HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

ԲՀԿ-ական նախկին մարզպետի տեղակալը`քաղաքապետի թեկնածու

5 տարվա պաշտոնավարությունից հետո երեկ Լոռու մարզպետի տեղակալ ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել վարչապետին: Այսօր արդեն ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը:

Էդիկ Կարախանյանը ԲՀԿ-ի կողմից առաջադրվելու է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում: ԲՀԿ-ի հիմնադրման օրվանից`2006-ից կուսակցության անդամ է, իսկ 2007-ից  ղեկավարում է ԲՀԿ տարածքային գրասենյակը:

«Հետքի» հետ զրույցում վերջինս հաստատեց, որ իր քայլը ԲՀԿ-ական պաշտոնյաների մասսայական հրաժարականի դիմումներից մեկն է և կուսակցության որոշումը: Սակայն խուսափեց որևէ կերպ մեկնաբանել ԲՀԿ-ի այս քաղաքական քայլը: «Մեր`ԲՀԿ-ի ներկայացրած հայտարարագրում բոլոր պահերով ասված է, դրանից ավել ոչինչ չունեմ ասելու»,-նշեց մարզպետի նախկին տեղակալը:

Հիշեցենք, որ ավելի վաղ պաշտոններից հրաժարվելու դիմումներ ներկայացրած ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետներն իրենց նմանօրինակ քայլը պատճառաբանել էին ԲՀԿ-ի`կոալիցիոն կառավարության մաս չկազմելու հանգամանքով: «Հետքի»`ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ`կուսակցությունն ակտիվորեն նախապատրաստվում է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, և այս օրերին ամբողջ ռեսուրսը կենտրոնացնում է հենց այս ուղղությամբ: Որոշ համայնքներում ԲՀԿ-ն մրցելու է ՀՀԿ-ի հետ:

Վանաձորի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ-ի թեկնածու Էդիկ Կարախանյանը նույնպես համոզված է, որ հիմնական պայքարը իր և ՀՀԿ-ի թեկնածուի միջև է լինելու: ՀՀԿ-ն էլ, նրա կարծիքով`առաջիկա ընտրություններում դարձյալ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածությունն է պաշտպանելու: «Որովհետև քաղաքապետը ահագին`տարիների աշխատանքային փորձ, ջիղ ունի: Դե առայժմ ՀՀԿ-ի կողմից ուրիշ թեկնածուի անուն չեմ լսել»,-իր տեղեկությունը փոխանցեց Է. Կարախանյանը:

Նրա խոսքով`ինքն ու գործող քաղաքապետը լավ հարաբերությունների մեջ են, բայց դա չի խանգարի առաջիկա մրցակցությանը: «Իմ կողմից չի խանգարի,-հավաստեց նա,-Որ ֆուտբոլ խաղայինք, ու որևիցե մրցակից կրեր, ուրեմն մյուսը պիտի թշնամանար, ինչ տարբերություն»:

Այն, որ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը երկարամյա քաղաքապետ է ու նաև այս առումով բավականին լծակներ ունի վանաձորցիների վրա ներազդելու, նույնպես չի վախեցնում ԲՀԿ-ական թեկնածուին: «Դե ասենք աշխատողների քանակ, և այլն, բայց մեր կուսակցության թիվն էլ է մեծ`քաղաքում 16 հազար`նախկին 4 հազարի փոխարեն: Այսինքն`ԲՀԿ ընտրողների թիվը ավելացել է: Բայց միայն կուսակցությունը չէ. 48 տարի ապրել ենք այս քաղաքում, ունենք անցյալ, ծնողներ, ընկերներ, վաստակ ունենք այս քաղաքում»,-իր հնարավորությունները գնահատեց Է. Կարախանյանը:

Ըստ քաղաքում շրջանառվող խոսակցությունների` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի նաև ԲՀԿ-ական (հավանաբար`արդեն նախկին) Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արմեն Այվազյանը, ով, ի դեպ, խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն աշխատեց ԲՀԿ-ի համար: Հոր`Ստեփան Այվազյանի հետ ղեկավարում էր Վանաձորի ԲՀԿ տարածքային գրասենյակներից մեկը: ԲՀԿ-ի մյուս գրասենյակը Էդիկ Կարախանյանի ղեկավարությամբ էր գործում: Առաջիկա քաղաքապետի ընտրությանը մասնակցելու դեպքում Արմենը Այվազյանը ստիպված կլինի ընտրել ինքնառաջադրման տարբերակը, քանի որ ԲՀԿ-ն արդեն ընտրել է Վանաձորի քաղաքապետի իր թեկնածուին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter