HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին ի սկզբանե հայտնել էր գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականը։

Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 2-ին։ 

Reuters-ի տվյալներով՝ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ։

Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցի փաստը հաստատել են նաև Գերմանիայի կառավարությունում։ Հաղորդագրության համաձայն՝ Գերմանիայի կանցլերը Պուտինին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան և այդ երկրի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը:

Նա նաև «Ռուսաստանին կոչ է արել պատրաստ լինել Ուկրաինայի հետ բանակցություններին՝ արդար ու տևական խաղաղության նպատակով»: Շոլցի խոսքով՝ Գերմանիան Ուկրաինային կաջակցի «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։ Գերմանական կառավարությունից հավելել են, որ Գերմանիայի կանցլերը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ու պատրաստվում է դա անել դրանից հետո։

Հեռախոսազրույցի հանգամանքը հաստատել են նաև Ռուսաստանում։ Կրեմլում հայտարարել են, որ հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել «Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակում»։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «ճգնաժամը» ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության արդյունքն էր, որն անտեսեց անվտանգության ոլորտում ՌԴ շահերը և «ռուսախոս բնակիչների իրավունքների ոտնահարումը»։ 

Պուտինը նաև հայտարարել է, որ Մոսկվան բաց է բանակցությունների վերսկսման համար:

Հոկտեմբերի կեսերին Շոլցը, Բունդեսթագում ելույթ ունենալով գերմանացի պատգամավորների առջև, պատրաստակամություն էր հայտնել Վլադիմիր Պուտինի հետ բանակցել Ուկրաինայում «արդար խաղաղության» շուրջ:

«Ուստի, եթե հարց է առաջանում, թե արդյոք մենք խոսելու ենք Ռուսաստանի նախագահի հետ, մենք պատասխանում ենք. «Այո, դա ևս հնարավոր է»»,- նշել է Գերմանիայի կանցլերը։

Լուսանկարը՝ Mikhail Klimentyev/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter