
Միացյալ Նահանգներն Ուկրաինային թույլ է տվել Կուրսկի մարզի ուղղությամբ կիրառել ATACMS տեսակի հեռահար հրթիռներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային թույլ է տվել օգտագործել իր տրամադրության տակ եղած ATACMS հեռահար հրթիռները՝ պաշտպանելու Ուկրաինայի զինված ուժերի այն ստորաբաժանումներին, որոնք մասնակցում են Ռուսաստանի Կուրսկի մարզում իրականացվող գործողությանը։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ATACMS-ի օգտագործման թույլտվությունը, որն ամերիկյան պարբերականն անվանում է «ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն», որոշվել է ի պատասխան Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների տեղակայման։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերին՝ Ռուսաստանի տարածքին ATACMS-ով հարվածներ հասցնելու թույլտվությունը պետք է ազդանշան ուղարկի Հյուսիսային Կորեային, որ Կուրսկի մարզում վերջինիս զինվորականները խոցելի վիճակում են, ու Ռուսաստանին օգնելու համար ԿԺԴՀ-ն չպետք է ավելի շատ զորք ուղարկի:
The New York Times-ի աղբյուրները հույս չունեն, որ ամերիկյան վարչակազմի այս դիրքորոշման կտրուկ փոփոխությունը արմատապես չի փոփոխի պատերազմի ընթացքը։
Պարբերականի զրուցակիցները փաստում են, որ ATACMS-ներով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու վերաբերյալ Բայդենի խորհրդականների կարծիքները խիստ տարբեր են եղել։
Նրանք նաև նշել են, որ թեև առայժմ խոսքը գնում է միայն Կուրսկի մարզում թիրախներին հարվածելու մասով հրթիռների կիրառման արգելքի հանմանը, հետագայում Բայդենը կարող է Ուկրաինային թույլ տալ այդ զենքն օգտագործել նաև այլ վայրերում:
Reuters-ի աղբյուրները ևս հաստատում են այս տեղեկությունը։ Գործակալության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները մտադիր են այս հրթիռները կիրառել առաջիկա օրերին։ Reuters-ը գրում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Դոնալդ Թրամփը կչեղարկի Բայդենի այս որոշումը։
Le Figaro-ն էլ փաստում է, որ լուրի հրապարակումից մի քանի ժամ անց նաև հայտնի է դարձել, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս Ուկրաինային թույլ են տվել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ կիրառել իրենց SCALP և Storm Shadow հեռահար հրթիռները։
Լուսանկարը՝ John Hamilton/DoD/AFP via Getty Images
Մեկնաբանել