
Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի դրդում խաղաղության պայմանագրի հապճեպ կնքման. Լավրով
Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին ռուսական РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ողջունում ենք հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռք բերված էական առաջընթացը։ Հաշվի առնելով բազմամյա թշնամանքը, ռազմական գործողությունները, երկու կողմերի զոհերը՝ հասկանում ենք, թե որքան բարդ է Բաքվի և Երևանի համար կարգավորման հարցում առաջընթաց գրանցելը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Լավրովը նշել է, որ այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքերը՝ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, այլև՝ ժամանակ։ «Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք գործընկերներին չենք դրդում խաղաղության հապճեպ պայմանագիր կնքել»,- հավելել է նա։
Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը վստահ է, որ «վաղահաս խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համալիր հաշվի առնելու, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, այլ ընդհակառակը, լարվածության և հակամարտության հնարավոր էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր կստեղծի»:
Թեման եզրափակելով Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ և կայունությամբ։
Լուսանկարը՝ Turar Kazangapov/Reuters
Մեկնաբանել