HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուբիո, Գաբարդ, Գեյթս. Դոնալդ Թրամփը հայտարարել է իր ապագա վարչակազմի նոր անդամների մասին

Ինչպես և կանխատեսում էին ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ նոր պետքարտուղար կդառնա Հանրապետական կուսակցությունից սենատոր Մարկո Ռուբիոն, որը հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ և գործողություններով։

Հունվարին, երբ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ստանձնի նախագահի պաշտոնը, Ռուբիոն կդառնա առաջին լատինաամերիկացին, որը կգլխավորի ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Մարկո Ռուբիոն, որը Սենատի կազմում ընտրվել էր 2010 թվականին, կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի և Կուբայի նկատմամբ: Բացի այդ, նա հանդես է գալիս Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու օգտին, որպեսզի Կիևը բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։ Ռուբիոն պնդում էր, որ ԱՄՆ-ն ֆինանսավորում է փակուղու մեջ մտած այս պատերազմը, իսկ Ուկրաինայի վերականգնման համար 100 տարի կպահանջվի։

Հանրապետական կուսակցությանը հարող Fox News հեռուստաընկերության մեկնաբան և նախկին կոնգրեսական Թալսի Գաբարդն էլ կստանա Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Գաբարդը մշտապես դեմ էր արտահայտվում Կիևին ռազմական օգնության հատկացմանը։ 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա, նա X-ի իր միկրոբլոգում գրել էր. «Այս պատերազմից և բոլոր տառապանքներից կարելի էր հեշտությամբ խուսափել, եթե Բայդենի վարչակազմը և ՆԱՏՕ-ն պարզապես ընդունեին անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հետ, ինչը կնշանակեր ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը հենց Ռուսաստանի սահմանին»։ Ի դեպ, Գաբարդը, ով նախկինում Դեմոկրատական կուսակցության անդամ էր, ժամանակին այցելել է Հայաստան և Արցախ։

2017 թվականին նա այցելել էր Սիրիա և հանդիպել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։

Կոնգրեսական Մեթ Գեյթսն էլ կգլխավորի ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, այսինքն՝ կզբաղեցնի ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը։ Նրա թեկնածությունը հավանաբար լուրջ քննարկումների պատճառ կդառնա, քանի որ Գեյթսը կասկածվում էր հանցագործությունների մեջ, սակայն բավարար ապացույցների պատճառով նրա նկատմամբ մեղադրանք չառաջադրվեց։

42-ամյա Գեյթսը 2017 թվականից Կոնգրեսի անդամ է։ Նա ԱՄՆ Կոնգրեսում Թրամփի ամենահավատարիմ աջակիցներից մեկն է, ով իրեն անվանում է «պոպուլիստ լիբերտարիան»։

Նա կասկածվում էր սեռական շահագործման նպատակով երեխաների ապօրինի տեղափոխման մեջ։ Արդարադատության նախարարությունը հրաժարվել էր նրան մեղադրանք առաջադրել, սակայն Գեյթսի նկատմամբ շարունակվում է Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի հետաքննությունը:

2023 թվականի հոկտեմբերին Գեյթսը նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից իր կուսակից Քևին Մաքքարթիի պաշտոնանկության գլխավոր նախաձեռնողն էր։

Ինքը՝ Մաքքարթին, ասել էր, որ իր պաշտոնանկության նախաձեռնությունը կարող է կապված լինել այն բանի հետ, որ կոնգրեսականները որոշել են հետաքննել Գեյթսի գործունեությունը։ 

Թրամփի նոր վարչակազմի անդամների թեկնածությունները դեռ պետք է հաստատի ԱՄՆ Սենատը:

Կոլաժում ձախից աջ՝ Մեթ Գեյթսը, Թալսի Գաբարդը և Մարկո Ռուբիոն/detroitnews.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter