Մեր «դեսպաններն» արտերկրում
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը և ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ՀՀ և ՉԺՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված 28 ուսանողների հանձնել են կրթաթոշակներ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի Չինաստանի կողմից հատկացվել են ամենաշատ քանակությամբ տեղեր, որը, ըստ նախարարի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին:
«Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաև Չինաստանի բուհերը, և պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելանում է, որի արդյունքում էլ խստացվում են մրցույթի պայմանները: Դուք մեր «դեսպաններ» ենք արտերկրում և որպես միջազգային կրթաթոշակակիրներ` դուք պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը. ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության և վարքագծի շնորհիվ է նաև, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ Ձեզ, որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետև որակյալ մասնագետը միշտ էլ պահանջված է լինում»,- դիմելով ուսանողներին` նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ այս տարի առաջին անգամ ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստան կայցելի 15 չինացի ուսանող:
Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև ևս մեկ հայ-չինական նախագծի մասին. մոտ ապագայում նախատեսվում է Երևանում բացել միջազգային չափանիշներին համապատասխան չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց:
Դեսպան Թիան Չանչունը, շնորհակալություն հայտնելով հայ երիտասարդներին չինական բուհերն ընտրելու համար, նշել է, որ Չինաստանը խրախուսում է ամբողջ աշխարհից օտարեկրյա ուսանողների ներգրավումը չինական բուհերում և հույս հայտնել, որ հայ երիտասարդներն իրենց ներդրումը կունենան հայ-չինական բարեկամության զարգացման և ամրապնդման գործում և վերադառնալով հայրենիք` իրենց ստացած գիտելիքներով կնպաստեն երկրի զարգացմանն ու բարեկեցությանը:
Ինչպես հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել