
Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Point-ը գրում է, որ ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 08:00) և կգործեն մինչև ժամը 21:00-ն (Երևանի ժամանակով՝ 22:00)։
Ընդհանուր առմամբ բացվել է 2219 ընտրատեղամաս, որոնցից 1988-ը գտնվում են Մոլդովայի տարածքում։ Եվս 231 ընտրատեղամաս բացվել է 37 երկրներում։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Մայա Սանդուն և Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Առաջին փուլի արդյունքներով Սանդուն ստացել էր ընտրողների ձայների 42,49%-ը, իսկ Ստոյանոգլոն՝ 25,95%-ը։
Ընտրությունների երկրորդ փուլը կհամարվի կայացած, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների առնվազն մեկ հինգերորդը։ Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կստանա ձայների մեծամասնությունը։
Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր հոկտեմբերի 20-ին։ Ընդհանուր առմամբ, դրան մասնակցել էր 11 թեկնածու, սակայն նրանցից և որևէ մեկը չէր կարողացել ստանալ անհրաժեշտ թվով ձայները։
Նախագահական ընտրությունների հետ միասին Մոլդովայում անցկացվել էր նաև Եվրամիությանը միանալու նպատակով սահմանադրության փոփոխման հարցով հանրաքվե։ Եվրաինտեգրացիային կողմ էր արտահայտվել քվեարկածների 50.35%-ը, իսկ դեմ՝ 49.65%-ը։ Գործող նախագահ Մայա Սանդուն կողմ է Եվրամիությանն անդամակցության գործընթացին։
Լուսանկարը՝ Vadim Ghirda/AP
Մեկնաբանել