HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի անտառվերականգնման տեմպերը գոհացուցիչ չեն․ չունենք փող և կարողություններ

Անտառվերականգնման աշխատանքների տեմպերը գոհացուցիչ չեն Հայաստանի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակի քննարկմանը, որը նախաձեռնել էր Հայաստանի անտառային դաշինքը։ Հայաստանը, հիշեցնենք, պարտավորվել է մինչև 2030 թվականը 50 հազար հա անտառ տնկել։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան կենտրոնի ղեկավար Ալեն Գասպարյան Ամիրխանյանը նշեց, որ այս ոլորտում ունենք հապաղումներ, իսկ կենտրոնի ուսումնասիրությունները՝ հիմնված անտառվերականգնող կազմակերպություններին ուղարկված հարցաթերթիկների և դրանց պատասխանների մոնիտորինգի վրա, ցույց են տալիս, որ 2024 թվականին անտառտնկման ակնհայտ ցածր ցուցանիշներ են գրանցվել։ 2025 թվականին պլանավորված անտառտնկման ցուցանիշներն ավելի փոքր են։

Մեր հարցին, թե որոնք են խոչընդոտները, նախարար Սիմիդյանը երկուսն առանձնացրեց՝ փողն ու կարողությունները: Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ չնայած կառավարությունը նախատեսել է պետական միջոցներով անտառ տնկել, բայց այստեղ ևս որոշ խնդիրներ կան։ Ուստի, հունվարից ՇՄՆ-ն նոր հարթակ է գործարկելու, որն արդեն գրեթե պատրաստ է։ Այդ հարթակը հնարավորություն է տալու յուրաքանչյուր քաղաքացու վճարել 1800 դրամ և ընտրել այն մարզը կամ վայրը, որտեղ անտառտնկման աշխատանքներ կուզենա իրականացնել։ Այդպիսով քաղաքացին որոշակի ներդրում է ունենում երկրի անտառածածկույթի ավելացմանը։   

Անտառային դաշինքին անդամակցող «Շեն» ՀԿ-ի ղեկավար Հայկ Մինասյանը նշեց, որ իրենք փորձում են զարգացնել ագրոանտառաբուծության ճյուղը, այսինքն՝ պտղատու ծառերի տնկումն իրականացնում են համայնքային հողում և այնուհետև նվիրում տվյալ տարածքում գործունեություն ծավալող կամ կոոպերատիվ ձևավորող ծառ տնկողներին։ Այդ մոդելը, ՀԿ-ի ղեկավարի կարծիքով, ավելի գործուն է, քանի որ ֆերմերները պատրաստ չեն ծառատունկ անել և սպասել 30 տարի, որպեսզի արդյունք ստանան։ Այդ մոդելն արդեն գործարկել են Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրում։

Անտառվերականգնման աշխատանքներ իրականացող Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ իրենք ևս ունեն բավականաչափ կարողություններ։ Արդեն իսկ նախաձեռնել են թիրախային բույսերի տնկարկը, այսինքն՝ հարմարվող բույսեր և տնկիներ են աճեցնում, որոնք կենսունակ կլինեն առանց ոռոգման։ Արդեն իսկ այդպիսի 3000 տնկի ունեն։ Թիրախում Արարատի և Վայոց ձորի մարզերն են։

«Պլանավորումը կախված է պահանջարկի ձևավորումից։ Եթե կա պահանջ, մենք ի զորու ենք ապահովել։ Հիմնադրամում ներուժ կա»,- վստահեցրեց Ռուբեն Խաչատրյանը։

Նախարար Սիմիդյանը հետաքրքրվեց, թե ինչու են ՀԿ-ները այլ տարածքներում իրականացնում անտառտնկման աշխատանքներ, այլ ոչ թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային հողերում։ Պարզվեց՝ ներկա բոլոր կազմակերպությունները պատրաստակամ են նաև «Հայանտառի» տարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել։ Այդ մասին հավաստիացրեցին նաև «Իմ անտառ-Հայաստան» ՀԿ-ի ղելավար Անդրե Գումուճեանը և «Էյ թի փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Ռուզաննա Առուստամյանը։ «Իմ անտառ-Հայաստան» ՀԿ-ն, հիշեցնենք, անտառտնկման մեծածավալ աշխատանքներ է իրականացնում։

Ռուբեն Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց նաև նախարարությանը կամ էկոպարեկային ծառայությանը նվիրեաբերել 10 գերհզոր տեսանկարահանման սարքերը, որոնք նոր են ձեռք բերել։ Այդ սարքերը կարող են կանխարգելել ոչ միայն որսագողությունը, այլև անտառային հրդեհները։ Առաջարկը հետաքրքրեց Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչ Սամվել Այվազյանին։ Նրան, մասնավորապես, հետաքրքրում էր այդ տեսախցիկների տեսանելիության ծածկույթն ու տեղանքի կոորդինատների փոխանցման ճշգրտությունը։ Ռուբեն Խաչատրյանը վստահեցրեց, որ դրանք մինչև 10 կմ հեռավորություն են ծածկում և կոորդինատների բացարձակ ճշգրտություն ունեն։  

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը հայտնեց, որ 2024թ. նոյեմբերից ծառայությունը սկսել է համալրումը նաև Սյունիքի մարզում։ Նրա խոսքով՝ ծառայության աշխատակազմի ընդհանուր թիվը 1176 է, որից 802-ը շուրջօրյա ծառայություն իրականացնողներն են։

Էկոպարեկային ծառայողների նվազագույն մաքուր աշխատավարձը 240 հազար դրամ է։ Անտառը պահպանող էկոպարեկները նաև օժտված են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշ լիազորություններով։

Նախարար Սիմիդյանը հավաստիացրեց, որ էկոպարեկային ծառայության ստեղծումը նորարարություն չէ, պարզապես անտառների պահպանությունը համապատասխանեցրել են 21-րդ դարի պահանջներին, սահմանել են շուրջօրյա հսկողություն և նոր տեխնոլոգիաների կիրառում։ Դա չի նվազեցրել Տեսչական մարմնի գործառույթները և պլանային ստուգումները։

Քննարկմանը ներկա էր նաև վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։ Վերջինս հաստատեց, որ Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը, որը կենսաբազմազանությանն է նվիրված լինելու։ Նախարար Սիմիդյանն էլ հավելեց, որ ակնկալում է բոլորի աջակցությունը, քանի որ անելիքները շատ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter