HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ «Հրապարակ»-ի թղթակցի նկատմամբ կիրառված բռնության առնչությամբ

Մի շարք լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Լուսինե Շահվերդյանի նկատմամբ կիրառված բռնության առնչությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպք է տեղի ունեցել։ Երբ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Լուսինե Շահվերդյանը փորձել է մեկնաբանություն վերցնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից, մոտակայքում գտնվող ՊՊԾ աշխատակիցը որոշել է, որ պաշտոնյան չի ուզում շարունակել զրույցը, և բռնելով լրագրողի ձեռքը՝ մի կողմ է քաշել նրան։ Ընդ որում՝ դա արել է այնպես, որ Լուսինե Շահվերդյանի ձեռքի վրա կապտուկ է առաջացել։ Փաստը տեսագրված է և առկա է համացանցում։ Ա

Սա առաջին դեպքը չէ, երբ անվտանգության ծառայողները առերևույթ ինքնիրավչություն են դրսևորում և խոչընդոտում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների օրինական գործունեությունը։ Ամենացցուն  օրինակներից է՝ երբ նիստերի դահլիճում իրավիճակը թեժանում է, և պատգամավորները ձեռնամարտի են անցնում, ՊՊԾ աշխատակիցները ներխուժում են մամուլի օթյակ, ստիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դուրս գալ այնտեղից և դադարեցնել նկարահանումները։ Արձանագրված են նաև մի շարք այլ նման դեպքեր։

Ինչ վերաբերում է «Հրապարակի» թղթակցի նկատմամբ կիրառված բռնությանը, ապա առնվազն անհասկանալի են մնում ՊՊԾ աշխատակցի գործողությունների շարժառիթները․ ինչո՞ւ է ծառայողը միջամտում լրագրողի և նախարարի զրույցին, եթե վերջիններից ոչ մեկը նրա «օգնության» կարիքը չի ունեցել և նրան չի դիմել, ո՞վ է թույլ տվել, որ այդ ծառայողն ականջ դնի լրագրողի և նախարարի խոսակցությանը, և վերջապես ո՞վ է նրան իրավունք տվել որոշելու, թե ԱԺ-ում հավատարմագրված թղթակիցը որ հարցից հետո պետք է ուժի գործադրմամբ հեռացվի զրուցակցից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում խորհրդարանում լրագրողի աշխատանքի խոչընդոտման հերթական փաստի կապակցությամբ, խստորեն դատապարտում ենք նրա հանդեպ կիրառված բռնությունը և պահանջում ենք․

  • ՊՊԾ-ից՝ անհապաղ նախաձեռնել ծառայողական քննություն անվտանգության այն աշխատակցի կամ աշխատակիցների նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել տվյալ միջադեպին և առերևույթ չարաշահել են իրենց լիազորությունները,
  • ԱԺ ղեկավարությունից՝ աշխատանք տանել ՊՊԾ-ի հետ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնելիս չհատեն թույլատրելիի սահմանները և չխոչընդոտեն լրագրողների օրինական գործունեությունը»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Գլխավոր լուսանկարը՝ «Հրապարակ» օրաթերթի կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter