HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատվաստանյութերի դեմ հանդես եկող գործիչը կարող է դառնալ ԱՄՆ առողջապահության նախարար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ որոշել է Ռոբերտ Քենեդի կրտսերին նշանակել ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար։

«Շատ երկար ժամանակ ամերիկացիները տառապում էին արդյունաբերական սննդի համալիրից և դեղագործական ընկերություններից, որոնք խաբում, մոլորեցնում և ապատեղեկացնում էին հանրային առողջության խնդիրների մասով»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 14-ին հրապարակվել է X-ի իր միկրոբլոգում։

Թրամփը կարծում է, որ Քենեդին «վերջ կդնի քրոնիկ հիվանդությունների համաճարակին և Ամերիկան կրկին կդարձնի մեծ ու առողջ»։

Ռոբերտ Քենեդի կրտսերը, մեկնաբանելով Թրամփի որոշումը, հայտարարել է, որ պայքարելու է «քրոնիկ հիվանդությունների համաճարակի» դեմ, առողջապահության նախարարության կողմից վերահսկվող գերատեսչություններին ազատելու է կորպորացիաների «խեղդող ամպից» և արմատախիլ է անելու կոռուպցիան:

Քենեդիի նշանակումը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը, որտեղ մեծամասնություն ունի Հանրապետական կուսակցությունը։ The Hill-ը գրում է, որ Քենեդիի թեկնածության առաջադրմանը դեմ են արտահայտվել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։ 

«Հիմնական գիտական փաստերի վերաբերյալ Քենեդիի ծիծաղելի տեսակետները տագնապալի են և պետք է անհանգստացնեն բոլոր ծնողներին, ովքեր ակնկալում են, որ դպրոցներն ու հասարակական այլ վայրերն անվտանգ կլինեն իրենց երեխաների համար»,- հայտարարել է Օրեգոնից սենատոր Ռոն Ուայդենը։

Վաշինգտոնից սենատոր Փաթի Մյուրեյն էլ իր հերթին Թրամփի կողմից Քենեդիի ընտրությունն անվանել է «վտանգավոր»։ Նրա խոսքով՝ առողջապահության նախարարի պաշտոնում Քենեդի կրտսերի հաստատումը «աղետալի կլինի միլիոնավոր ընտանիքների առողջության համար»։

Մյուրեյը Քենեդիին անվանել է դավադրության տեսությունների կողմնակից, որը «Ամերիկան հետ է շպրտելու հանրային առողջության, վերարտադրողական իրավունքների, հետազոտությունների և նորարարությունների առումով»:

Ռոբերտ Քենեդի կրտսերը ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին է։ 2023 թվականի հոկտեմբերին նա որոշեց մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես անկախ թեկնածու, սակայն 2024 թվականի օգոստոսին դադարեցրեց իր նախընտրական քարոզարշավը ու իր աջակցությունը հայտնեց Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ 

​​Քենեդին հայտնի է նաև պատվաստանյութերի դեմ իր դիրքորոշմամբ ու հայտարարություններով։ Նա պնդում էր, որ սնդիկ պարունակող թիոմերսալ միացությունը, որն օգտագործվում է պատվաստանյութերում, հանգեցնում է աուտիզմի սպեկտրի խանգարման:

2016 թվականին հրատարակված «Պատվաստանյութերի չարագործները» գրքում Քենեդին դեղագործական ընկերություններին մեղադրել էր պատվաստումների վտանգը թաքցնելու մեջ։ Քենեդին ակտիվորեն դեմ էր կորոնավիրուսի դեմ պատվաստմանը և պնդում էր, որ դրա դեմ պատվաստումները հանգեցրել են ավելի քան 1500 մարդու մահվան:

Ինչպես նշում է The Hill-ը, Քենեդին հայտարարել է, որ ցանկանում է արգելել ԱՄՆ-ում խմելու ջրի մեջ ֆտորի ավելացումը: Նրա դիրքորոշումն անհանգստացնում է առողջապահության ոլորտի պաշտոնյաներին, ովքեր կարծում են, որ ֆտորի հավելումն օգնում է նվազեցնել ատամների քայքայման վտանգը։

Լուսանկարը՝ Tom Williams/CQ Roll Call

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter