
Արցախում հայաստանցիներն էին պատվիրում, Հայաստանում՝ արցախցիները․ Լիաննան և իր Amenita բրենդի պատմությունը
Արցախում Լիաննայի հիմնական պատվերները Հայաստանից էին, անգամ եթե փոքրիկ պայուսակ էին պատվիրում, ուզում էին, որ անպայման արցախցին պատրաստած լինի, չնայած հնարավոր էր նույնից Հայաստանում գտնել: Հիմա որ այստեղ է, արցախցիներն են շատ պատվիրում։
29-ամյա Լիաննա Խաչատրյանը Մարտակերտից է։ Սովորել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Մասնագիտությամբ շատ կարճ ժամանակ է աշխատել ու հասկացել, որ իրենը չէ։
«Ինձ լավ եմ զգում հելյունագործության աշխարհում։ Այստեղ ստեղծագործելու անսպառ հնարավորություններ կան, իսկ ես սիրում եմ ստեղծագործել»,- ասում է Լիաննան։
Հելյունագործության հատուկ դասընթացների չի հաճախել․ դպրոցում ձեռք բերած գիտելիքներն են: «2018 թվականին, երբ քույրս ունեցավ առաջնեկին, ամեն ամիս ֆոտոսեսիա անելու համար գլխազարդ էի գործում և նվիրում։ Խորհուրդ տվեցին, որ օնլայն հարթակ բացեմ ու տեղադրեմ աշխատանքներս։ Էջը բացելիս դիտմամբ ինքնությունս չբացահայտեցի, քաղաքի աղջիկներին հետաքրքիր էր, թե ով է վարում էջը և գործվածքներ վաճառում: Դիտմամբ պատվեր էին գրանցել, որ բացահայտեն, հետո այնքան էին հավանել, որ 4 ընկերուհիներով նույն գլխազարդից պատվիրել և կրում էին։ Այդպես սկսվեց ամեն ինչ»,- պատմում է Լիաննան:
Amenita բրենդը էվոլյուցիա ապրեց 2021-ին. Լիաննայի փոքրիկը՝ Մանեն ծնվեց, ինքն էլ ավելի շատ կենտրոնացավ մանկական իրեր գործելու վրա։ Պատվերներն ավելացան, սկսեց անգամ օրորոցներ, զամբյուղներ, մահճակալից կախվող պարկեր գործել։ «Պատվիրատուն ինչպիսի գործ էլ պատվիրեր, չէի ասում՝ չեմ կարող։ Ասում էի կարող եմ, չարչարվում էի, ու ստացվում էր»,- ասում է նա։
Amenita իտալերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ, հաճելի և էսթետիկ: «Իտալերեն շատ եմ սիրում։ Քանի որ ասում էին՝ գործվածքները էսթետիկ են ստացվում, որոշեցի հենց Amenita կոչել»,- ասում է Լիաննան, տոպրակից հանում կիսատ մնացած պայուսակը և գործում, կարծես Արցախում կիսատ թողած կյանքն է փորձում շարունակել այստեղ:
Լիաննան պատմում է, որ մի անգամ ընկերուհուց հաղորդագրություն է ստացել․ «Գրել էր՝ «Լիան, գիտե՞ս` ինչն եմ առաջինը վերցրել ինձ հետ Արցախից դուրս գալիս… Քո նվիրած զամբյուղները։ Հիմա էլ դա հիշելիս կոկորդս լցվում է․ ընկերուհիս էնպիսի բան է վերցրել, որը նաև ինձ հետ է կապված, մեր ընդհանուր պատմությունն ու հուշերն է վերցրել․․․»։
Ինչպես Արցախի շատ ընտանիքներ, Լիաննայի ընտանիքն էլ Հայաստան տեղափոխվելուց հետո շատ խնդիրների է բախվում․ «Նախ՝ հիմնական տուն չունենք, վարձով ենք ապրում, բնակարան վարձելիս սկզբում ամեն ինչ նորմալ է թվում, ապրելու ընթացքում խնդիրներ են ի հայտ գալիս․ մեկ էլ պարզվում է՝ անձրևի ժամանակ առաստաղից ջուր է կաթում, ու ստիպված ենք լինում այլ տուն տեղափոխվել՝ շատ դեպքերում պայմանագիրը խզելով»։
Աշխատանք գտնելը ևս բարդ է, պրակտիկաների է գնում, որակավորման մի քանի կուրս է անցել՝ մարկետինգ, HR (մարդկային ռեսուրսներ) և այլն։ Հիմա փորձում է աշխատանք գտնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։
Լիաննայի ամուսինը Արցախում աշխատում էր Պաշտպանության բանակում, այստեղ այլ աշխատանք ունի․ «ՊԲ-ում աշխատավարձը բարձր էր, այստեղ՝ ՊՆ-ում՝ ցածր, այդ պատճառով չանցավ ծառայության»,- ասում է նա։
Լիաննան ասում է՝ խնդիրները չեն վերանում, պարզապես իրենք սկսում են հարմարվել դրանց։ Եվ չնայած այս ամենին՝ ինքը լավատես է:
Լիլիթ Ապրեսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Մեկնաբանել