
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին ռազմական պատասխանի վերաբերյալ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է պատասխան հարված հասցնել Իսրայելին՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության օբյեկտներին հասցված իսրայելական հարվածի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։
«Պետական որոշ պաշտոնյաներ և այլ անձինք կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց կառավարությունում և կառավարությունից դուրս այդ մարդիկ որոշումներ չեն կայացնում: Սիոնիստական ռեժիմին (Իսրայելին այսպես է անվանում Իրանը՝ խմբ.) ռազմական պատասխան տալու որոշումն արդեն ընդունվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից»,- Didban Iran պորտալին տված հարցազրույցում նշել է Քոսարին։
The New York Times-ն էլ նշել է, որ հրամանն անձամբ տվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին։
Քոսարին նաև նշել է, որ իսրայելական հարվածին Իրանի ռազմական պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլոր հարվածները և կիրականացվի դիմադրության առանցքի ուժերի մասնակցությամբ:
«Մերձավորարևելյան տարածաշրջանում դիմադրության խմբերը կմիավորվեն մեր զինված ուժերի հետ՝ Սիոնիստական ռեժիմին պատասխանելու համար: Հնարավոր է՝ գործողությունից առաջ դիմադրության առանցքի անդամներն իրենց կարծիքն ունենան դրա իրականացման վերաբերյալ, ուստի թող արտահայտեն մինչև վերջնական որոշում կայացնելը։ Այսպիսով, Իրանի ռազմական պատասխանը Սիոնիստական ռեժիմին անպայման կիրականացվի դիմադրության ուժերի հետ համատեղ»,- եզրափակել է Քոսարին։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել