HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշալույսի բնակիչները պատմում են խաղող աճեցնելու գաղտնիքներն ու նրբությունները

«Խաղողը պահանջում է խնամք շաբաթը յոթ օր»,- ասում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Կարապետը: Արշալույս համայնքում կան մոտ 86 հա խաղողի այգիներ, որոնց մշակությամբ զբաղվում են գյուղի բնակիչները:

Արդեն 20 տարի է, Կարապետը խաղող է մշակում ու հասցրել է յուրացնել գործի բոլոր գաղտնիքներն ու նրբությունները: Ամեն օր մինչև կհասունանա խաղողը, նա կնոջ՝ Գոհարի հետ շտապում է «բաղեր»:

Տեղ հասնելուն պես սկսվում է ամենօրյա գործը: Նրանք անցնում են բոլոր թփերի կողքով՝ տեսնելու, թե արդյոք չկա որևէ մոլախոտ, որը վնաս կհասցնի բերքին: «Բացի ջրից, սրսկումից, որ պետք է արվեն ժամանակին՝ պիտի բույսը մաքրենք խոտերից ու մատերից»,- բացատրում են նրանք:

Կարապետի ու Գոհարի ընտանիքում երեխաներից երկուսը ուսանող է, ու խաղողից ստացված գումարը նրանց ուսման նպատակով էլ օգտագործվելու է: «Գյուղացու գործը եկամտաբեր չի: Բացի լավ մշակությունից՝ բերքատվությունը կախված է եղանակից, կարկուտից, ջրից, էդ էլ մեր ձեռքում չի: Բայց, դե, պիտի մշակենք, ծախսերը շատ են»,- ասում են ամուսնինները:

Կարապետի դուստրը՝ Մարինեն, սիրում է հատկապես խաղողի բերքահավաքի շրջանը: Բուհում դասերից հետո տուն է շտապում, որ մասնակցի այդ արարողությանը: «Համ խաղողն է համով, համ էլ գործընթացն է հետաքրքիր: Մարդիկ հավաքվում են, ասում-խոսում, շատ ուրախ է անցնում»,- ասում է Մարինեն:

Խաղողի այգում առաջին հայացքից տարբերել չի լինում՝ որտեղ է ավարտվում մեկի սահմանը, ու սկսվում մյուսինը: Բայց գյուղացիներն անգիր գիտեն այգիների սեփականատերերին: Այստեղ անգամ փոքրիկ տնակներ են սարքել գիշերը մնալու և այգուն հետևելու համար:

Խաղողաթաղ, էտ, խաղողի մատերի մաքրում, բուժում. սրանք խաղողի մշակության փուլեր են, որ քաջ ծանոթ են Ռոզա տատին: Նա էլ է ապրում Արշալույսում և արդեն հաշիվը կորցրել է, թե քանի տարի առաջ է խաղողագործությունը դարձել իր կյանքի անբաժանելի մաս:

Թեև ընտանիքի մյուս անդամներն էլ են զբաղվում այս գործով, բայց նա նախընտրում է անձամբ գնալ ու հետևել բույսի աճին: «Այգու գործը հա կա, օրեկան էլ գնաս, գործը կա»,- ասում է Ռոզա տատը: Խաղողի մշակությունը լավ գործ է համարում, եթե լավ բերք է լինում: Իսկ դրա համար ընտանիքը ջանք չի խնայում:

Չնայած այգու մշակության համար պարարտանյութեր են անհրաժեշտ, սակայն Ռոզա տատի ընտանիքը խաղողի մշակության սեփական մեթոդներն ունի: «Մենք հլա էս տարի պարարտանյութ չենք տվել, ըստ մեր մշակության ա խաղողը աճում»,- ասում է Ռոզա տատն ու անհանգիստ նայում թփերին:

Նրա անհանգստության պատճառը ողկույզակերն է: Սա մանր որդ է, որը խաղողի առաջին թշնամին է. եթե մի խաղող կերավ, մյուսներին էլ է վարակում: Ողկույզակերից ազատվելու համար մեծ տարածքների բուժումն արվում է հատուկ տրակտորների միջոցով, բայց այս հարցում էլ Ռոզա տատի ընտանիքն իր մոտեցումն ունի: «Աշոտս (որդին է - հեղ.) էս ամբողջ բաղը ձեռով ա սրսկել. տրակտրիստը լավ չէր սրսկում, տալիս ջարդում էր»,- ասում է Ռոզա տատը:

Ինչպես մյուս խաղողագործները, այնպես էլ նա բողոքում է կարկտի հասցրած վնասներից: Նրա խոսքով՝ կարկուտը վնաս է հասցրել խաղողի բերքի կեսին: «Բայց դե չենք բողոքում էլի, տարին ինչ տա՝ տա, բալա ջան»,- ավելացնում է Ռոզա տատը:

Մարգարիտա Ղազարյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter