Թրամփն ու Պուտինը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ռուսական կողմը հերքում է
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 7-ին։ Այդ մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջիններս պնդում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին կոչ է արել «Ուկրաինայում չսրել պատերազմը» և հիշեցրել Եվրոպայում ամերիկյան զորքերի «զգալի ներկայության» մասին:
Թրամփը և Պուտինը քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը, իսկ ԱՄՆ նախագահը հետաքրքրություն է հայտնել հակամարտության կարգավորման շուրջ հետագա բանակցությունների նկատմամբ:
WP-ի զրուցակիցները պնդում են, որ «մասնավոր զրույցներում» Թրամփը հասկացրել է, որ կաջակցեր գործարքին, որի դեպքում Ռուսաստանը կպահպանի բռնազավթված տարածքի մի մասը: Այդ հարցն իբր «հակիրճ» քննարկվել է նաև հեռախոսազրույցի ընթացքում։
WP-ի երկու աղբյուրները, որոնք ծանոթ են իրավիճակին, հայտնել են, որ Ուկրաինայի կառավարությունը տեղեկացվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին ու չի առարկել դրա դեմ։ Նրանց խոսքով՝ Կիևի պաշտոնյաները վաղուց հասկացել են, որ Թրամփը Պուտինի հետ փոխգործակցելու է Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման շուրջ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին Reuters գործակալությանը հայտնել է, որ Կիևը նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին:
«Հաղորդագրություններն այն մասին, որ ուկրաինական կողմը նախապես տեղեկացվել է ենթադրյալ զանգի մասին, կեղծ են։ Համապատասխանաբար, Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ հանդես գալ դրան»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։
Փոխարենը Կրեմլում հերքում են Թրամփ-Պուտին հնարավոր հեռախոսազրույցի փաստը։
«Հեռախոսազրույց չի եղել։ Սա տեղեկատվության որակի այն ցայտուն օրինակն է, որն այժմ երբեմն հրապարակվում է նույնիսկ բավականին հարգված պարբերականներում: Դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Դա զուտ հորինվածք է, պարզապես կեղծ տեղեկատվություն է»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
The Washington Post պարբերականի տվյալներով՝ այն օրը, երբ տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, ՌԴ նախագահը մասնակցում էր «Վալդայ» ակումբի նիստին: Այնտեղ նա հրապարակավ շնորհավորել էր Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հայտարարել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ կապեր հաստատելու պատրաստակամության մասին: Թրամփն էլ իր հերթին մամուլի միջոցով հայտարարել էր, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ, և, հավանաբար, դա շուտով տեղի կունենա:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ընտրություններում հաղթելուց հետո արդեն իսկ շուրջ 70 հեռախոսազրույց է ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Axios-ի տվյալներով՝ այդ հեռախոսազրույցին մասնակցել էր նաև Tesla-ի, SpaceX-ի և X-ի ղեկավար Իլոն Մասկը, որն ակտիվորեն մասնակցում էր Թրամփի քարոզարշավին։
Լուսանկարը՝ Bloomberg գործակալության
Մեկնաբանել