
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող ուժը. ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 54,086%-ը։ Այդ մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ չորս ընդդիմադիր խոշորագույն կուսակցությունները միասին ստանում են ձայների մոտ 37%-ը. «Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ 10,923%, «Միացյալ ազգային շարժում»`10,122%, «Ուժեղ Վրաստան»՝ 8,781%, «Գախարիան Վրաստանի համար»՝ 7,761%։
Ըստ նախնական արդյունքների՝ «Վրացական երազանքը» կստանա խորհրդարանի 150 մանդատներից 88-ը։ Սա բավարար չէ սահմանադրական մեծամասնության համար, սակայն բավարար է կառավարության ձևավորման համար։
Դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյան «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Միացյալ ազգային շարժում» քաղաքական ուժերը հայտարարել էին, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Նրանք ընտրական գործընթացն անվանել էին «սահմանադրական հեղաշրջում» և ազդարարել կիրակի օրվանից սկսած բողոքի մշտական ակցիաների անցկացման մասին։
Վրաստանում խորհրդարանական այս ընտրությունները շատ փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի («Վրացական երազանք») կամ էլ Եվրամիության հետ (ընդդիմություն) մերձեցման ընտրություն։
«Վրացական երազանքը», որը հիմնել է գործարար Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանում իշխանության ղեկին է 2012 թվականից։
Լուսանկարը՝ cepa.org-ից
Մեկնաբանել