
Հայաստանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ
Հայկական կողմի հայտարարությունները խոսում են Երևանի կողմից ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից հեռու մնալու մասին։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։
Ռուսաստանցի պաշտոնյային հարցրել են, թե արդյոք կան շանսեր, որ Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը: «Հարցն ուղղեք հայկական կողմին։ Սակայն դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ այդ երկիրն այս փուլում հեռանում է տարբեր մակարդակներում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցությունից»,- նշել է Պանկինը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը:
Լուսանկարը՝ РИА Новости / Наталья Селиверстова
Մեկնաբանել