HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան». «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցը

«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպությունն  այսօր՝ նոյեմբերի 11-ին ներկայացրեց «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, որի վրա իր միջազգային և տեղական գործընկերների հետ աշխատել էր մեկ տարի։ Զեկույցի նպատակն է տալ հենց այդ հարցի պատասխանը՝ ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան։ Այն վկայությունների, բաց աղբյուրների, փաստահավաք տվյալների ամբողջացում է, որտեղ տեղ են գտել 330-ից ավելի խորացված հարցազրույցներ Լեռնային Ղարաբաղի տարբեր սեռատարիքային խմբերից ընտրված բնակիչների հետ։ 

Զեկույցի ներկայացման առթիվ հրավիրված ասուլիսում «Freedom House» կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը ներկայացրեց հետազոտության շարժառիթը։

«Այս զեկույցը ամփոփում է Ադրբեջանի կողմից հարձակումների, սպառնալիքների քաղաքականությունը, հիմնական իրավունքներից զրկումն ու, ի վերջո, 2023 թվականի սեպտեմբերի հարկադիր տեղահանությունը։ Այս գործողությունները պատահական կամ չնախատեսված հետևանքներ չեն, այլ միտումնավոր, ծրագրված և համակարգված ռազմավարության արդյունք, որի նպատակն էր անհնարին դարձնել էթնիկ հայերի ապրելն ու մնալը Լեռնային Ղարաբաղում» - ասաց Շիրինյանը։ 

Հետազոտության մեթոդաբանության մասին խոսեց գործընկեր «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Ալեն Շադունցը. «Մենք փորձել ենք համապարփակ ձևով պատասխանել այս հարցին, դուրս բերել վերջին 4 տարիների օրինաչափությունները, որոնց համադրությունը մեզ կփորձի ցույց տալ՝ արդյոք այս զարգացումների հետևում կա դիտավորություն, և արդյոք այն ամենը, ինչ մենք ուսումնասիրում ենք, կանխատեսված քաղաքականության հետևանք է։ Մենք փորձել ենք ցույց տալ սրանք զեկույցի մեջ և դրան տվել ենք իրավական գնահատական։ Մեթոդաբանության առաջին կարևոր հանգամանքը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց հետ խոսելն էր, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ ինչերի միջով են անցել։ Այստեղ տեղ է գտել նաև այն մարդկանց փորձառությունը, որոնք գտնվել են սահմանին մոտ, ավելի հեռու, ովքեր առնչություն են ունեցել ադրբեջանցի զինվորների և մի շարք այլ մարդկանց հետ»:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի» ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը խոսեց 2020 թվականի պատերազմից մինչև բլոկադան ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի գործողությունների մասին։ 

«Ադրբեջանի քաղաքականությունը շատ հստակ էր, շատ համակարգված ու ամբողջությամբ ուղղված էր նրան, որ աստիճանաբար հասներ մի իրավիճակի, որտեղ մարդիկ այլընտրանք չեն ունենա։ Այն ժամանակահատվածում, որը նախորդում էր շրջափակմանը, մենք տեսնում ենք մի շարք սպանություններ, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումներ, որոնք անհնար են դարձրել Լեռնային Ղարաբաղում ապրելը»,- ասաց նա։

«Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամի» ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը խոսեց շրջափակման մասին. «Այս գործողություններն ուղղված էին էթնիկ և պատմական հիմքի վերացմանը։ Փաստացի ապացույցը շրջափակման մեջ փակելն էր Լեռնային Ղարաբաղի քաղաքացիերին։ 9 ամիս տևած բլոկադայի ժամանակ խախտվեցին հիմնարար իրավունքներ, այդ թվում՝  կենսամակարդակի իրավունքը, տեղաշարժի իրավունքը, առողջության իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տարբեր զրկանքների միջով է անցել, շուրջ 120․000 քաղաքացիների մասին է խոսքը, որոնցից 30․000-ը երեխաներ, 20․000-ը՝ տարեց անձինք, 9000 հաշմանդամություն ունեցող անձինք»։

Արաքս Մելքոնյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունից, խոսեց 2023 թվականի  սեպտեմբերյան իրադարձությունների մասին, երբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները լքում էին իրենց բնակավայրերը։ 

«Շուրջ 330 հարցազրույցների մեջ, բոլորի պատասխաններում կարմիր թելով անցնում էր այն, որ անհնար էր նման պայմաններում ապրել։ Խուճապը, որը տարածում էր Ադրբեջանը, սպանություններն ու գլխատումները, տեղահանման ժամանակ սպառնալիքնները մտահոգություններ էին առաջացնում անվտանգության շուրջ։ Շատ կարևոր է արձանագրել, որ Ստեփանակերտում հավաքված անձինք այլևս հնարավորություն չեն ունեցել սեպտեմբերի 20-ից հետո վերադառնալ իրենց բնակավայրեր, որովհետև ադրբեջանցիները գրաված են եղել կամ ռուս խաղաղապահները խորհուրդ չեն տվել, հետևաբար սա ևս մի գործոն էր, որ անձինք չէին կարող վերադառնալ իրենց բնակավայրեր»։

«International partnership for human rights» կազմակերպությունից Սիմոն Պապուաշվիլին խոսեց արցախցիների տեղահանության իրավական կողմի և այն քայլերի մասին, որոնք Ադրբեջանի համար պատասխանատվություն կառաջացնեն։

Հիշեցնենք, որ զեկույցի ամփոփագիրը հրապարակվել էր 2024 թվականի հուլիսին, իսկ ամբողջական զեկույցը հրապարակվեց այսօր՝ անգլերեն լեզվով։

Ասուլիսից հետո զեկուցողները պատասխանեցին ներկաների հարցերին։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանը հետաքրքրվեց, թե ինչու արցախյան հասարակական կազմակերպություններն անմիջականորեն չեն ներգրավվել զեկույցի պատրաստման աշխատանքներում։ Քարամյանի խոսքով՝ իրենք, իրենց հարազատները և ծանոթները Արցախում տեղի ունեցածի ուղղակի կրողներն են և նրանց ներգրավումն ավելի արդյունավետ կդարձներ զեկույցի պատրաստումը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը պատասխանեց, որ արցախյան ՀԿ-ների հետ համագործակցություն եղել է, սակայն իրենք փորձել են ավելի մեծ ներառականություն ապահովել և չսահմանափակվել միայն ծանոթների փոքր շրջանակով։

Վերջում Անդրանիկ Շիրինյանը Ալեն Շադունցին խնդրեց անդրադառնալ նաև ադրբեջանական այն թեզին, որ այս զեկույցը չի կարող անաչառ լինել, քանի որ այն կազմել են հայերը։ Շադունցը ներկայացրեց այն խնդիրները, որոնք կարող էին առաջանալ, եթե զեկույցի վրա աշխատեին օտարերկրացիներ։ «Խնդիրներ էին առաջանալու հատկապես լեզվի հետ կապված։ Եթե հարցազրույցներն անցկացվեին թարգմանիչների օգնությամբ, դա առաջացնելու էր հավելյալ դժվարություններ։ Նաև՝ այն տեղեկությունը, որ մեր հայրենակիցներն ասել են մեզ, հնարավոր է՝ նրանց չասեին»,- ասաց Շադունցը։   

Սիլվի Շահբազյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter