HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյումրեցի 24-ամյա մոտոցիկլիստի գործը դատարան է ուղարկվել տուժող կողմի «համառության» շնորհիվ

Գյումրեցի 24-ամյա Ռոման Մանուկյանի ավտովթարի հետևանքով մահվան դեպքից անցել է մեկ տարուց ավելի: Տուժողները բարձրաձայնում են, որ այսօր գործը դատարան ուղարկելու վերջին ժամկետն էր, իսկ Շիրակի մարզի դատախազությունը չէր շտապում այն դատարան ուղարկել: Նրանք մտավախություն են ունեցել, որ վթարի մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակ է հետապնդվել՝ ժամկետների անցման հիմքով: Երեկ այցելել են Գլխավոր դատախազություն, իսկ այսօր վաղ առավոտյան նամակ են ուղարկել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի կանխվի մարզային դատախազի անգործությունը: «Հետքն» այդ մասին պարզաբանում ստանալու նպատակով ևս դիմել էր դատախազություն:

Գործը դատարան ուղարկելու մասին քննիչը տուժողի քրոջը՝ Անի Վարդանյանին բանավոր տեղեկացրել է այսօր երեկոյան:

Դեռ 2024թ. հունվարին «Հետքը» գրել էր, որ մոտոցիկլիստ Ռոման Մանուկյանի վթարի դեպքից անցել է 4 ամիս, սակայն նախաքննական մարմինը ոչ մի առաջընթաց չի արձանագրել: Մահացած տղայի հարազատները դեռ այն ժամանակ միտում էին տեսնում և հայտնում, որ քննիչն օգնում է վթարի մյուս կողմի մասնակցին: Դեպքից 4 ամիս անց փորձագետները չեն կարողացել զննել վթարի պատճառ դարձած Անդրանիկ Մկոյանի վարած էլեկտրական «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, քանի որ վկայի կարգավիճակ ունեցող Մկոյանը լքել էր երկիրը, իսկ առանց մասնագետի հնարավոր չէ բացել ավտոմեքենայի դռները: Տուժողի փաստաբանը կարծում էր, որ միտումնավոր ժամանակ են ձգում, որ անցնի վաղեմության ժամկետը, և Ռոման Մանուկյանի մահվան մեղավորները չպատժվեն:

Մեր հրապարակումից մեկ օր անց՝ հունվարի 17-ին, դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցեց Անդրանիկ Մկոյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նշենք, որ Անդրանիկ Մկոյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս, նախկինում մանկավարժության ամբիոնի վարիչ Արտաշես Մկոյանի որդին է:

Դեպքը տեղի է ունեցել 2023թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում: Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում միմյանց են բախվել «Աուդի» մակնիշի ավտոմեքենան և Ռոման Մանուկյանի մոտոցիկլետը: Ռոման Մանուկյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Սակայն քույրը՝ Անի Վարդանյանը, ասում է, որ եղբայրը տեղում է մահացել, հիվանդանոցում մահն է արձանագրվել: Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

Քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ, որ Անդրանիկ Մկոյանը դեպքի ժամանակ ավտոմեքենայով կտրուկ հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունների  ճանապարհահոսքերը բաժանող հոծ գիծը և մտել հանդիպակաց երթևեկելի գոտի: Ռոման Մանուկյանն էլ մոտոցիկլետով բախվել է հոծ գիծը հատած Անդրանիկ Մկոյանի «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի աջ հատվածին: Այս ամենն արձանագրվել է նաև տարածքում տեղադրված տեսախցիկով, որի տեսանյութն առգրավվել էր:

Այս ընթացքում արդեն գործը հսկող երեք դատախազ է փոխվել:

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Յայլոյանն ասում է, որ նախաքննությունը պետք է կատարվի որոշակի ժամկետում, և այդ ժամկետները հոսում են այն պահից, երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում: Անդրանիկ Մկոյանի նկատմամբ, երբ քրեական հետապնդում է հարուցվել, այդ պահից սկսած նախաքննությունը պետք է կատարվեր 6-ամսյա ժամկետում: Ըստ նրա՝ սա ողջամիտ ժամկետ է, որպեսզի անվերջանալի չձգվի անձի նկատմամբ հետապնդումը, և տուժողն էլ անվերջ չսպասի, թե երբ պետք է գործը տրամաբանական ավարտ ունենա: Այսօր լրանում է ժամկետը, և իրավապահ մարմիները մինչև վերջ լարվածության մեջ են պահել մահացած տղայի հարազատներին՝ պատճառելով հոգեկան տառապանք:

Վթարից մահացած Ռոմանի քույրը՝ ի սկզբանե հայտարարել էր, որ Անդրանիկ Մկոյանն ազդեցիկ բարեկամներ ունի, և նրանք կարող են ազդել գործի դատաքննության վրա: Վերջիններս նույնիսկ գնացել են վթարի զոհ դարձած Ռոմանի տուն, փորձել են համոզել հարազատներին, որպեսզի նրանք գնան վարույթն իրականացնող մարմին, ներկայացնեն, որ Ռոմանն է արագ վարել մոտոցիկլետը, ինչից հետո Մկոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Դրա դիմաց խոստացել են որոշ գումար:

Անի Վարդանյանը Հակակոռուպցիոն կոմիտե այդ մասին հաղորդում է ներկայացրել, որ փորձել են ազդել նախաքննության վրա: Քննիչները հիմնավոր փաստ չեն գտել, և այդ մասով քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ չի հարուցվել: 

Տուժող կողմի համար զուգադիպություն չէ, որ դրանից հետո ստացվել է դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որի մեջ եղել է նշում, թե իբր Ռոման Մանուկյանն արագ է մոտոցիկլետը վարել: Այսինքն՝ փորձագետը գրել է մի բան, որը համընկել է միջնորդական առաքելությամբ Մանուկյանների տուն գնացած անձանց տեսակետի հետ: Սա այն դեպքում, երբ փորձագետին հարց չի ուղղվել Ռոման Մանուկյանի կողմից մոտոցիկլետի արագության վերաբերյալ, ինչը նշանակում է, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: 

Դրանից հետո նշանակվել է դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային համալիր փորձաքննություն, որն, ըստ փաստաբան Թամարա Յայլոյանի, ձգձգվել է: Ամիսներվ գործը եղել է փորձագետների մոտ, և միայն վերջին օրերին են նկատել, որ որոշ փաստաթղթեր քննիչն իրենց չի ուղարկել:

Տուժողները սկսել են անհանգստանալ, երբ քրեական հետապնդման հետ կապված ժամկետների սպառման հարց է առաջացել:  

Փաստաբանի դիտարկմամբ՝ մինչև փորձագետի եզրակացության ստացումը գործը վերահսկող Շիրակի մարզի դատախազ Արամ Եդիգարյանը նորմալ ընդունել է տուժողներին, լսել է նրանց մտահոգություններն՝ ասելով, որ սպասում են եզրակացությանը: Սակայն, Անի Վարդանյանին անընդհատ ակնարկել է, որ գործը կարող է դատարան չհասնի: Մահացածի քրոջ պատմելով՝ դատախազը դեռ գործի նյութերին չծանոթացած կանխակալ կարծիք է հայտնել, թե Ռոմանն արագ է վարել: Սակայն, փաստ է, որ ավտովթարը եղել է մյուս կողմի խախտման հետևանքով, այլ ոչ թե մոտոցիկլի արագության: Այնուհետև տուժող կողմը սկսել է հետաքրքրվել, թե ինչու է ուշանում փորձագետի եզրակացությունը: 

Անի Վարդանյանի փոխանցմամբ՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից իրենց պատասխանել են, թե փորձաքննությանը գումարը չի վճարվել, այդ իսկ պատճառով չեն կարող եզրակացությունը տրամադրել: Տուժող կողմի մոտ կասկածներ կան, որ այդ ժամկետները ձգձգելու համար ևս որոշ ազդեցություն է գործադրվել:

Անի Վարդանյանը զանգահարել է Արդարադատության նախարարության թեժ գիծ, նամակ են ուղարկել՝ տեղեկացնելով խնդրի մասին: Պատրաստվել են գնալ նաև Փորձագիտական կենտրոն, այնտեղից զանգել են, թե՝ մի եկեք, եզրակացությունը տալիս ենք:

«Նույն օրը քննիչը գնացել, եզրակացությունը վերցրել է: Դրանից հետո ծանոթացրել է բոլորին, որպեսզի նախաքննության ավարտ հայտարարվի, և գործն ուղարկվի դատարան: Քննիչը կանչել է նաև Մկոյանին, նրա փատաբաններին, սակայն վերջիններս չեն ներկայացել: Քննիչն ուրիշ ի՞նչ պիտի աներ, գործընթացը տեսաձայնագրել էր, և գործն ուղարկել էր դատախազին»,- ասում է փաստաբան Թամարա Յայլոյանը: 

Տուժող կողմը դատախազի վարքագծի փոփոխություն է նկատել եզրակացությունը ստանալուց հետո: Այստեղ նույնպես կասկածներ ունեն, որ դատախազը հույս է ունեցել, թե եզրակացությունը ժամանակին չի ստացվի, ժամկետները կավարտվեն, և գործը դատարան չի հասնի, ամեն ինչ կբարդվի փորձագետների վրա ու դրանով կվերջանա: Սակայն, երբ մահացած Ռոմանի հարազատների ակտիվ ջանքերով եզրակացությունը ստացվել է, դատախազը սկսել է արդեն բացասական վարքագիծ դրսևորել տուժողների նկատմամբ: Որպես ասվածի տրամաբանական հիմնավորում՝ Անի Վարդանյանն նշում է, որ դատախազը որևէ ջանք չի գործադրել փորձաքննությունն անհարկի չձգձգելու և պատրաստ լինելուն պես ստանալու ուղղությամբ: 

Բացի այդ, Ա. Վարդանյանը պատմում է, որ Անդրանիկ Մկոյանի նկատմամբ կիրառված՝ «բացակայելու արգելք» խափանման միջոցը փոխելու և գրավ կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, առաջին ատյանը մերժել է այդ միջնորդությունը, իսկ Մկոյանի պաշտպանները բողոքարկել են վերադաս դատարան: Այդ ժամանակ Անի Վարդանյանը դարձյալ գնացել է դատախազություն, որպեսզի պարզի՝ արդյոք դատախազությունն առարկություն ներկայացրել է այդ բողոքի դեմ: Ի զարմանս տուժող կողմի, դատախազ Եդիգարյանը, ըստ մահացած տղայի քրոջ, պաստասխանել է, թե ինչ անենք, թող գրավ կիրառվի:  Մահացածի քրոջ փոխանցմամբ՝ դատախազն իր խոսքում նույնիսկ ակնարկել է, որ մեղադրյալը կարող է «չնստել»:

Իսկ կրկնակի փորձաքննության եզրակացությամբ ևս մեկ անգամ հաստատվել է, որ Անդրանիկ Մկոյանը ավտոմեքենան վարել է Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով, մեքենայով հատել է հոծ գիծը և դուրս եկել հանդիպակած երթևեկելի ուղեմաս, որտեղ էլ տեղի է ունեցել մոտոցիկլի հետ բախումը: Փորձագետը եզրակացրել է, որ դրանով է պայմանավորվել տվյալ պատահարի առաջացումը, Մկոյանն իրեն զրկել է այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Թամարա Յայլոյանն ասում է, որ ինքը, երբ ծանոթացել է գործի նյութերին, նկատել է, որ Անդրանիկ Մկոյանի փաստաբանները գրել են՝ ծանոթացել են եզրակացությանը, որը թերի է: Նրանց ուղարկվել է էլեկտրոնային եղանակով, և նույն եղանակով էլ փաստաբաններն արձագանքել են: Սակայն, դատախազ Արամ Եդիգարյանը, քննիչից մեղադրական եզրակացությամբ գործի նյութերը ստանալու հաջորդ օրը՝ 2024թ. նոյեմբերի 5-ին, նախաքննությունը շարունակելու նպատակով վերադարձրել է քննիչին: Դատախազն իր որոշման մեջ նշել է, որ չի պահպանվել նախաքննության կարգը, որևէ գրառում չկա կրկնակի փորձաքննության եզրակացությունը մեղադրյալին հանձնելու, վերջինիս կողմից այն ստանալու վերաբերյալ: Իսկ եզրակացությունը վերջինիս պաշտպանների էլեկտրոնային հասցեներին ուղարկված լինելու մասին դիտարկել է քրեադատավարական կարգավորումներին չհամապատասխանող: 

Դատախազը նշել է նաև, որ Ա. Մկոյանին մեղադրանք է ներկայացվել առանց պաշտպանի, ինչը տվյալ դեպքում պարտադիր է: Կազմվել է մեղադրանք ներկայացնելու մասին արձանագրություն, որտեղ միայն քննիչի ստորագրությունն է, և գրառումը, որ մեղադրյալը հրաժարվել է ստորագրելուց: Քննիչը տեսաձայնագրման ներքո չի պարզել հրաժարվելու պատճառները:

«Դատախազը ո՞նց կարող էր տեսած չլինել, որ փաստաբանները ծանոթացել են: Բացի այդ, որ ասում է պաշտպանի ներկայությամբ պիտի գործընթացը լիներ, ենթադրենք պաշտպանները դիտավորություն են ցուցաբերում, չեն գալիս՝ իմանալով, որ մի քանի օր է մնացել ժամկետների ավարտին, այդ դեպքում ի՞նչ պիտի անեն տուժողները: Նշանակում է նրանք այդ մի քանի օրվա վրա խաղալու են: Բոլորը մտածում են մեղադրյալի իրավունքի մասին, տուժողի իրավունքների մասին ո՞վ է մտածելու: Այդ տուժողն էլ իրավունք ունի, որ իր եղբոր վերաբերյալ գործն արդար քննվի և ողջամիտ ժամկետում մտնի դատարան, ու համապատասխան վճիռ կայացվի»,- նշում է փաստաբան Թամարա Յայլոյանը:

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Անի Վարդանյանն ու փաստաբան Թամարա Յայլոյանը եղել են նաև Գլխավոր դատախազության շենքում: Նրանց որևէ մեկը չի ընդունել, սակայն հեռախոսազրույցի ժամանակ դատախազության ներկայացուցիչներին փոխանցվել է, որ եթե գործը ժամանակին չուղարկվի դատարան, ապա պետության դեմ է բողոք ներկայացվելու:

«Ինձ չի հետաքրքրում, որ փորձագետները ծանրաբեռնված են, թող ստեղծեն նոր փորձագիտական հիմնարկներ: Ինձ չի հետաքրքրում, որ փորձագետը չի վճարվում, դա իմ խնդիրը չէ, թող պետությունը գումար հատկացնի, ժամանակին վճարեն: Ինձ չի հետաքրքրում, որ իր փաստաբանները զբաղված են, չեն ներկայանում: Ինձ հետաքրքրում է, որ գործով արդար դատաքննություն իրականացվի, և տուժողը տեսնի, որ սոցիալական արդարությունը վերականգնվեց, եղբոր մահվան համար որևէ մեկը պատասխանատվություն կրեց: Եթե մեղավորը չի ենթարկվում քրեական պատասխանատվության, ուրեմն պետությունն է կրելու դրա պատասխանատվությունը, թե բարոյական, թե նյութական վնասի հատուցման տեսանկյունից»,- ասում է Թ. Յայլոյանը:

Այսօր առավոտյան էլկտրոնային փոստով նույն մտահոգությունները փոխանցվել է նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Դրանից հետո միայն գործն ուղարկվել է դատարան: Փաստաբան Յայլոյանն ասում է, որ եթե Գլխավոր դատախազին չդիմեին, գործը դատարան չէին ուղարկի: 

Տուժող կողմն արդեն մտավախություն ունի, որ այսպիսի կողմնակալ վերաբերմունքով էլ դատախազը դատարանում պաշտպանելու է մեղադրանքը, և կանխատեսում են գործի՝ իրենց համար անբարենպաստ ելքը:

Հ.Գ. Հոդվածը հրապարակվելուց հետո Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ ժամկետի խնդիր չունեն, նոյեմբերի 8-ին գործն արդեն ուղարկվել է դատարան:

Մեկնաբանություններ (5)

Արմինե
Կաշառակեր հոր հղպացած տղան, որը գիտի իրեն թույլատրելի է ամեն ինչ, սրա նմանների պիտի պատժեն շատ խիստ
Վահան
Քույրը իրոք հերոսուհի է! Հուսանք, որ այդ վախկոտ վիժվածքը ի վերջո կստանա իրեն արժանի պատիժը։
Արամ
Օր օրի ավելանում են վթարները ու զոհերը, քանի որ օրենք չկա, Հայաստանում գործում է անպատժելիության օրենքը, եթե մեկը ունի մի փոքր հնարավորություն կարող է խուսափել պատժից անգամ են եթե փաստեր կան
Արամ
Անկախ պաշտոններից բոլորն էլ մարդ են, ու եթե տուժողի փոխարեն դատախազի տղան լիներ, անգամ եթե վթարը իր մեղրով լիներ, հակառակ կողմին ամեն ինչ կաներ որ նետեր, իսկ ես դեպքում հանցագործը կարող է պատասխանատվության չենթարկվել. Նմանների պատճառով է, որ օրեցօր ավելանում են վթարները ու անօրենությունները, անկախ պաշտոնից շատ կարեւոր է մարդ մնալ ու խիստ ոունենալ
Ալինա
Դրանց իրական դեմքը ցոից տվեցիք🔥🔥🔥

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter