րոպե (31%):

Ուսումնասիրված 10 կին գլխավոր հերոսուհուց տասն էլ ենթարկվում է բռնության, ոչ ոք չի աշխատում՝ բացառությամբ մեկ հերոսուհու, ով կարճ ժամանակահատվածով աշխատել է որպես սպասուհի և հյուրանոցում մաքրող: Ուսումնասիրված 10 կին գլխավոր հերոսուհուց ոչ ոք չունի սեփական որոշում կայացնելու իրավունք:

Բացի դրանից՝ կազմակերպության անդամները իրականացրին ֆլեշմոբ: Մասնակիցներից յուրաքանչյուրը մարմնավորում էր սերիալի գլխավոր հերոսներից մեկին: Ամեն մի հերոսի կողքին գրված էր համապատասխան կարգախոս, ինչպես օրինակ՝ «Ծեծելով մորը չեն մեծարում», «Բռնությունը հանդուրժող մոր կերպարը ընտանիքին նվիրվածության նշան չէ», «Ծեծող ամուսինը լավ հայր չի կարող լինել», «Դրական կերպարը բռնարար չի լինում», «Կնոջ սխալները ծեծելով չեն հարթում» և այլն:

Ակցիայի ընթացքում ցույց տրվեց նաև հոլովակ, որը ներկայացնում էր «Դժվար ապրուստ»-ից տեսարաններ և վիճակագրական տվյալներ: Հոլովակը ակցիայից անմիջապես հետո տեղադրվեց համացանցում և կարճ ժամանակում հավաքեց դիտողների բավականին մեծ թիվ:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հուլիսի 30-ից սկսելու է նաև առցանց ստորագրահավաք: Ստորագրահավաքի հաղորդագրությունը լինելու է հետևյալը. «Ներկայում հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը մեծ մասամբ հեղեղված է կանանց նկատմամբ բռնության ընդգծված դրսևորումներ պարունակող սերիալներով: Եթե կարծում եք, որ ժամանակն է եկել վերջ տալու հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության տեսարաններին, սեքսիստական արտահայտություններին, խտրական վերաբերմունքին, կանանց մշտական լացին ու ընկճվածությանը, ապա միացեք մեզ՝ ստորագրելով ներքոհիշյալը. ԵՍ ԴԵՄ ԵՄ, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել կանանց նկատմամբ բռնության քարոզչությունը եթերով»:

Հավաքված ստորագրությունները պաշտոնական նամակի հետ միասին ուղարկվելու են «Արմենիա» հեռուստաընկերություն: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հայտնում է, որ հետևողական է լինելու և լայնամասշտաբ աշխատանք է կատարելու՝ գենդերային հիմքով բռնությունները հեռուստաեթերում նվազեցնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

Stver
Եթե ֆիլմը ունի լավ սցենար, եթե ռեժիսորը լավ է աշխատում, հետևաբար դերասաններն էլ լավ են խաղում, և, ամենակարևորը՝ եթե բռնությունը տվյալ ֆիլմի տրամաբանական տեղում է, հարկադրված, հիմնավորված ռեժիսորական մտահղացմամբ և կատարումն էլ անթերի ու համոզիչ է՝ իսկական է, ապա կարծում եմ այսքան աղմուկ չէր լինի: Մի պահանջեք գենդերային չգիտեմ ինչ, մի ամբողջ կինոմշակույթ է փչացած վիճակում, իսկ սրանք՝ գենդերային հավասարություն, եսիմ ինչ... Կինոն է պետք փրկել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter