
«Չեմ կարծում, որ ուսուցիչների ատեստավորումը կրթության որակի վրա էական ազդեցություն կունենա». Սերոբ Խաչատրյան
2021 թվականից Հայաստանում ներդրվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը։ Ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, որի արդյունքների հիման վրա փոխվում է նրանց վարձատրության դրույքաչափը։ Սակայն, արդեն չորրորդ տարին է՝ չեն դադարում դժգոհությունները այդ համակարգի վերաբերյալ։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ խոսել ենք կամավոր ատեստավորման համակարգի արդյունավետության, թեստերի որակի և մի շարք այլ հարցերի շուրջ։
Պարոն Խաչատրյան, ատեստավորման համակարգի ներդրումից 4 տարի անց ինչպե՞ս եք գնահատում ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը։
Կամավոր ատեստացիայի մեջ կա դրական տարր։ Դրական տարրն այն է, որ խրախուսվում են ուսուցիչների ինքնակրթությունը և առարկայական գիտելիքները։ Բացի դրանից՝ հնարավորություն է տրվում ուսուցչին՝ բարձրացնելու իր աշխատավարձը, և բարձրացնելու էապես, որովհետև եթե դուք կամավոր ատեստավորումը առավելագույն արդյունքով եք հաղթահարում, Ձեր աշխատավարձը միանգամից դառնում է 300000 ՀՀ դրամ, որը համեմատած սովորական աշխատավարձի հետ 2,5 անգամ ավելանում է։
Սակայն ատեստավորման հետ կապված կան նաև որոշակի մտահոգություններ։ Առաջին մտահոգությունն այն է, որ հաճախ թեստերը համարժեք չեն, օրինակ՝ կարող են մի առարկայից լինել հեշտ, մյուսից՝ դժվար։
Այս տարվա օրինակը բերեմ։ Հենց առաջին օրը աշխարհագրություն առարկայի թեստը բավական խճճված էր, և կային սխալներ, բայց ինֆորմատիկա առարկայի թեստը բավական պարզ էր և հստակ։ Սա անհավասարություններ է ստեղծում։ Հնարավոր է, որ աշխարհագրության շատ լավ ուսուցիչը հավաքի շատ ցածր միավոր՝ անգամ եթե հաղթահարի, իսկ, օրինակ, ինֆորմատիկայի միջին ուսուցիչը՝ ավելի բարձր։ Եվ սա ստեղծում է որոշակի անարդարություն։ Կամ վերցնենք անցած տարվա անգլերենի քննությունը, որ բավական անսպասելի էր՝ դպրոցական ծրագրից դուրս, և արդյունքում բավական բացասական ստացողներ եղան։ Սա լուրջ խնդիր է։ Ցավոք սրտի, արդեն մենք 4-րդ տարին ենք անցկացնում, և դեռևս թեստերի որակը խնդրահարույց է։
Հաջորդ հարցը, որ այստեղ կարևոր է, այն է, որ, իմ կարծիքով, մի քիչ շատ է գերագնահատվում առարկայական գիտելիքի դերը։ Ես կուզենայի, որ այլ բաղադրիչներով նույնպես ուսուցիչները խրախուսվեին։ Օինակ՝ մենք ունենք նաև տարակարգեր։ Տարակարգերով խրախուսվում է ուսուցիչների մեթոդական պատրաստվածությունը։ Բայց ես կուզենայի, որ խրախուսվեին նաև ուսուցիչների հաղորդակցական հմտությունները, կոնֆլիկտներ լուծելու կարողությունը, որովհետև դրանք այսօր դպրոցներում շատ կարևոր են։ Մենք ունենք բուլինգի խնդիր, կարգապահության խնդիր, բավական լուրջ անձնային խնդիրներ կան դպրոցներում։ Եթե այս տեմպով մենք գնանք, ուսուցիչները կմտածեն միայն իրենց առարկան իմանալու մասին, ու կորուստներ կունենանք մյուս առումներով։
Էստեղ նաև լուրջ խնդիր է այն, որ ստեղծված մեխանիզմում կա տրամաբանական խնդիր։ Կա ուսուցիչ, որ մասնակցում է կամավոր ատեստավորմանը և ստանում բացասական արդյունք, և եթե երկու տարի շարունակաբար դրական արդյունք և բավարար աճ չգրանցի, կորցնում է իր աշխատանքը։ Հիմա այստեղ, կարծում եմ, խնդիր կա, որովհետև, եթե այսպիսի պայման ենք դնում, շատ ուսուցիչներ կգերադասեն չմասնակցել, որովհետև չմասնակցելն ավելի անվտանգ է այս պահին, իսկ մասնակցելը՝ ավելի ռիսկային, որովհետև այս դեպքում դու կարող ես աշխատանք կորցնել։ Սա է նաև պատճառը, որ չորրորդ տարին ենք անցկացնում և միայն դիմել է 5600 հոգի, որոնցից մի մասը դպրոցում աշխատողներ չեն, մի մասը ստիպված է դիմել, որովհետև անցած տարի կտրվել են և այս տարի նորից պիտի դիմեն, մի մասն էլ նախորդ տարիներին հաղթահարածներն են, որ ուզում են էլ ավելի բարձր ստանալ, և բնականաբար մի մասն էլ չի գալու։ Մենք նախորդ տարիներին ունեցել ենք առարկաներ, որ ուսուցիչների 30-40 տոկոսը գրանցվել է, բայց չի եկել։ Հիմա սա որ հանում ենք, տեսնում ենք, որ շատ ցածր է արդյունավետությունը։ Քիչ է նաև ատեստավորվածների թիվը։ Ըստ կրթության զարգացման պետական ծրագրի՝ այս տարի արդեն Հայաստանի Հանրապետության ուսուցիչների 30 տոկոսը կամավոր ատեստացիան պետք է հաղթահարեր, բայց հաղթահարել է շուրջ 4000 հոգի։ Մենք Հայաստանում ունենք շուրջ 30000 ուսուցիչ, և 4000 հոգին կազմում է մոտավորապես 12-13%։ 30% պիտի լիներ, բայց 12-13 տոկոս է։ 2028-ին այդ թիվը պետք է հասնի 80 տոկոսի, բայց մենք դեռ 12-13 %-ի սահմաններում ենք։
Նշեցիք, թե կամավոր ատեստավորումն ինչ օգուտներ է տալիս ուսուցիչներին, իսկ ինչպե՞ս է այն նպաստում կրթության որակի բարելավմանը։
Շատ կարևոր հարց տվեցիք։ Ես չեմ կարծում, որ սա կրթության որակի վրա էական ազդեցություն կունենա, որովհետև եթե դուք գնաք ատեստավորված ուսուցչին հարց տաք, ասեք՝ հարգելի՛ ուսուցիչ, մեկ տարի առաջ դուք ատեստավորված չէիք և ստանում էիք 120000 դրամ աշխատավարձ, հիմա ատեստավորվեցիք, ստացաք 260000-300000 դրամ։ Դուք էն ժամանակ, որ 120000 դրամ էիք ստանում, վա՞տ էիք աշխատում։ Մեծ մասը կասի՝ ոչ, նույնն է։
Սա լրջագույն խնդիր է, որովհետև էստեղ պետությունը միլիարդավոր դրամների գումար է դնում, և մենք պետք է ունենանք որակի բարձրացում, բայց այն, ինչ մենք անում ենք, որակի վրա շատ չնչին կարող է ազդել, որովհետև մենք գիտենք, որ ուսուցիչների առարկայական գիտելիքները կարևոր են, բայց դրանք դոմինանտ չեն։ Եվ ես վստահ եմ, որ այս չորս տարիների ընթացքում, չեմ կարծում, որ որակի փոփոխություն ենք ունեցել միայն այն պատճառով, որ ուսուցիչը ստացել է ավելի բարձր աշխատավարձ։
Ինչպե՞ս է ապահովվում հետադարձ կապը ուսուցիչների հետ։
Դե, ինչ-որ հանդիպումներ լինում են, ուսուցիչները բողոքում են, ներկայացնում են։ Բայց էստեղ մի խնդիր կա էլի, այսինքն՝ էդ թեստերի գաղտնիության հարցը կա, որովհետև կարևոր է նաև, որ արտահոսք չլինի։ Եվ որպեսզի արտահոսք չլինի, ենթադրաբար նախարարությունը այս գործը վստահում է 1-2 հոգու, և այդ պարագայում թեստերը չեն անցնում փորձաքննություն։ Շատ լավ կլիներ, որ այս ամենի վրա աշխատեր մի ամբողջ ինստիտուտ, որպեսզի 2-3 հոգի նայեն այդ թեստը, որովհետև ինչքա՞ն կարելի է սխալներ դնել։ Ի նկատի ունեցեք, որ մեկ սխալը կարող է հոգեբանորեն ազդել ուսուցչի վրա, որովհետև ուսուցիչը սխալի պատճառով կարող է իրեն կորցնել, ժամանակ կորցնել, դեպրեսիայի մեջ ընկնել, և դա ազդի մնացած հարցերի վրա։ Նախարարությունը մի կողմից չի ուզում ընդլայնել այն մարդկանց թիվը, որոնք մշակում են թեստերը, բայց մյուս կողմից էլ՝ մեկ-երկուսի կողմից մշակված թեստը չի կարող որակյալ լինել։
Ուսուցիչների բոլոր տարիքային խմբերի համար պայմանները նույնն են, դա ճի՞շտ մոտեցում է։
Քանի որ պրոցեսը կամավոր է առայժմ, մենք չենք կարող ասել, որ պետք է տարբերակում լինի։ Եթե դու համարում ես, որ քո տարիքը այնպիսին է, որ անհարմար է, չես ուզում և այլն, կարող ես այս պահին դեռ չմասնակցել։ Բայց, իհարկե, կարծում եմ, որ խնդիրներ կան համակարգչային թեստի հետ կապված (այս տարի համակարգչով է), որովհետև, ցավոք սրտի, մեր շատ ուսուցիչներ համակարգիչ գրեթե չեն օգտագործում։ Բայց կարծում եմ, որ դրանք հեշտ լուծվող խնդիրներ են, որովհետև համակարգչով թեստ լուծելն ավելի հեշտ է։ Ընդամենը պետք է տեխնիկական խնդիրներ չլինեն։ Էստեղ ընդամենը պետք է կոճակներ սեղմել, ժամանակի տեսանկյունից շատ լավ է։
Արդյոք նախատեսվում է կամավոր ատեստավորումը դարձնել պարտադիր։
Այս պահին ռեալ չկա, բայց ժամանակին նախարարությունը հայտարարել է, որ, ի վերջո, այս գործընթացը դառնալու է պարտադիր։ Բայց առայժմ որևէ ձևով դա փաստաթղթավորված չէ։ Սակայն նախարարությունը նախատեսում է, որ մինչև 2030 թվականը ուսուցիչների 70%-ը պետք է ատեստավորվի կամավոր։
Ի՞նչ է արվում ուսուցիչների մասնակցությունը կամավոր ատեստավորմանը խրախուսելու համար։
Խրախուսում են այն ձևով, որ եթե դու կամավոր ատեստացիա չունես, տարակարգի բարձր աստիճաններ չես կարող ստանալ, որովհետև ուսուցիչը ունի իր աշխատավարձը մինչև 50 տոկոս բարձրացնելու հնարավորություն տարակարգի միջոցով, որը մեթոդական աշխատանքն է գնահատում։
Նաև այս տարի շեմը մի փոքր իջեցվեց՝ 60% ստացողները նույնպես ստանում են բարձր աշխատավարձ, նախկինում 70-ից ավելն էր ստանում։
Ասացիք, որ մինչև չանցնեն կամավոր ատեստավորումը, չեն կարող ստանալ տարակարգ, որը ուսուցչի մեթոդական հմտություններն է ստուգում։ Արդյոք ճիշտ չէ նախ ստուգել ուսուցչի առարկայական գիտելիքները, հետո նոր՝ մեթոդականը։
Այո, համաձայն եմ, բայց էստեղ մի ուրիշ հարց էլ կա. դու ուսուցչից ինչ-որ բան պահանջելուց առաջ պետք է իրեն տաս։ Հիմա մեզ մոտ վերապատրաստումները, մանկավարժական կրթությունը բարձր որակի վրա չեն եղել։ Դրա համար էս իրավիճակում ուսուցչից շատ բան պահանջելն էլ երբեմն արդար չէ։ Նախ պետք է աջակցես, հետո պահանջես։
Էմմա Վարդանյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել