
ԱՍԱ ֆորում․ մշակութային քաղաքականության բարեփոխման և դիվանագիտության նոր հարթակ
Հոկտեմբերի 25-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած ԱՍԱ Ֆորումը համախմբեց ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների հարթակ մատուցելով ոլորտի տեղացի և միջազգային փորձագետներին։
Նորաստեղծ ԱՍԱ հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններն են մշակութային քաղաքականության բարեփոխումների լոբբինգը, մշակութային դիվանագիտության խթանումը և պետական ու մասնավոր ոլորտների համատեղ ծրագրերի զարգացումը։
Ֆորումը ամփոփում էր նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նորարական դրամաշնորհային մրցույթը առաջնահերթություն է տվել սարքավորումների արդիականացմանը՝ հոգալով Հայաստանի մշակութային հաստատությունների համար նոր տեխնիկական սարքավորումների գնման և ձեռքբերման ծախսերը։
Ֆորումի բացմանը ելույթ ունեցավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով մշակութային ոլորտի և կրթական ծրագրերի համատեղ ջանքերի կարևորությունը։
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը նույնպես իր ելույթում անդրադարձավ համագործակցության խորացման անհրաժեշտությանը՝ նշելով, որ նման ծրագրերը մեծացնում են ոլորտի ներկայացուցիչների՝ միջավայրի զարգացման հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ով կարևորեց այսպիսի հարթակների դերը մշակույթի և կառավարության միջև կապեր հաստատելու հարցում։
ԱՍԱ ֆորումի ընթացքում տեղի ունեցան պանելային 2 քննարկումներ, քննարկվեցին մշակույթի իրավական շրջանակներին և մշակութային ներդրումներին առնչվող հարցեր։
Podcastle-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Արսեն Համբարձումյանը ևս ներկա էր ԱՍԱ ֆորումին, ներկայացրեց Podcastle-ը՝ արհեստական բանականությամբ հզորացված բովանդակության ստեղծման հարթակը։
Արսեն Համբարձումյանը, ունենալով վաճառքի և մարքեթինգի լայն փորձ, մասնագիտացած է բիզնեսի զարգացման և միջազգային հաղորդակցման ոլորտում։ Նրա խոսքում շեշտադրվեցին Podcastle-ի՝ AI գործիքների միջոցով առաջարկվող հնարավորությունները, ներառյալ՝ աուդիո ֆայլերի խմբագրում, ձայնի ավտոմատ մաքրում և տարբեր լեզուներով տեքստերի թարգմանություն՝ թույլ տալով օգտատերերին հեշտությամբ ստեղծել և տարածել բովանդակություն։
Ֆորումի հատուկ հյուրերից էր մշակութային քաղաքականության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ և «Քրեաթիվ Լաբ» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռագնար Սիլը։
Իր ելույթում նա անդրադարձավ այն հիմնական պահանջներին, որոնք անհրաժեշտ են մշակութային էկոհամակարգի կայուն զարգացման համար, ներառյալ քաղաքականություն, արտահանում, ֆինանսական մեխանիզմներ և մարդկային կապիտալի հզորացում։ Նա նաև ներգրավված է ԵՄ-ի մի շարք ծրագրերում, որոնց միջոցով աջակցում է մշակութային ոլորտի միջազգային զարգացումը։
Ֆորումը ներկայացրեց նաև հիմնադրամի նոր առցանց գործիքը, որը հնարավորություն կտա ստեղծարար ոլորտի կազմակերպություններին և ֆինանսական ֆոնդերին համագործակցել և համատեղ ծրագրեր իրագործել՝ նպաստելով համայնքային զարգացմանը և մշակութային բազմազանությանը։
Աննա Գարգարյանը «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավարն է։ Նա բարձր է գնահատում ստեղագործ անհատների և պատկան մարմինների միջև երկխոսությունն ու համագործակցությունը։ ԱՍԱ ֆորումը այս նախաձեռնության միայն սկիզբն է, հետագայում նախատեսվում են բազմաթիվ համաժողովներ, քննարկումներ, որոնք կնպաստեն հետագա երկարաժամկետ համագործակցություններին։
Երեկոյի ավարտին կայացավ ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր մշակույթի ոլորտում մասնավոր ներդրումների գնահատմանը։ Միջոցառմանը հատուկ պարգևներ ստացան կազմակերպություններ, որոնք աջակցում են մշակույթի զարգացմանը, ժառանգության պահպանմանը և արվեստի ստեղծմանը։
Պարգևատրվեցին վեց հիմնական անվանակարգերում, ինչպիսիք են՝ «Կայուն մշակույթ», «Ժառանգության պահպանում» և «Նորարարական կամուրջներ», ինչը գնահատանքի խորհրդանիշ էր մասնավոր հատվածի մշակութային ներդրումներին։
ՀԲԸՄ «Կատապուլտ» ծրագրի հետազոտության համաձայն, որին անդրադարձել էինք դեռ մայիսին, 2018 թվականից Հայաստանում մշակութային սպառումն ու պետական ֆինանսավորումը կրճատվել են, ինչը բացասաբար է անդրադարձել մշակութային զարգացման վրա։ 2021թ.-ին մշակութային ծախսերն ընդգրկել են ընդամենը 0.001%, ինչը շատ ցածր է եվրոպական միջինից։ Սա հատկապես կարևորվում է ԱՍԱ ֆորումի համատեքստում, որն ուղված է ոչ միայն մշակույթի զարգացմանը, այլև մասնավոր ներդրումների ու պետական աջակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։
ԱՍԱ ֆորումը մասնակիցների և արվեստի համայնքի համար բացահայտումների, նոր կապերի և փոխանակման եզակի հնարավորություն է։ Միջոցառումը ցուցադրեց մշակույթի ու բիզնեսի սերտ համագործակցության կարևորությունը՝ դառնալով ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների համար հարթակ, որտեղ քննարկվեցին մշակութային զարգացման առաջընթացի ուղիներն ու նորարարական լուծումները։
Մեկնաբանել