3-4 տարվա ընթացքում «Ավանի աղի կոմբինատը» կհամալրվի նորագույն տեխնոլոգիաներով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։ Տիգրան Սարգսյանին ուղեկցել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ:
«Ավանի աղի կոմբինատ» ընկերությանը «Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկան շահագործման է հանձնվել 1969թ., և արդեն զգացվում է արտադրությունն արդիականացնելու, աշխարհում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներով հագեցնելու կարիք՝ արտադրանքի որակն ու մրցունակությունը պահպանելու համար։
Այդ պատճառով «Ավանի աղի կոմբինատը» համագործակցություն է սկսել աղի գոլորշիացման և բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած շվեյցարական «SEP» ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների զգալի տնտեսմամբ նոր գործարանի կառուցման նախագիծ։
«Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղը ստացվում է աղաջրից վակում-գոլորշիացման եղանակով, ինչի պատճառով ընկերությունը համագործակցություն է սկսել նաև ստորգետնյա հորերի ինժեներաերկրաբանական նախագծային գերմանական «DEEP» ընկերության հետ, որին էլ պատվիրել է աղի արտադրության հումքի՝ աղաջրի արտադրության և մաքրման նախագիծ։
Վերոնշյալ նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կլինի Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարվա ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել