HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինչև տարեվերջ պայմանագրի կնքումը կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար

Մինչև ընթացիկ տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական պայմանագրի ստորագրումը կախված է Երևանի դիրքորոշումից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում COP29-ի շրջանակներում։ Իսկ կլիմայական համաժողովին հայկական պատվիրակության բացակայությունը Բայրամովն անվանել է «բաց թողնված հնարավորություն»։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, բայց դեռ կան հարցեր, որոնք կարևոր է համաձայնեցնել։ Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն և Երևանը մոտեցել են երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական պայմանավորվածությանը։ Նրա խոսքով՝ հետագա քննարկումը կշարունակվի կլիմայական համաժողովից հետո:

Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին և Հայաստանին մնացել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մի քանի ձևակերպում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում երկու պետությունների ներկայացուցիչները կարող են հասնել վերջնական համաձայնության, որից հետո փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման:

Շարունակելով COP29-ին հայկական կողմի բացակայության թեման՝ Բայրամովը տարակուսանք է հայտնել, թե ինչու Երևանը չի մասնակցում այս համաժողովին։ «Հայաստանը հանել է իր վետոն։ Իսկ Ադրբեջանը համաձայնել է քվեարկել Արևելաեվրոպական բյուրոյի անդամի կարգավիճակում Հայաստանի թեկնածությանը։ COP-ի ներառականությունն ապահովելու համար ադրբեջանական կողմը հրավեր է ուղարկել Հայաստանին, ինչպես նաև անդամ մյուս կողմերին։ Չնայած հայկական կողմը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչներին, մենք չենք տեսնում նրանց մասնակցությունը համաժողովին։ Մենք հավատում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է»,- հավելել է Բայրամովը։

Լուսանկարը՝ Tapdiq Abdullayev/Photostock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter