
Հյուսիսկորեացի զինվորականները սկսել են մասնակցել Կուրսկի մարզի մարտական գործողություններին. ԱՄՆ Պետքարտուղարություն
Հյուսիսկորեացի զինվորականները ռուսական զորքերի կազմում սկսել են մասնակցել Կուրսկի մարզի մարտական գործողություններին։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը։
«Հյուսիսային Կորեայից ավելի քան 10 հազար զինվոր է ուղարկվել Ռուսաստանի արևմուտք, ու նրանց մեծ մասը տեղափոխվել է Կուրսկի մարզի արևմուտք, որտեղ նրանք ռուսական ուժերի հետ սկսել են մասնակցել ռազմական գործողություններին»,- հայտարարել է Փաթելը։
The New York Times-ի տվյալներով՝ Կուրսկի մարզում ռուսական զինուժը կենտրոնացրել է շուրջ 50 000 զինվորականի, որի կազմում, բացի ռուսաստանցի զինվորականներին, կան նաև Հյուսիսային Կորեայի զինուժի ներկայացուցիչներ։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին խմբավորումը լայնածավալ հակահարձակում է սկսելու Կուրսկի մարզում, որը մասամբ գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո:
The New York Times-ի զրուցակիցները պնդում են, որ ներկայումս Հյուսիսային Կորեայի զինվորականները մարտական պատրաստություն են անցնում Կուրսկի մարզի արևմտյան հատվածում։
Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների առկայության մասին դեռ հոկտեմբերի վերջից հայտնում էին Ուկրաինան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ն։ Նրանց տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մոտ 12 հազար զինծառայող։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն իսկ ռազմական բախման մեջ են մտել հյուսիսկորեացիների հետ: Նա նաև հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորականներն արդեն առաջին կորուստներն են կրել Կուրսկի մարզում:
Լուսանկարը՝ Kim Won Jin/Getty Images
Մեկնաբանել