HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնը կգլխավորի Fox News-ի հաղորդավարը, իսկ ԿՀՎ-ն՝ հետախուզության նախկին պետը. Թրամփի նոր կառավարությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր գալիք վարչակազմում առաջադրել է Պենտագոնի ղեկավարի (պաշտպանության նախարարի) և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի թեկնածությունները, իսկ գործարարներ Իլոն Մասկին և Վիվեկ Ռամասվամիին առաջարկել գլխավորել Կառավարության արդյունավետության հարցերով նոր դեպարտամենտը:

ԱՄՆ պաշտպանության նոր նախարար կդառնա ամերիկյան բանակի վետերան և Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթը։ ԿՀՎ-ն էլ կգլխավորի Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը: Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Հեգսեթի նշանակումն առանցքային է, սակայն շատերի համար այն անսպասելի էր։

Ինչպես հայտնում են CNN-ի աղբյուրները, ի տարբերություն շատ այլ թեկնածուների, որոնց Թրամփը նշանակել է իր վարչակազմի բարձրագույն պաշտոններում, ԱՄՆ նոընտիր նախագահը վերջին օրերին Հեգսեթի հետ չի հանդիպել Մար-ա-Լագոյում, որը Թրամփի կեցավայրն է։

«Փիթը կոշտ է, խելացի և անկեղծորեն հավատում է, որ Ամերիկան ամեն ինչից վեր է: Պենտագոնի ղեկավար Փիթի հետ Ամերիկայի թշնամիները կզգուշացվեն՝ մեր զինված ուժերը կրկին հզոր կլինեն, և Ամերիկան երբեք չի նահանջի»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ։

Ռեթքլիֆի մասին, որը նախկինում եղել է Տեխասից կոնգրեսական, Թրամփն ասել է, որ «ամերիկյան ժողովրդի համար նա միշտ եղել է ճշմարտության և ազնվության մարտիկ»:

Գործարար Իլոն Մասկին և Հանրապետական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամիին Թրամփն առաջարկել է համատեղ գլխավորել ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE).

«Միասին, այս երկու հիասքանչ ամերիկացիները ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ վերացնելու կառավարական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կարգավորումը, կրճատելու աննպատակ ծախսերը և վերակազմավորելու դաշնային գործակալությունները, ինչը «Փրկենք Ամերիկան» շարժման կարևորագույն պայմանն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ։

Թրամփի հայտարարության մեջ ասվում է, որ այս նոր կառույցը «համագործակցելու է Սպիտակ տան և արդեն գոյություն ունեցող բյուջետային գրասենյակի հետ՝ լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու համար»:

Հայտնի է նաև, որ Մասկն ու Ռամասվամին այդ աշխատանքը կկատարեն մինչև 2026 թվականի հուլիսը։ Պարզ չէ՝ դրանից հետո նրանց լիազորությունների ժամկետը կավարտվի, թե ոչ։

Ֆլորիդայից ներդրող Սթիվեն Ուիթքոֆն էլ Թրամփի նոր վարչակազմում կզբաղեցնի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը։ Թրամփի խոսքով՝ Ուիթքոֆը գործարար է, որի յուրաքանչյուր նախագիծ հաջողությամբ է ավարտվել։

Ուիթքոֆի կենսագրության մեջ նշվում է, որ նա Մերձավոր Արևելքում աշխատանքի փորձ չունի, ԱՄՆ-ում հիմնականում զբաղվել է անշարժ գույքի նախագծերով։ 

Բացի այդ, Թրամփը Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբիի թեկնածությունը։ «Արկանզասի մեծարգո նահանգապետ Մայք Հաքաբին առաջադրվել է Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Մայքն անխոնջ կաշխատի Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Թրամփը։

Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Հաքաբիի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, որը համընդհանուր ընտրությունների արդյունքում անցավ հանրապետականների վերահսկողության տակ։

Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիսթի Նոեմն էլ կնշանակվի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում։

«Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ նահանգապետ և Հարավային Դակոտա նահանգից նախկին կոնգրեսական Քրիստի Նոեմը նշանակվելու է ներքին անվտանգության նախարար: Քրիստին աչքի է ընկնում սահմանի անվտանգության հարցում շատ ուժեղ դիրքորոշմամբ։ Նա առաջին նահանգապետն էր, ով Ազգային գվարդիայի ծառայողներին ուղարկեց օգնելու Տեխասին՝ Բայդենի ստեղծած սահմանային ճգնաժամի դեմ պայքարում»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ։

Թրամփը հույս է հայտնել, որ ապագա նախարարը կհամագործակցի Թոմաս Հոմանի հետ, որը նոր վարչակազմում պատասխանատու կլինի սահմանների անվտանգության և ապօրինի միգրանտների արտաքսման համար։

Կոլաժում ձախից աջ՝ Ջոն Ռեթքլիֆը, Դոնալդ Թրամփը և Փիթ Հեգսեթը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter