
Ընդդիմադիր գործիչը սև ներկ է լցրել Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա
Վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գեորգի Կալանդարիշվիլիի վրա։ Այդ մասին հայտնում է Новости Грузия-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գեորգի Կալանդարիշվիլին վարում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ պաշտոնապես հաստատվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այսպիսով, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարվեց ընտրությունների հաղթող։
Վրաստանում իշխանության ղեկին գտնվող այս կուսակցությունը, որը նախորդ ամսվա վերջին հաղթել էր խորհրդարանական ընտրություններում, ստացել է ձայների 53,93%-ը։
«Դուք չեք լսում վրաց ժողովրդին, չեք լսում բողոքող ուսանողներին։ Դուք խլել եք Վրաստանի ապագան, մեր ապագան, և մեր երկիրը մղում եք դեպի Ռուսաստան։ Ես նույնիսկ քեզ չեմ կարող դավաճան անվանել, դու «կետ ռու ես»։ Դու սև բիծ ես»,- հայտարարել է Կիրթաձեն։
Դրանից հետո դահլիճում ծեծկռտուք է սկսվել, ինչի պատճառով նիստն ընդհատվել է։
Որոշ ժամանակ անց նիստը շարունակվել է, իսկ ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է ընտրությունների արդյունքները։
Իշխող «Վրացական երազանքը» ստացել է 89 պատգամավորական մանդատ, չորս ընդդիմադիր կուսակցությունները միասին՝ 61:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 26-ին: Ընդդիմությունը դրանց արդյունքները կեղծված է անվանել և խոստացել հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Ընդդիմության աջակիցները Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնցից մեկը տեղի է ունեցել ԿԸՀ նիստի ժամանակ։
Միջազգային դիտորդները նշել են, որ քվեարկությունն անցել է խախտումներով, սակայն ընդհանուր առմամբ կասկածի տակ չեն դրել ընտրությունների արդյունքները:
Նկարը՝ էկրանապատկեր ուղիղ եթերից
Մեկնաբանել