Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուների հարցում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Ֆլորիդայից սենատոր, հանրապետական Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում: Այդ մասին հայտնում են The New York Times-ը, The Wall Street Journal-ը և Financial Times-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
The New York Times-ը գրում է, որ Թրամփը դեռ կարող է փոխել իր կարծիքը, քանի որ նրան դուր են գալիս նաև այլ թեկնածուներ, «բայց, ըստ երևույթին, պետքարտուղարի պաշտոնում կանգ կառնի Ռուբիոյի վրա, որին նա դիտարկում էր այս տարի փոխնախագահի իր թեկնածուին ընտրելու ժամանակ»:
Մարկո Ռուբիոն, որը Սենատի կազմում ընտրվել էր 2010 թվականին, կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ: Բացի այդ, նա հանդես է գալիս Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու օգտին, որպեսզի Կիևը բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։ Ռուբիոն պնդում էր, որ ԱՄՆ-ն ֆինանսավորում է փակուղու մեջ մտած այս պատերազմը, իսկ Ուկրաինայի վերականգնման համար 100 տարի կպահանջվի։
Բացի այդ, Մարկո Ռուբիոն ամերիկյան այն կոնգրեսականներից է, որն ունի հստակ հայամետ դիրքորոշում։ Դեռ 2022 թվականի սեպտեմբերին դեմոկրատ Բոբ Մենենդեսի հետ նա ներկայացրել էր երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը դատապարտում էր ադրբեջանական ուժերի ապօրինի և անհիմն հարձակումը Հայաստանի տարածքի վրա ու կոչ անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անվտանգության ոլորտի ամեն տեսակի աջակցություն Ադրբեջանին:
Ավելին, ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում սենատոր Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան։ «Սենատի իմ գործընկերները համակարծիք են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- պաշտպանության ակտի ընդունման առիթով X-ի իր միկրոբլոգում գրել էր Ռուբիոն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մայք Ուոլցին առաջարկել նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։
Ուոլցը Թրամփի աջակիցներից է։ Նա սատարում է ընտրված նախագահին անօրինական միգրացիայի հարցերում, կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի և Ուկրաինայի նկատմամբ: Ուոլցը նշել է, որ «դարաշրջանը, երբ Ուկրաինան Կոնգրեսից առանց գումարի նշման չեկ էր ստանում, ավարտվել է»։ Նա նաև կոչ էր արել «կանգնեցնել Ռուսաստանին նախքան ՆԱՏՕ-ին և, համապատասխանաբար, ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելը»։
Ռուբիոն և Ուոլցը դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս լուրերը։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է Էնթոնի Բլինքենը, իսկ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Ջեյք Սալիվանն է։
Իր նախագահական առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով չորս խորհրդականի է փոխել, որոնցից առաջինը աշխատեց ընդամենը 22 օր:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Դոնալդ Թրամփն արագորեն ձևավորում է իր ապագա թիմը: Այսպես, նոյեմբերի 11-ին Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիքին նա ընտրեց որպես ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ:
Կոլաժը՝ rediff.com-ից, ձախում Մայք Ուոլցը, իսկ աջում՝ Մարկո Ռուբիոն
Մեկնաբանել