
Գերմանիայում կազմալուծվել է իշխող կոալիցիան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որի հետ Շոլցը ձևավորել էր կոալիցիոն կառավարություն։ Ինչպես նշել է փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը, սա նշանակում է իշխող կոալիցիայի կազմալուծում։
Լինդները գլխավորում էր Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու «Կանաչների» հետ կազմավորել էր իշխող կոալիցիան։
Լինդների ազատումը տեղի է ունեցել տնտեսական բարեփոխումների և բյուջեի նախագծի շուրջ տարաձայնությունների ֆոնին:
Իր հերթին Օլաֆ Շոլցը հայտնել է, որ հունվարի սկզբին Բունդեսթագից կառավարության նկատմամբ վստահության քվե կխնդրի, իսկ եթե դա ձախողվի, ապա 2025 թվականի մարտին կկայանան արտահերթ ընտրություններ։
Արդեն իսկ կազմալուծված կոալիցիան ձևավորվել էր 2021 թվականին։ Այն ձևավորած կուսակցությունների միջև կանոնավոր տարաձայնությունների ֆոնին կոալիցիոն կառավարությունը չափազանց ցածր աջակցություն էր վայելում Գերմանիայի բնակչության շրջանում։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել