Ոստիկանության պետը դատարանում վիճարկում է «լակոտ» բառի վիրավորական լինելը
Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Ոստիկանության պետը վիճարկում է հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: Արամ Հովհաննիսյանը պահանջում է «լակոտ» արտահայտությունը վիրավորական արտահայտություն չորակել և արձանագրել վարքագծի կանոնների խախտման բացակայությունը:
2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Նա այլ արտահայտություններ ևս հնչեցրել է անհնազանդության ակցիայի մասնակցած անձանց, ինչպես նաև Բագրատ Սրբազանի հասցեին, որոնք կարող են վիրավորական ընկալվել: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:
Հանձնաժողովն արձանագրել է, որ ոստիկանության պետի խոսքն ուղղված է եղել ոչ թե կոնկրետ անձի, այլ հավաքի մասնակիցներին՝ առանց հստակեցման: Սակայն, այդ վարքագիծը ևս անթույլատրելի է:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այլոց նկատմամբ բռնության գործադրումը կամ դրա փորձը, անհամատեղելի է ժողովրդավարական հասարակության հիմնասյուն հանդիսացող՝ իրավունքի գերակայության սկզբունքի հետ: Բացի այդ, այն լուրջ ռիսկեր է պարունակում հանրային իշխանության հեղինակությանը վնասելու տեսանկյունից:
Հանձնաժողովը եզրակացրել է, որ «լակոտ» բառը հայերենի մի շարք բացատրական բառարաններում, բացի իր առաջնային իմաստից՝ «շան ձագ», բացատրվում է նաև «ապօրինի ծնունդ», «անառակ», «շան տղա, շնից ծնված», «ստահակ», «գյադա» և այլն:
«Լակոտ» բառի վիրավորական բնույթը հաստատվել է նաև պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով մի շարք դատական գործերի շրջանակներում կայացված վճիռներով: Դատարաններն արձանագրել են, որ «լակոտ» բառը հանրային ընկալման տեսանկյունից բնութագրվում է հակաբարոյական և վիրավորական արտահայտություն է, քանի որ նսեմացվում են մարդու անձնային արժանիքները:
Այդ բառի թե՛ բառարանային, թե՛ հանրային ընկալումները համապատասխանում են դրա վիրավորական բնույթին, և այն կարող է օգտագործվել խոսքում իբրև մարդուն անարգող և անպատվող բառամթերք: Ըստ այդմ՝ հանձնաժողովն արձանագրել է, որ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի կողմից «լակոտ» բառի կիրառումն ունեցել է վիրավորական բնույթ, և կարող էր արատավորել հավաքի մասնակիցների արժանապատվությունը:
Արամ Հովհաննիսյանն իր բացատրության մեջ նշել է, որ «լակոտի պես» արտահայտությունով բնութագրել է ոստիկանության ավտոմեքենաների անիվները ծակողներին, սակայն Հանձնաժողովն այդ բացատրությունը հիմնավոր չի համարել, այն դիտարկել է որպես հավաքի մասնակիցներին ուղղված արտահայտություն:
Հանձնաժողովը, Արամ Հովհաննիսյանի կողմից Բագրատ Գալստանյանի հասցեին հնչեցրած «խուլիգանը դու ես» արտահայտությունը դիտարկելով ընդհանուր համատեքստում, արձանագրել է, որ նա նույն բառամթերքով պատասխանել է Բ. Սրբազան Գալստանյանին, թեև հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից ցանկացած վիրավորական արտահայտություն անընդունելի է: Սակայն, արձանագրվել է, որ ոստիկանության պետն այդ դրվագով չի հատել իրավաչափության սահմանները:
Լուսանկարում՝ Արամ Հովհաննիսյանը / © ՆԳՆ
Մեկնաբանել