
Աբխազիայի նախագահը հայտարարել է բողոքի ցույցերի ֆոնին հրաժարականի պատրաստակամության մասին
Մասամբ ճանաչված Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ այն պայմանով, որ ցուցարարները ազատեն կառավարական շենքերը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։
«Ասում են, որ ես Աբխազիայից հեռացել եմ, բայց դա սուտ է, ես Աբխազիայում եմ։ Մենք հավաքվել ենք ոչ թե իմ իշխանությունը պահելու, այլ պետականությունը պահպանելու համար։ Նրանք, ովքեր գրավել են նախագահի աշխատակազմի շենքը, պետք է հեռանան այնտեղից»,- Տամիշ գյուղում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բժանիան։
Բժանիան նշել է, որ իր հրաժարականի դեպքում երկիրը կղեկավարի փոխնախագահ Բադրա Գունբան: Նա հավելել է, որ նախագահական հաջորդ ընտրություններում դարձյալ կառաջադրի իր թեկնածությունը։ Այս պայմանը չի գոհացրել ընդդիմության ներկայացուցիչներին։
Վերջին երկու օրերին իրավիճակը խիստ լարված է Աբխազիայում։ Այնտեղ բողոքի ակցիաները սկսվել են Ռուսաստանի հետ նոր ներդրումային համաձայնագրին հավանություն տալու խորհրդարանի մտադրության պատճառով:
Ցուցարարները կարծում են, որ այդ համաձայնագիրն անարդար արտոնություններ կտա ռուսաստանցի գործարարներին։ Միևնույն ժամանակ, ակցիայի մասնակիցները նշում են, որ, ինչպես և իշխանությունները, իրենք ևս լավ հարաբերություններ են պահպանում Մոսկվայի հետ։
Սուխումում նոյեմբերի 15-ին ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով մոտ մեկուկես տասնյակ մարդ էր տուժել: Ակցիայի մասնակիցների ճնշման ներքո իշխանությունները խոստացել են խորհրդարանից հետ կանչել ներդրումային համաձայնագրի նախագիծը։
Լուսանկարը՝ Բժանիայի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել