HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատական բարեփոխումները որքանո՞վ նպաստեցին ընդհանուր իրավասության դատարանները բեռնաթափելուն և դատաքննության արագությանը

Շուրջ մեկ տարի ուսումնասիրել ենք «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության ծրագրի» կատարման ընթացքը։ Մեր նպատակն էր՝ պարզել, թե դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ իրականացված գործողությունները որքանով նպաստեցին ընդհանուր իրավասության դատարանները բեռնաթափելուն  և դատաքննության արագությանը։ Այս հարցը պատասխան չունի, քանի որ ծրագրի պատասխանատուները՝  Բարձրագույն դատական խորհուրդը և արդարադատության նախարարությունը դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակման կառուցակարգ ստեղծելու պարտավորությունը չեն կատարել։ Պաշտոնյաները վիճակագրության փոխարեն հրապարակումներ են կատարում սոցիալական ցանցերում՝ փորձելով հանրությանը համոզել, որ բարձր ցուցանիշներ են ապահովել։

Մեր բացահայտումները՝

  1. Արդարադատության նախարարի (ԱՆ) և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի հայտարարությունները, որ իրականացված միջոցառումների արդյունքում քաղաքացիական գործեր քննող դատարանները 2024թ․ 1-ին կիսամյակում բեռնաթափվել են 80%-ով, չի հիմնավորվում։ ԲԴԽ-ն այդ ցուցանիշը հաստատող վիճակագրական տվյալներ չի ներկայացնում։ Փաստական հիմնավորումներ չկան, որ դատական գործերի քննությունն արագացել է։
  2. Քրեական գործեր քննող դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցառումները և դրա արդյունքում հայտարարված 40%–ով բեռնաթափումը նույնպես հիմնավորում չունեն։ Մեր մշտադիտարկումը դատաքննությունը ձգձգելու այլ պատճառներ բացահայտեց. կալանավորին ՔԿՀ-ից դատարան չեն բերում՝ ուղեկցող անձնակազմի ծանրաբեռնվածության, մեքենայի, վառելանյութի բացակայության պատճառով, վկաների ներկայությունը դատական նիստերին չապահովելու, դատական նիստերի դահլիճների ծանրաբեռնվածության և այլ պատճառներով։ Դրանք համակարգային խնդիրներ են, սակայն Արդարադատության նախարարությունը և ԲԴԽ–ն միջոցներ չեն ձեռնարկում վերացնելու ուղղությամբ։
  3. Վարչական դատարանի (ՎԴ) ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք կիրառվելու են 2025թ․–ից, մեր կարծիքով, չեն նվազեցնելու դատարանի ծանրաբեռնվածությունը։ Նախ՝ ԲԴԽ–ն չի ներկայացնում, թե վարչական դատարանին ընդդատյա հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը ՎԴ-ի վարույթում քանի՞ տոկոս են կազմում։ Եթե դրանց թիվը մեծ է, ուրեմն ՎԴ-ի ծանրաբեռնվածությունը կնվազի, բայց գործերի այդ քանակությունը, արդյոք, չի՞ ծանրաբեռնի քաղաքացիական դատարանը, որի ընդդատությամբ են  քննվելու հաջորդ տարվանից։

Մեր ուսումնասիրությամբ ՎԴ-ի ծանրաբեռնվածության այլ պատճառներ են բացահայտվել։

ա/ Կան վարչական ակտեր, որոնցով դատարաններն արդեն հստակ պրակտիկա են ձևավորել, օրինակ, Երևանի վճարովի կայանատեղիներին, ավտոմեքենայի ամրագոտին չկապելուն վերաբերող և այլ հարցերով։ Սակայն վարչական մարմինները, հաշվի չառնելով դատական ակտերում ամրագրված դիրքորոշումները, շարունակում են նմանատիպ ակտեր կայացնել, որոնք բողոքարկվում են և ծանրաբեռնում դատարանի աշխատանքը:

բ/ ՎԴ-ն ծանրաբեռնված է նաև Գլխավոր դատախազության՝ համայնքների նախկին ղեկավարների իրականացրած հողի և անշարժ գույքի աճուրդները և աճուրդային առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով վարչական դատարան ներկայացրած հայցերով։ Դատարանը վերադարձնում է հայցադիմումները՝ հիմնավորելով, որ վիճարկվող որոշումներն ընդունելիս դատախազությանը համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն վերապահված չի եղել։ Այդ իրավասությունը օրենքով տրվել է միայն 2023թ․ ապրիլի 6-ին, նաև՝ դատախազի նոր իրավասության կիրառումը նախատեսվել է միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Սակայն դատախազությունը շարունակում է հայցերը վերադարձնելու որոշումները բողոքարկել վերադաս դատարաններ։

Նույն հայցերը սկզբում համայնքների ղեկավարներին պարտավորեցրին ներկայացնել։ Վարչական դատարանի կայացրած՝ հայցադիմումները վերադարձնելու բոլոր որոշումները բողոքարկվեցին վերադաս դատարաններում և մերժվեցին։

գ/ Թեև գործերի քննությունը ձգձգելու հիմնական պատճառը դատավորների ծանրաբեռնվածությունն է համարվում, սակայն, ի տարբերություն այլ դատարանների, ՎԴ-ի դատավորների անունները հազվադեպ են գործերի բաշխման ցանկից հանվում: Եթե այս գործիքը նպաստում է դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն, ուրեմն ինչո՞ւ այն չեն կիրառում վարչական դատարանի դատավորների համար։ ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտն այս հարցին չեն պատասխանել։

4․ Դատական Դեպարտամենտը ապրիլի 1-ին հայտարարեց․ «Դատական ձգձգումների խնդիրը լուծելու նպատակով ԲԴԽ-ն փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով: Նշված պրակտիկան շարունակվելու է մինչև այս տարվա սեպտեմբեր»:

Նոյեմբեր ամիսն է, և ԲԴԽ-ն շարունակում է այդ գործիքը կիրառել։ Սեպտեմբեր ամսից մինչ նոյեմբերի 15-ը ԲԴԽ որոշումներով քաղաքացիական գործեր քննող 7 դատավորի անուն է գործերի մակագրման ցանկից հանվել, քրեական գործերով՝ 6 դատավորի անուն (2024թ․-ի հունվարից մինչև սեպտեմբեր՝ 27 անուն)։ Ընդ որում, դատավորներից մի քանիսի անունը երկու անգամ է  հանվել ցանկից։ Սա լրացուցիչ փաստարկ է, որ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով կիրառված միջոցառումները նպատակին չեն ծառայել։ Մասնավորապես, 2023թ․-ին, երբ քաղաքացիական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով միջոցառումներ չէին իրականացվել, 40 դատավորի անուն էր հանվել գործերի բաշխման ցանկից։ 2024թ․-ին, երբ դատարանը բեռնաթափելու ուղղությամբ մի քանի միջոցառում է իրականացվել՝ նոյեմբերի 15-ի դրությամբ 42 դատավորի անուն է հանվել մակագրման ցանկից։

Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով կիրառված միջոցառումներից մեկն էլ դատավորների թափուր հաստիքների համալրումն է։ ԲԴԽ-ն հայտարարեց, որ բոլոր հաստիքները համալրվել են։ Համալրում եղել է, սակայն ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ այն կարող է նաև ձևական լինել։ 2024թ․-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակեցին մեկին, որը երեք ամսից թոշակի պետք է անցներ։ Սակայն, նա այդպես էլ Սյունիքում դատավոր չաշխատեց։ Հանրապետության նախագահի հրամանագրի հաջորդ օրը ԲԴԽ-ն նրան գործուղեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ շարունակելով քննել այդ դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում եղած գործերը։

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ուսումնասիրությունը ներառել է՝ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության ծրագրով» ստանձնած քաղաքացիական և վարչական գործեր քննող դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով իրականացված միջոցառումները և դրանց արդյունավետությունը, դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակման կառուցակարգ  ստեղծելու պարտավորության կատարման ընթացքը, վարչական դատարանի ծանրաբեռնվածության պատճառները, գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու հիմքով դատավորների լիազորությունների դադարեցումը և դրա ազդեցությունը համակարգի վրա և այլ հարցեր։ Ամբողջական զեկույցը կարդացեք այստեղ։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter