
Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին և Ստամբուլի քաղաքապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայցեր է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի և այդ կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: A Haber հեռուստաընկերությունը, հղում անելով Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելին, հայտնել է, որ որպես բարոյական փոխհատուցում՝ Էրդողանը նրանցից յուրաքանչյուրից պահանջել է 1 միլիոն թուրքական լիրա (մոտ 29 հազար ԱՄՆ դոլար)։
Դատական հայցերի առիթ են դարձել հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Էրդողանի հասցեին ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները՝ կապված Էսենյուրթի շրջանային ղեկավար Ահմեթ Օզերի ձերբակալության հետ, որը մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ:
Վերջինս Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է։ Sözcü-ի փոխանցմամբ՝ Օզելը Էրդողանին անվանել էր բռնապետ, իսկ Ստամբուլի քաղաքապետը հայտարարել էր, որ նման քայլերով իշխանությունները «մութ նպատակներ են հետապնդում»։
Մեկնաբանելով Էրդողանի որոշումը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ այլ բան չէր էլ սպասում։ «Ակնհայտ է, որ իմ խոսքերն առաջացրել են նրա դժգոհությունը»,- Օզելի հայտարարությունը մեջբերել է հեռուստաընկերությունը:
Էսենյուրթի համայնքապետը ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին՝ դատախազության միջնորդության հիման վրա։ Ինչպես նշվում էր, իրավապահները տվյալներ ունեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության իշխող թևի ներկայացուցիչների հետ Օզերի բազմաթիվ հեռախոսազանգերի մասին։
Հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Ժողովրդահանրապետական կուսակցությունը կազմակերպել էր հանրահավաք՝ ի պաշտպանություն Ստամբուլի խոշորագույն այս համայնքի ղեկավարի:
Ժողովրդահանրապետական կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանի երկրորդ ամենախոշոր կուսակցությունն է։ Խորհրդարանի 600 մանդատից 128-ը պատկանում է այս կուսակցությանը։
Կոլաժը՝ birgun.net-ից
Մեկնաբանել