HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրական շահառուներին ստուգելու մեխանիզմներ դեռևս չկան․ ԱՃԹՆ-ն հրապարակել է հերթական զեկույցը

Սյունիքի մարզի Քաջարան համայնքն ընդերքօգտագործող ընկերությունից վճարված հարկերից և վճարներից ամենամեծ եկամուտ ստացող համայնքներից է։ 2022թ․ Քաջարանը ստացել է 1 մլրդ 330 մլն դրամի եկամուտ, որն ապահովվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության արդյունքում։ Հաջորդում է Կապանը, որը նույն հարկերից և վճարներից ստացել է 871 մլն դրամ։ Այստեղ, հիշեցնենք, խոշորներից աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը։

Այս տվյալներն արդեն հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2022թ․ զեկույցում, որն այսօր հանրությանը ներկայացվեց նախաձեռնության հայաստանյան քարտուղարության կողմից։ Համայնքները ընդերքօգտագործողների հարկերից սկսեցին մասնաբաժին ստանալ հենց ԱՃԹՆ նախաձեռնած օրենսդրական փոփոխություններից հետո։ Այսօրվա համաժողովին նաև շեշտվեց Հայաստանի՝ պարտավորությունների կատարման առումով ապահոված բարձր ցուցանիշները։

Ջերմուկը նույնպես այդ հարկերից եկամուտ է ստացել 411 մլն դրամի չափով։ Այստեղ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն է ուզում գործունեություն ծավալել։ Ալավերդին ստացել է 152 մլն դրամ։ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունը՝ «Գեոպրոմայնինգ գոլդը» Վարդենիս համայնքի բյուջեին ապահովել է 71 մլն դրամով, Մեղրիին բաժին է հասել 94 մլն դրամ։ Ստեփանավան համայնքը այդպիսի վճարներից ստացել է 10 մլն դրամ։

Մեր դիտարկմանը, թե 2025թ․ նախաշեմին 2022թ․ տվյալներով զեկույց հրապարակելն այլևս արդիական չէ, և տվյալները թե՛ լրագրողական, թե՛ հասարակական հետաքրքրության տեսանկյունից հին են, ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը պատասխանեց, որ ԱՃԹՆ կանոնադրությամբ զեկույցները կարող են հրապարակվել 2 տարին մեկ, սակայն արդեն իսկ նախաձեռնվել է տվյալների ծնվելուն պես դրանք հրապարակայնացնելու գործընթացը։

Զեկույցի պատրաստողներն արձանագրել են, որ հանքարդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2014 թվականից կայուն աճ է ապահովել՝ 2,12 %-ից հասնելով 3,94 %-ի։ Այստեղ բացառություն են կազմել 2018 թվականը, երբ արձանագրվել է անկում՝ 2,82 %, նաև 2021թ․-ը, երբ արձանագրվել է կտրուկ վերելք՝ 5․54 %:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2022թ․ զեկույցը նաև անդրադարձ է կատարում մետաղական արտադրատեսակների արտահանմանը։ Համաձայն դրա՝ Հայաստանից արտահանվում են մետաղական արտադրատեսակներ դեպի Հնդկաստան, Իտալիա, Թուրքիա, Շվեյցարիա, Բուլղարիա, ԱՄԷ, Մալայզիա, Չինաստան, ՌԴ, Կանադա, Բելգիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Գերմանիա, Հարավային Կորեա և այլն։ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) դարձել է մեծ արտահանում ընդունող երկիր։ Մասնավորապես, ընդհանուր թանկարժեք մետաղների արտահանման 61,8 %-ը 2022-ին այնտեղ է արտահանվել։ Այսինքն՝ արտահանումը ԱՄԷ աճել է 48 անգամ։

Հանքարդյունաբերող ընկերությունները փաստացի պետական բյուջե փոխանցել են 33 մլն դրամ բնապահպանական հարկ։   

Այսօր հանրությանը ներկայացվեց զեկույցի սեղմագիրը, իսկ ամբողջական տարբերակը հասանելի կլինի մոտակա օրերին։

Պանելային քննարկմանը անդրադառնալով դիտարկած խնդիրներին՝ «Սիվիլնեթի» լրագրող Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ հաճախ իրական շահառուների ներկայացրած հայտարարագրերը չեն համապատասխանում իրականությանը, և իրական շահառուները թաքնվում են այլ անձանց միջոցով։

Իրական շահառուների իսկության վերաբերյալ մեր հարցին էլ, թե արդյոք դրանց ներկայացրած հայտարարագրերը և իրական շահառուների համապատասխանությունն իրականությանը որևէ կերպ ստուգվու՞մ են պատասխանատու մարմինների կողմից, մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ընդերքի վարչության կողմից, երբ վերջիններս դիմում են լիցենզիա ստանալու համար, Ընդերքի վարչության պետի պարտավորությունները կատարող Կարեն Գասպարյանը պատասխանեց, որ իրենք միմիայն հաշվի են առնում պետռեգիստրից՝ իրական շահառուների վերաբերյալ տրված տեղեկանքը, ստուգման որևէ գործառույթ չեն իրականացնում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը հավելեց, որ դա մեծ խնդիր է ստանդարտին անդամակցող բոլոր երկրների համար և որևէ երկրում դեռևս հստակ մեխանիզմենր չեն մշակվել այդ հարցը կարգավորելու համար, սակայն քննարկումներ ընթանում են։

Քաղհասարակության ներկայացուցիչ, Բազմաշահառու խմբի անդամ Վիկտորիա Բուռնազյանը, ի թիվս դրական ձեռքբերումների, նշեց, որ թեկուզ շատ հարցերում հանքարդյունաբերողները, կառավարությունն ու հասարակական սեկտորն ունենում են տարաձայնություններ, բայց ԱՃԹՆ-ն մի հարթակ է, որտեղ, ի վերջո, այդ խնդիրները քննարկվում են և որոշակի կոնսենսուսի հասնում։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է 57 երկիր (2023թ. մայիսի դրությամբ): Հայաստանն անդամակցնում է ԱՃԹՆ-ին 2017 թվականից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter