
Քամալա Հարիսը քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը քվեարկել է նախագահական ընտրություններում։ «Ես հենց նոր քվեարկության համար լրացրել եմ իմ քվեաթերթիկը»,- Դետրոյթում եկեղեցական ժամերգությանը մասնակցելուց հետո լրագրողներին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ քվեաթերթիկն արդեն իսկ գտնվում է Միչիգանից Կալիֆոռնիա ճանապարհին, որը Հարիսի հայրենի նահանգն է։ Ստացվում է, որ ԱՄՆ փոխնախագահը քվեարկությանը մասնակցել է փոստային տարբերակով։
Մի քանի օր առաջ քվեարկել էր նաև Հարիսի կուսակիցը՝ գործող նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան ղեկավարը վաղաժամկետ քվեարկել էր Դելավեր նահանգում։ Բայդենը հույս էր հայտնել, որ դեմոկրատները կհաղթեն ընտրություններում։
Միացյալ Նահանգներում ընտրությունների հիմնական օրը կլինի նոյեմբերի 5-ը, սակայն ավելի քան 25 միլիոն մարդ արդեն իսկ իր ձայնը տվել է փոստային տարբերակով կամ էլ վաղաժամկետ քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերում։
Ընտրությունների նախորդ օրը, սակայն, դեռևս պարզ չէ, թե թեկնածուներից ով ունի առավելություն։ Հարցումների մի մասի համաձայն՝ ընտրողների մեծ մասը նախապատվությունը տալիս է Քամալա Հարիսին, մյուսներն էլ պնդում են Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Սակայն ընտրությունների ելքը կորոշվի տատանվող նահանգներում, այդ թվում՝ Փենսիլվանիայում, Նևադայում, Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում, Վիսկոնսինում և Միչիգանում, որտեղ չկա որևէ կուսակցության հեգեմոնիա։
Լուսանկարը՝ Erin Schaff/Getty Images
Մեկնաբանել