HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այս տարվա առաջին 9 ամիսներին Երեւան-Կապան-Երեւան չվերթից օգտվել է 899 ուղեւոր

Կապանի «Սյունիք» օդանավակայանը այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում սպասարկել է 899 ուղեւորի: Սրանք բոլորը Երեւան-Կապան-Երեւան չվերթի ուղեւորներ են, քանի որ օդանավակայանն այլ չվերթեր առայժմ չի սպասարկում: Ինչու՞ առայժմ, որովհետեւ ոչ հեռու ապագայում Սյունիքի մարզկենտրոնը կարող է միջազգային օդային դարպաս դառնալ մեր երկրի համար:

Տվյալները «Հետքը» ստացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:

Հիշեցնենք, որ կոմերցիոն ուղեւորափոխադրումները Կապանում մեկնարկել են 2023-ի օգոստոսից: Նախորդ տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Սյունիքը» հասցրել էր սպասարկել 207 ուղեւորի: Շուրջ մեկ տարի չվերթերն իրականացվում էին յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ, սակայն այս տարվա սեպտեմբերի 4-ից թռիչքներ կատարվում են նաեւ չորեքշաբթի օրերին: Այդուհանդերձ, միշտ չէ, որ չվերթերն իրականացվում են ըստ ժամանակացույցի, քանի որ ամեն ինչ կախված է եղանակից: Պատճառն այն է, որ դեպի Կապան չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), երբ պարտադիր պայման է բարենպաստ եղանակը: Ներկա պահին քայլեր են ձեռնարկվում՝ նաեւ սարքավորումներով թռիչքներ (IFR) իրականացնելու համար: 

Ստորեւ ներկայացվող գրաֆիկում կարելի է տեսնել այս տարվա առաջին 9 ամիսներին «Սյունիքի» ընդունած եւ ճանապարհած թռիչքների ընդհանուր քանակը: 

YUK Flights: 2024 (I-IX)
Infogram

Օգոստոս-սեպտեմբերի թռիչքների քանակական աճը բերել է նաեւ ուղեւորների թվաքականի ավելացման, ինչի արդյունքում այդ ամիսներին Կապանի օդանավակայանից օգտվողների ամսական ցուցանիշն անցել է 200-ից: 

Passengers: YUK (2024. I-IX)
Infogram

Հետաքրքիր է նաեւ, որ նշված 899 հոգուց 469-ը Կապանից է թռել Երեւան, իսկ 430-ը՝ Երեւանից Կապան: 

Հիշեցնենք, որ չվերթերն իրականացնում է երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունը իր միակ՝ 19 հոգու համար նախատեսված L-410UVP-E20 ինքնաթիռով: 

Վստահաբար կարելի է ասել, որ եթե «Սյունիքը» միջազգային օդանավակայանի կարգավիճակ ստանա, աճելու է թե՛ թռիչքների, թե՛ ուղեւորների քանակը: Մասնագետների կարծիքով՝ Կապանը կարող է կապող օղակ դառնալ Երեւանի ու, օրինակ, Թավրիզի միջեւ՝ ներգրավելով, մասնավորապես, իրանցի զբոսաշրջիկներին: Այս առումով պակաս կարեւոր հանգամանք չէ այն, որ 2022-ի հոկտեմբերից Կապանում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը: 

Լուսանկարում՝ L-410 ինքնաթիռը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնում է Կապան, 17.08.2023, աղբյուրը՝ primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter