HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վայքի համայնքապետարանը սուբվենցիայի ծրագրերում ներդրումների իր մասը չի կարողանում ապահովել

2021թ․ դեկտեմբերի 20-ին Վայք համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Մխիթար Մաթևոսյանը սուբվենցիայի 5 ծրագիր էր ներկայացրել կառավարություն։  Հաստատված ծրագրերի բյուջեի հանրագումարը մոտ 804 մլն դրամ է կազմում, որից մոտ 400 մլնը համայնքի ներդրումը պետք է լիներ։

Ծրագրերից երկուսով Վայք քաղաքի փողոցների ասֆալտապատում էր իրականացվելու, համայնքի մի քանի գյուղերում ոռոգման ցանց պետք է կառուցվեր, երեք գյուղում՝ գազատար խողովակներ կառուցվեին։ Սուբվենցիայի ծրագրով նախատեսված Վայք քաղաքի փողոցների ասֆալտապատումն ավարտել են 2023թ․–ին։

Մյուս ծրագրերը՝ Բարձրունի գյուղում ոռոգման համակարգերի, Սարավան–Սարալանջ գազատարի ներքին ցանցի կառուցումը, տեղափոխել էին 2023թ․–ի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) մեջ, այնուհետև դարձրել 2024թ․–ի ՏԱՊ–ի առաջնահերթությունները, բայց մինչ օրս չեն իրականացրել։

2022թ․-ին հաստատված սուբվենցիայի ծրագրերը 

  1.   Վայք քաղաքի ներհամայնքային Մայիսյան փողոցի մասնակի վերանորոգում,  Շինարարների փողոց հատված  0+000 կմ+112 , 0+112կմ, 0+403 մասնակի վերանորոգում և Հերհեր բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի բյուջեն՝ 102 172 200, համայնքի ներդրումը՝ 56 194 710 դրամ, պետբյուջե՝ 45 977 490։
  2.   Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի «Շարաֆ սուլթան» և  «Մեշտեղ բանի» կոչվող հանդամասերում և Գոմք բնակավայրերի ոռոգման  ցանցերի կառուցման աշխատանքներ։ Ծրագրի բյուջեն՝ 118 211 500 դրամ, համայնքի ներդրումը՝ 41,374,025, պետբյուջե՝ 76,837,475։
  3.   Վայք համայնքի Մարտիրոս, Սերս և Բարձրունի բնակավայրերի ոռոգման ջրի ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի բյուջեն՝ 73 485 400 դրամ, համայնքի ներդրումը՝ 22 045 620 դրամ, պետբյուջե՝ 51,439,780 դրամ։
  4.   Վայք քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի, Ջերմուկի խճուղու, Փոռ բնակավայրի, Սարավան-Սարալանջ բնակավայրի գազատարեր տեղադրելու աշխատանքներ։ Ծրագրի բյուջեն՝ 76,014,720 դրամ, համայնքի ներդրումը՝ 34,206,624 դրամ, պետբյուջե 41,808,096 դրամ։
  5.   Վայք համայնքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատում Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 433,777,640 դրամ,  համայնքի ներդրումը՝ 238,577,702, պետբյուջե՝ 195,199,938 դրամ։

Համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու, Փոռ բնակավայրի, Սարավան-Սարալանջ բնակավայրերում գազատար կառուցելու աշխատանքներ» ծրագիրը չի իրականացվել «վերջնական  հաստատումը չունենալու  պատճառով»։ Մեկ անգամ ևս նշենք, որ նշված 5 ծրագրերը հաստատվելուց հետո հրապարակվել են ՏԿԵ նախարարության կայքում։ Հետևաբար, անհասկանալի է, թե դրանից հետո վերջնական հաստատումը ով և որտեղ է կատարում, որը չի արվել։

Համայնքապետարանն այս տարվա սեպտեմբերին է Բարձրունի գյուղի ոռոգման ջրի ջրագծերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու խորհրդատվական ծառայության համար պայմանագիր կնքել «ԱԼ–ՍՈ» ՍՊԸ–ի հետ։ Աշխատանքի վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2025թ․–ը։ Ծրագրում ներառված մյուս գյուղերի` Մարտիրոս, Գոմք, Սերս, ոռոգման ջրի ջրագծերը կառուցել են։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաստատված, բայց չիրականացված ծրագրերի փաստը շրջանցելով՝ 2023թ․–ին ևս երկու սուբվենցիայի ծրագիր է հաստատել Վայքում։ Երկու ծրագրերի համար համայնքը պետք է մոտ 60 մլն դրամի ներդրում կատարի։

  •   Վայք համայնքի Զառիթափի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի հիմնանորոգում, որի բյուջեն 53 091 660 դրամ է, համայնքի ներդրումը՝ 22 285 580 դրամ, պետական բյուջեից հատկացումը՝ 30 806 080 դրամ։
  •   Վայք համայնքի Արին-Կարմրաշեն բնակավայրերի խմելու ջրագծի, գլխամասային կառույցների հիմնանորոգման աշխատանքներ, որի բյուջեն 132 965 790 դրամ է, համայնքի ներդրումը՝ 39 889 737 դրամ, պետական բյուջեից  հատկացումը՝ 93,076,053 դրամ։

Համայնքապետարանն անցյալ տարվանից սկսել է զբաղվել Զառիթափ գյուղի 200 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի առաջին մասնաշենքի հիմնանորոգումով և դեռևս չի ավարտել։ Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ ՏԿԵՆ-ի, 64 մլն դրամ է, որի 70%–ը՝ մոտ 45 մլն դրամը, Կառավարության մասնաբաժինն է: Հետագայում ծրագրի արժեքը մոտ 11 մլն դրամով նվազեցվել է՝ 53 մլն դրամ, որտեղ համայնքի ներդրումը 22 285 580 դրամ է կազմում։  

Վայք համայնքի ղեկավար Մ. Մաթևոսյանը հայտնեց, որ համայնքի ներդրումն ապահովել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2023թ․ հոկտեմբերի 24-ին համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի միջև ստորագրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել մանկապարտեզի առաջին մասնաշենքը և ձեռք բերել անհրաժեշտ գույք։

Մյուս ծրագրում՝ Արին-Կարմրաշեն բնակավայրերի խմելու ջրագծի, գլխամասային կառույցների հիմնանորոգում, համայնքի ներդրումը մոտ 40 մլն դրամ է կազմում։ Համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլին Արին բնակավայրում 260 մ երկարությամբ հին և քայքայված խմելու ջրագիծը փոխարինել են նորով։ Գլխամասային կառույցների հիմնանորոգման աշխատանքները դարձյալ օրակարգում չեն։ Մ․ Մաթևոսյանն ասաց, որ ծրագիրն այս տարի չեն իրականացրել, սակայն խուսափեց խոսել պատճառների մասին։

Հասկանալի է, որ հաստատված ծրագրերն իրականացնելու համար համայնքը պետք է ներդրումներ կատարի։ Վայքի համայնքապետի ասելով՝ ծրագրերում ներդրումների իրենց մասնաբաժինը կարողանում են ապահովել, սակայն մեր ուսումնասիրություններով պատկերն այլ է։ Ծրագրերը հաստատելիս Կառավարությունը գուցեև շատ իրատեսական է համարում, որ գումարի 70%–ը պետական բյուջեից ապահովելու դեպքում, համայնքապետարանը 30% ֆինանսական ներդրումն ապահովելու դժվարություն չի ունենա։ Սակայն 2024թ․ բյուջեն կազմվել է՝ վարչական մասում ունենալով 2 մլն 300 հազար դրամի պակասուրդ, իսկ ֆոնդային բյուջեում՝ 60 մլն 130 հազար դրամի։

Տարեսկզբին ֆոնդային բյուջեում 10 մլն դրամ է եղել, սակայն 70 մլն 130 հազար դրամի ծախսեր են պլանավորվել։ 2024թ․ տարեկան բյուջեն հաստատելիս Վայք համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 2 մլն 300 հազար դրամն ուղղել են նախորդ բյուջետային տարվա չֆինանսավորված պարտավորությունների՝ էներգետիկ, կապի, կոմունալ ծառայությունների և այլ կրեդիտորական պարտքերի մարմանը։

Վայքի համայնքապետարանը 2023թ․ և 2024թ․ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ–վաճառքներ է իրականացրել, որից ստացված եկամուտը պետք է ուղղվի կապիտալ ծրագրերի իրականացմանը։ Այս տարի ավագանու որոշումով աճուրդի է դրվել 60 լոտ հողատարածք, որոնք գտնվում են Վայք քաղաքում և բազմաբնակավայր համայնքի տարբեր գյուղերում։ Ավագանին կադաստրային արժեքները հաստատել է որպես վաճառքի մեկնարկային գին։

2024թ․ տարեկան բյուջեում 15 մլն դրամ եկամուտ են պլանավորել հողի օտարումից։ Հունիսի 11-ին և հուլիսի 29-ին հայտարարված «բաց դասական աճուրդ–վաճառքի» ժամանակ 14 լոտ հողերի վաճառքի վերաբերյալ համայնքի ղեկավարի բոլոր որոշումներում նշվում է, որ հողամասերը վաճառվել են «աճուրդի  միակ մասնակցին»։ Այսինքն՝ սակարկություն տեղի չի ունեցել, հողերի արժեքը չի բարձրացել։

Կադաստրային արժեքով վաճառված հողամասերն առանձնապես եկամուտ չեն ապահովել համայնքի համար, 14 լոտ հողերի վաճառքից համայնքային բյուջե մուտք է եղել ընդամենը 6 մլն 685 700 դրամ։ Այս սկզբունքով են իրականացվել նաև 2023թ․-ի աճուրդները, բոլոր հողերի գնորդները «միակ մասնակիցներն» են, և այն գնել են կադաստրային արժեքով։ «Ինչպե՞ս եք ապահովելու ֆոնդային բյուջեի պակասուրդը»,- մեր հարցին համայնքի ղեկավարը պատասխանեց, որ վարչական բյուջեով հավաքագրված հարկերից տեղափոխելու են ֆոնդային բյուջե, աշխատանքները նոր են սկսել, դեռևս գումար չեն տեղափոխել։  

Այսպիսի ձախողված վարչարարություն իրականացնելով հանդերձ՝ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը պարբերաբար բնակիչներին ներկայանում է որպես բարերար։ «Անմասն չմնալով համայնքի բնակավայրերի խնդիրներից՝ համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի սեփական նախաձեռնությամբ, իր անձնական միջոցներով Զեդեա բնակավայրում կառուցել է 250 մ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ, կատարվել է նաև բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների հարթեցում և փոսալցում»,– տեղեկանում ենք համայնքի պաշտոնական կայքից։

Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում «բարեգործ» համայնքի ղեկավարի մասին գրառում է կատարել նաև Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը․ «Կոլեկտիվի և մեր սաների անունից ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Վայք համայնքի ղեկավար պարոն Մաթևոսյանին, մարզադպրոցի հարակից տարածքը սեփական նախաձեռնությամբ և միջոցներով բարեկարգելու և ասֆալտապատելու համար ․․․»։

Իսկ ինչպե՞ս են գոյանում համայնքի ղեկավարի «անձնական միջոցները», որով նա իր ղեկավարած համայնքում բարերար է ներկայանում։ Բիզնեսից համայնքի կառավարմանն անցած նորընտիր ղեկավարը միաժամանակ հաստատված 5 ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթությունը տվել էր փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներին։ «Հետքը» 2022թ․-ին պարզել էր, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Վայքի համայնքապետարանի հայտարարած գնումների հաղթողը Մխիթար Մաթևոսյանի ընկերությունն է։ Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո նա «Մավշին» ՍՊԸ–ում իր ունեցած բաժնեմասն ու կառավարումը հանձնել էր կնոջը՝ Մերի Մարգարյանին, որի հետ սուբվենցիայի ծրագրերով 4 պայմանագիր էր կնքել՝ ընդհանուր 488 մլն դրամի։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել «Հետքի» հրապարակման հիման վրա, այնուհետև քրեական վարույթ էր հարուցվել, որը հետագայում կարճվեց։ Այնուամենայնիվ, համայնքի ղեկավարի ընկերությունն այդ ընթացքում պայմանագրերից երկուսով շարունակել է աշխատանքներ իրականացնել։ 2022թ․ հունիսի 1–ին «Մավշին» ՍՊԸ–ն և համայնքապետարանը Վայք քաղաքում բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում փոսալցումներ կատարելու աշխատանքների համար 6 մլն 498 հազար դրամի պայմանագիր էին կնքել։ Նույն թվականի սեպտեմբերի 6–ին Վայք քաղաքում ասֆալտապատման աշխատանքների համար 394 881 470 մլն դրամի պայմանագիր էին կնքել։

Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) պահանջին՝ համայնքի ղեկավարը չի հայտարարագրել 2022թ․-ին իր կնոջ ընկերության և Վայքի համայնքապետարանի հետ կնքած պայմանագրերով 401 մլն դրամի եկամուտը։ Հիշեցնենք, որ ԿԿՀ–ն 2024թ․ ապրիլի 15–ին վարչական տույժ կիրառելու մասին որոշում է ընդունել Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ և 200 հազար դրամի չափով տուգանք է նշանակել։ Միաժամանակ, հնարավորություն է տվել եռօրյա ժամկետում ուղղում կատարել հայտարարագրում։ 

Մխիթար Մաթևոսյանը հանձնաժողովի ընդունած երկու որոշումները բողոքարկել է վարչական դատարան։ Հայցերից մեկով դատարանին խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 11.03.2024թ․-ի 02/2002-2024-Ա/Վ եզրակացության 21-րդ էջի նախավերջին պարբերությամբ արտահայտած դիրքորոշումը։ Դատարանն այս հայցով դեռևս վճիռ չի կայացրել։

Մյուս հայցը, որով պահանջել է անվավեր ճանաչել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 15.04.2024թ․–ի վարչական տույժ կիրառելու մասին որոշումը, դատարանը հոկտեմբերի 7-ին մերժել է։

Դատարանը նշել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 15.04.2024թ․–ի՝ վարչական տույժ կիրառելու մասին թիվ ՎԻՎ 65/2024 որոշումով հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության 2022թ․-ի տարեկան հայտարարագրում իր կնոջը պատկանող «Մավշին» ընկերության և Վայքի համայնքապետարանի միջև 5 մլն դրամը գերազանցող պայմանագրերի վերաբերյալ տվյալները չհայտարարագրելու համար: «Այդ փաստը հայցվորի կողմից հայցադիմումով և որևէ այլ կերպ չի վիճարկվել, ինչը նշանակում է, որ հայցվորը վիճարկվող վարչական ակտի հիմքում դրված զանցանքի՝ իր կողմից կատարված լինելու փաստի վերաբերյալ անհամաձայնություն չի հայտնել»,- ասվում է վճռում:

Դատարանը հայտնել է նաև, որ քննիչի 29.06.2023թ․-ի «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ հաստատված է համարվել 2022թ․ հունիսի 1-ին և 2022թ․ սեպտեմբերի 6-ին Վայքի համայնքապետարանի և Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի կնոջը պատկանող «Մավշին» ՍՊ ընկերության միջև պայմանագրեր կնքելու փաստը:

Վայքի համայնքապետը վարչական դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան։ 

Լուսանկարում՝ Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը/ համայնքապետարանի ՖԲ էջից  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter