
Մոսկվան հերքում է Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները
Ռուսաստանը կտրականապես հերքում է Վրաստանի գործերին միջամտելու մասին վրացական ընդդիմության մեղադրանքները։ Այդ մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ «այդ կերպ վարվում է Արևմուտքը»։
«Մեղադրանքները բացարձակապես անհիմն են, կտրականապես մերժում ենք դրանք։ Հիշեցնեմ նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում, որ մենք Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Անդրկովկասյան այդ երկրի հետ Ռուսաստանը հիմնականում զարգացնում է առևտրատնտեսական ու հումանիտար կապերը, որի ժողովրդի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, սերտ կապերը, մարդկանց միջև շփումները»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
Զախարովան այն կարծիքին է, որ Արևմուտքը «բառացիորեն ոլորել է վրացի ընտրողների ձեռքերը, ստիպել խորհրդարանական ընտրություններում քվեարկել ինչպես հարկն է»։ «Չնայած հսկայական ճնշումներին՝ վրաց ժողովուրդը հանդես է եկել կայունության և ավանդական արժեքների օգտին»,- եզրափակել է նա։
Վրացական ընդդիմությունը պնդում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և դրա առաջնորդ, գործարար Բիձինա Իվանիշվիլին սպասարկում են Մոսկվայի շահերը ու ուզում են Վրաստանին շեղել եվրատլանտյան ինտեգրման ուղուց։
Լուսանկարը՝ РИА Новости / Наталья Селиверстова
Մեկնաբանել