HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները

Կառավարության նոյեմբերի 7-ի նիստում հավանություն է տրվել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ստորեւ՝ նախագծի քննարկման մասին ԿԳՄՍՆ հաղորդագրությունը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության կարևոր  առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդերի զարգացման և ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է: Դրան են ուղղված բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և այլ ոլորտներում:

«Հարկ է նշել, սակայն, որ մինչև այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, դրա թիրախները, նպատակները, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին: Ներկայացված օրենսդրական փաթեթը կլրացնի այդ բացը. այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար»,-նշել է նախարարը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ օրենքի նախագծով պետական երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Պետական երիտասարդական քաղաքականության նպատակը ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորումն է, որը սեփական երկրում կընդլայնի իր բարեկեցությունն ապահովելու հնարավորությունները և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը:

«Օրենքի առկայությունը կնպաստի նաև Կառավարության ծրագրով նախատեսված  և արդեն մի քանի տարի իրականացվող երիտասարդական կենտրոնների ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի արդյունքում մարզերում արդեն իսկ գործում են Կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի գործակցությամբ ձևավորված 5 կենտրոններ՝ Իջևանում, Մեղրիում, Ապարանում Դիլիջանում և Վանաձորում։ Այս տարի դրանց կավելանան ևս չորս կենտրոններ տարբեր մարզերում. հաջորդ տարվա բյուջետային հայտում ամրագրված է ևս 6 կենտրոնի ձևավորում: Մյուս տարի կմեկնարկենք նաև բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոն, մշակույթի տուն, համայնքային գրադարան ձևաչափով: Օրենքի շնորհիվ երիտասարդական կենտրոնների այս քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ առումով ավելի հիմնավոր՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Այս կենտրոնները հասցեագրում են նաև, այսպես կոչված, ոչ մի տեղ չաշխատող և չսովորող երիտասարդների խմբերին, ինչը առավել կարևոր է, քանի որ նրանք դուրս են ինստիտուցիոնալ համակարգերի ուշադրությունից և այդ իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն»,-ընդգծել է նախարարը: 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով որպես երիտասարդների տարիքային շեմ առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով բազմաթիվ հանգամանքներ, որոնք հիմնված են թե՛ միջազգային պրակտիկայի, թե՛ մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի վրա: 

Նրա խոսքով՝ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ավելի մասնակցային միջավայր ունենալ, որտեղ տարբեր շահառուներ՝ քաղաքացիական հասարակությունը, առանձին երիտասարդների խմբեր հնարավորություն կունենան մասնակցել վարվող քաղաքականությանը: Օրենքի նախագծով սահմանվել են նաև պետական մարմինների և ՏԻՄ-երի՝ երիտասարդական քաղաքականության իրականացման լիազորությունները: Նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում պետական, բայց նաև համայնքային ու մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը ներառված է  ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։ 

«Օրենքի նախագիծը մշակվել և լրամշակվել է հանրային լայն մասնակցային գործընթացի միջոցով, այդ թվում՝ երիտասարդական կառույցների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավմամբ։ Ավելի քան երեք տասնյակ հանրային քննարկումներ են կազմակերպվել Երևանում և բոլոր մարզերում՝ շուրջ հազար երիտասարդի մասնակցությամբ։ Տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել,  և ապահովվել է միջազգային դրական կարգավորումներին համապատասխանությունը »,-զեկույցն ամփոփել է նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրել է օրենքի գործառույթների և  լիազորությունների հստակեցման, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների գործունեության հարցերը, որին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ իրավական առումով օրենքը ձևակերպում է պետական տարբեր մարմինների և ՏԻՄ-երի անելիքները և լիազորությունները, բայց այն նաև հստակ սահմանում է շահառու խումբն ու թիրախը, ինչը շատ կարևոր է. «Իրականում մենք տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը և նրանց աջակցությանը, սակայն կարևոր է երիտասարդներին որպես առանձին խումբ ունենալու համալիր մոտեցումը։ Օրինակ՝ չաշխատող և չսովորող երիտասարդների խումբը մեր բոլոր ծրագրերից, ըստ էության, դուրս է մնում: Օրենքը կնպաստի, որ այս խմբի հանդեպ ունենանք առանձնացված քաղաքականություն և կարողանանք սինքրոնացնել նաև տարբեր ոլորտների ծրագրերը։ Կարևոր եմ համարում նաև օրենքի առկայությունը ժողովրդագրական իրավիճակի տեսանկյունից. իրականում ծերացող հասարակության ներկա միտումները պահանջում են, որպեսզի պետություններն ունենան ավելի հստակ քաղաքականություն երիտասարդների խրախուսման և զարգացման ուղղությամբ, և օրենքն այդ իմաստով նաև գործիքակազմ է տալիս այդ խմբի հետ աշխատելու և տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով,  օրինակ՝ բնակարանային ապահովման հարցում երիտասարդ ընտանիքներին ավելի թիրախային աջակցության իմաստով»: 

Անդրադառնալով երիտասարդական կենտրոններին՝ նախարարը նշել է, որ դրանք ձևավորվում են պետության, համայնքի և մասնավորի համագործակցությամբ՝ մանրամասն ներկայացնելով դրանցից յուրաքանչյուրի մասնակցության ձևաչափերը և անելիքները:  

Օրենսդրական նախաձեռնության շրջանակում փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնք սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter