
Հյուսիսային Կորեան մինչև վերջ կանգնած է Ռուսաստանի կողքին. ԿԺԴՀ ԱԳ նախարար
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին հայտարարել է, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժուման հենց սկզբից հրամայել է «անփոփոխ և հզոր» աջակցություն ցուցաբերել ռուսական բանակին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
«Հատուկ ռազմական գործողության (Ուկրաինա ներխուժման ռուսական պաշտոնական անվանումը՝ խմբ.) հենց սկզբից ԿԺԴՀ պետական գործերի ղեկավար, հարգարժան ընկեր Կիմ Չեն Ընը հրահանգել է, որ մենք, չնայելով ոչ մեկին, մշտապես և զորեղ աջակցենք, օգնություն ցուցաբերենք ռուսական բանակին և ռուս ժողովրդին՝ իրենց սրբազան պատերազմում»,- նշել է հյուսիսկորեացի նախարարը։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան «մինչև հաղթական օրը ամուր կկանգնի ռուս ընկերների կողքին»։
Հոկտեմբերի կեսերին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան զինվորականների է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար: Վերջինիս գնահատականներով՝ խոսքը 12 հազար զինծառայողի մասին է։ Պենտագոնի տվյալներով էլ՝ Հյուսիսային Կորեան 10 հազար զինվոր է ուղարկել ՌԴ։
Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ արդեն մոտ 8000 հյուսիսկորեացի զինվորական գտնվում է Կուրսկի մարզում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ առաջիկա օրերին այդ զորքերը կսկսեն մասնակցել ռազմական գործողություններին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «հյուսիսկորեական զորքերը դեռ մարտի չեն բռնվել, բայց դա օրերի, այլ ոչ թե ամիսների հարց է»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ հաստատել, ոչ էլ հերքել էր տեղեկությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին: Նա հայտարարել էր, որ Մոսկվան «երբեք չի կասկածել», որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը «լուրջ է վերաբերվում» Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին:
Լուսանկարը՝ Valery Sharifulin/TASS
Մեկնաբանել