
Գյումրու քաղաքապետը, անօթևաններին օգնելու փոխարեն, նրանց հայհոյել է սովորեցնում
«Փողոցում հայտնվելու վտանգն աչքերիս առաջ միշտ ենք ունեցել: 2007թ.-ից, ինչ իմացել ենք, օր շենքը տվել են Գյումրու հրշեջ փրկարարական ծառայությանը, ամեն տարի կսպասենք, թե երբ բդի մեզի գան հանեն, շպրտեն փողոց, որովհետև անօթևան չենք համարվի, օր տուն տան, մենք էլ օրվա հացի կարոտ, մեր ուժերով էդ տունը չենք կռնա առնի»,- ասում է Ժենյա Գրիգորյանը:
Գյումրու նախկին թիվ 11 դպրոցը երկրաշարժի ժամանակ վնասվել էր: Մի մասնաշենքն ու սպորտդահլիճի հատվածը հետագայում քանդել, տարածքն ազատել էին, իսկ երկհարկանի հատվածը, թեև կիսաքանդ, պահպանվել էր: 1992թ.-ից շենքը բնակեցվել է անօթևան ընտանիքներով: Առաջին բնակիչները նույն դպրոցի երկարամյա ուսուցչուհի Գարուլյա Հարությունյանի 6 անձից բաղկացած ընտանիքն էր: «Կարող եմ ասել, որ էս շենքը թալանից ու քանդվելուց մենք ենք փրկել: Եթե չգայինք, ապրեինք, էս էլ կքանդեին»,- ասում է նախկին ուսուցչուհին:
Հարությունյանները մեկ սենյականոց բնակարանի շահառու են: Արդեն մասնակցել են բնակարանների բաշխման համար անցկացվող վիճակահանությանը: Իրենց բաժին հասած տան մակերեսից են առայժմ դժգոհ. 40 քմ է ընդամենը, որտեղ 6 հոգով հաստատ չեն տեղավորվի: «Ես ստիպված բդի մնամ էս շենքի մեջ: Տղես իրա ընտանիքով կտեղափոխվի, բայց հըլը երբ, տեղյակ չենք: Մյուս կողմից էլ մեզի կհանեն ըստեղից: Մի կողմից պետության տված 40 քառակուսի մետրի վրա հնար չկա ըդքանով ապրելու, մյուս կողմից էլ, եթե ընձի հնարավորություն կուտան հին տեղն ապրելու, ապրածս տեղը թույլ չեն տա սեփականաշնորհելու, որովհետև վաճառված է»,- նեղսրտում է տիկին Գարուլյան:
Դպրոցից որպես հուշ մնացած երկհարկանի կառույցը աղբանոցի է վերածված եղել: Բնակիչները մաքրել են, կարգի բերել, կոյուղի անցկացրել, քիչ թե շատ հարմարեցրել բնակության համար: «Զարգարյան Չուբարը շենք կքանդեր, ես ու Ժենյան մեր կնիկմարդ հալով կամազը քար ենք բարձել 600 հատ, էն էլ ինչ քար, բազալտ: Հըմի լյուբոյ տղամարդուն ըսա, թե գնա քար բարձե, չի կրնա: Ես կամազի վրա եմ եղել, ինքը վարից տվել է, պանել ենք ջարդել, օր արմատուր հանենք, ծախենք, փող էղնի, բերենք էս մեր տուն կոչվածը քիչմ կարգի գցենք ապրինք: Հմի անտեր շան նման մեզի դուրս կհանեն ու սաղ տեղերից կըսեն՝ մեր գործը չէ: Ըբը ըդիկ պատասխան է, օր մեզի կուտան»,- հարցնում է Ժաննա Նավասարդյանը, ում ընտանիքը նախկին դպրոցի շենք է տեղափոխվել 2005թ.:
Տիկին Ժաննայի ընտանիքը տարիներ շարունակ գտնվել է մեկ սենյականոց բնակարանների տրամադրման հերթացուցակի 7-ի 09 կետում: Բնակարան ստանալու հույսով տնակից տնակ տեղափոխվելուց հետո առ ժամանակ ապրել են նաև Սավոյան փողոցում գտնվող հանրակացարանում: Տիկին Ժաննան ասում է, որ տարիների ընթացքում իր ընտանիքը հերթացուցակի 7-րդ կետից իջել է 29-րդ կետ: Իսկ այդ կետում հայտնվում են բնակարանի բարելավման սպասող ընտանիքները:
Կիսաքանդ շենքում ապաստան գտած 9 ընտանիքից բնակարանի շահառու է 3-ը: Նրանցից միայն երեք սենյականոցի շահառու Արմինե Գրիգորյանի ընտանիքն է, որ կիսվելու կարիք չունի: Արմինեի 6 անձից բաղկացած ընտանիքին պետության հատկացրած քառակուսին լիովին բավարարել է: «Գարուլյա տատի ու Ղազարյան Կառլենի ընտանիքը բդի կիսվին, մարդիկ մեկ սենյականոց կստանան, իրանք շատվոր, չեն կրնա տեղափոխվի,- զրույցը շարունակում է Ժենյա Գրիգորյանը:- Հմի կստացվի, օր ինչքան էլ էրթան, էլի էս շենքում 8 ընտանիք կմնա, որոնց ԴԱՀԿ-ն էգուց մեկել օրը ուզե-չուզե բդի վտարե, որովհետև մենք, փաստորեն, արդեն 6 տարի է, ուրիշի սեփականության մեջ կապրինք»:
Տարիներ շարունակ քաղաքապետարանի դռները մաշած քաղաքացիներին հիմնականում ընդունել է փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Լսել է, բանավոր պատասխանել բոլոր հարցումներին, հորդորել չանհանգստանալ: Ընդամենը մեկ ընդունելություն հնարավոր է եղել ունենալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մոտ:
«Ամոթ էլ է ըսելը, բայց բդի ըսեմ, Վարդան Ղուկասյանին օր դիմեցինք, ինքն էլ դառավ թե. «Օր գուկան ձեզի գուզենան հանել, ըսեք՝ «սիկտիր էղեք, գնացեք, չենք ելնի»: Գնացեք, խելոք մնացեք ձեր տեղերն ու չելնիք, եղավ: Օր եկան, շներով վռնդեք»»,-արդեն զայրացած պատմում է տիկին Ժենյան:- Բայց մենք շատ շնորհակալ ենք ընկեր Սարիբեկյանից՝ մեր փրկարարական վարչության պետից, օր ըսքան ժամանակ մեզի թողել է, մենք կապրինք՝ չնայած օրենքով 2006թ.-ից շենքն իրա սեփականությունն է: Մենք էլ կհասկնանք, օր օրմ չէ օրմ բդի դուրս գանք, բայց ուր էրթանք, ուրդեղ ապրինք, հեչ մարդ էդ հարցով մեզի չի օգնե, կամ մենք ինչխ անպատվենք էդ մարդկանց, ըբը ըդիկ ըսելու բան է, օր մեզի քաղաքապետը խորհուրդ կուտա, հետն էլ կզարմանա, թե «դուք ըդքան էլ խեղճ չեք, հըմի ինչի կխեղճնաք»:
Անօթևանի կարգավիճակ և փաստացի բնակության վայր չունեցող բնակիչներին, որոնց սպառնում է փողոցում հայտնվելու վտանգը, քաղաքապետարանում խորհուրդ են տվել լավ փնտրել քաղաքում, հարմար շենք գտնել, իրենք կաշխատեն տեղավորել բոլորին: Երկու անչափահասի մայր Կարինե Խաչատրյանն անցած երկու ամիսում հենց այդ գործով է զբաղվել:
«Լեննական էլ տեղ չմնաց, էլ բլած ու կիսաբլած շենք չմնաց, օր մեզի չղրգեին,- ասում է Կարինե Խաչատրյանը:- Բուլվարնի թաղամսի շենքերից մեկում էն ձևի քանդած մե տունմ առաջարկեցին, օր շունն էլ չէր էրթա ապրի: Հետո ես սկսեցի ինքս ինչ-որ հասցեներ գտնել, տանել իրանց ցույց տալ: Կանցներ քանիմ օր, կպարզվեր, օր էդ գտածս կամ տեր ունի, կամ արդեն ծախված է: Հիմի Կույրերի միավորման հետնամասում՝ նախկին մանկապարտեզի շենքում, ազատ սենյակ եմ գտել, քաղաքապետարան հայտնել եմ, բայց հլը պատասխան չունիմ: Կվախենամ, օր էդ էլ ծախեն ու մեզի տեղ չտան»:
Բնակիչներից կազմված պատվիրակությունն իրենց անհանգստացնող խնդրով օրերս կրկին այցելել է Գյումրու քաղաքապետարան: Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը բնակիչների ներկայությամբ զանգահարել է Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանին: Մանուկյանը Սարիբեկյանին առաջարկել է ընտանիքներին գումարային փոխհատուցում տալ՝ ասելով, որ 50/50-ի դեպքում գումարով կօգնի նաև քաղաքապետարանը: Սակայն Սարիբեկյանը հրաժարվել է` պատճառաբանելով, թե եթե գումար ունենար, ապա տարիներ ձգվող շինարարությունը կսկսեր իրեն հատկացված շենքում:
Հուսահատված ստեղծված անելանելի վիճակից՝ բնակիչներն այս անգամ պարտադրել են փոխքաղաքապետին, որ իրենց գրավոր դիմումին տա գրավոր պատասխան: Հուլիսի 25-ին ստացած պատասխանում քաղաքապետարանից պաշտոնապես տեղեկացրել են, որ թիվ 11 շենքը համայնքին չի հանձնվել ու չի պատկանում իրենց: Բնակարանների փոխհատուցման հարցով պետք է դիմեն Արտակարգ իրավիճակների նախարարություն և Շիրակի մարզպետարան:
Այստեղ զարմանալին այն է, որ շենքում բնակություն հաստատած ընտանիքները մինչև չեն ունեցել քաղաքապետարանի համապատասխան բաժինների թույլտվությունը, ժամանակին չեն կարողացել որևէ կիսաքանդ սենյակ զբաղեցնել շենքում: Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանը պաշտոնապես հայտնել է, որ շենքն իրեն չի հանձնվել, իր հաշվեկշռում չի եղել: «Մենք 4 տարի առաջ, օր գնացել էինք քաղաքապետարան, էլի էս հարցով, կարծեմ իրանց ֆինանսական բաժնում էր, հանեցին թուղթ ցույց տվեցին, օր մենակ դպրոցի սպորտդահլիճն է իրանց բալանսին, էն էլ դուք կտեսնիք, տեղը ազատ տարածություն է, ժամանակին քանդել են,- պատմում է տիկին Ժաննան:- Էս շենքն օդն էր ցնդել, իրանց մոտ գոյություն չուներ, բայց 2005թ. քաղաքապետարանի ներկայացուցիչն է եկել բացել էս սենյակի դուռն, օր մենք մտել-ապրել ենք»:
Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի փոխանցմամբ՝ 2006թ.-ից կառավարության որոշմամբ թիվ 11 դպրոցի մասնաշենքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է Գյումրու թիվ 2 փրկարարական ջոկատին: Երկար ժամանակ «Գյումրի-1» և «Գյումրի-2» ջոկատները գործում են Ռուսթավելի փողոցում գտնվող տարածքում: Մոտ 100 աշխատակից ունեն, պայմաններ չկան, նեղվածք է, ու հաստիքների կրճատումներից խուսափելու միակ միջոցը 6 տարի առաջ իրենց հանձնված տարածքի շահագործումն է լինելու: Մարատ Սարիբեկյանը նաև տեղեկացրեց, որ առայժմ շենքին կից հատվածում պիտի մեքենաների համար նախատեսված կայանատեղին կառուցեն: Բնակիչների հարցում դեռ կսպասեն: «Իմ ժողովուրդն է, մեր քաղաքի մարդիկ են, հո չենք հանելու փողոց շպրտենք: Պիտի սպասենք, տեսնենք՝ մարզպետարանն ու քաղաքապետարանն ինչ կանեն, վերջը էս մարդիկ իրանցն էլ են: Կամաց-կամաց ինչ-որ կացարանի ճար պիտի անեն, մարդիկ տեղափոխվեն»: Մարատ Սարիբեկյանը բացառեց փոխհատուցման տարբերակը: Իրենք գումարներ չունեն և չեն կարող այդ հարցում որևէ կերպ օգնել բնակիչներին:
Ի դեպ, Արտակարգ իրավիճակների նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի միջև դես ու դեն փոխանցվող բնակիչների նկատմամբ «ամենախելամիտ» որոշումը կայացրել էր մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: Նախ բնակիչներին մատնացույց էր արել 1999թ. կառավարության ընդունած 432 որոշումը, որի համաձայն՝ բնակարանով ապահովվում են միայն երկրաշարժին տուն կորցրած ընտանիքները, այս դեպքում խնդրահարույց 9 ընտանիքից 6-ը տվյալ չափանիշերին չի համապատասխանում, այնուհետև ուղղորդել էր քաղաքապետարան` ասելով. «Ձեր տերը համայնքն է ու համայնքապետը»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել