HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակին

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

«Ուրախ եմ վերադառնալ Ստոկհոլմ և շարունակել մեր քննարկումները Հայաստան-Շվեդիա քաղաքական օրակարգի ընդլայնման, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ մեր երկխոսությունը, ինչպես նաև տեսնել համատեղ մշակված ծրագրերի արդյունքները և նախանշել նոր հեռանկարներ,» - հանդիպման մեկնարկին ընդգծել է նախարար Միրզոյանը։ Այս նպատակով կարևորվել են նաև միջխորհրդարանական ակտիվ շփումները, այդ թվում՝ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այս գործընթացում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների և ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու փոխադարձ հետաքրքրության վրա։

Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը՝ որպես տնտեսական զարգացման, հետևաբար նաև կայունության ապահովման գրավական։

Անդրադառնալով տարատեսակ մարտահրավերների հաղթահարման նպատակով ՀՀ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղղությամբ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter