
Լուկաշենկոն պնդում է, թե Բելառուսում չկա բռնապետություն
Բելառուսում բռնապետություն չկա և չի կարող լինել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Վոժդիզմ չպետք է լինի։ Դա մի բան է, որից ես վախենում եմ իմ նախագահական ողջ կյանքի ընթացքում: Մեր երկրում չկա ոչ մի բռնապետություն և չի էլ կարող լինել»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ բռնապետ լինելու համար, անհրաժեշտ են համապատասխան լծակներ։ «Իսկ ի՞նչ լծակներ ունեմ։ Դա ամերիկացիներն են հորինել՝ բռնապետ, բռնապետ: Ինչպես ես կարող եմ Ամերիկային թելադրել: Այսօր Թրամփն ու Բայդենը նույնիսկ չեն կարող թելադրել։ Մենք ունե՞նք ամենաուժեղ տնտեսությունը: Ո՛չ, չունենք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն նշել է, որ հաճախ ստիպված է լինում ոչ պոպուլյար որոշումներ կայացնել, և դա դժվար է։ Այնուամենայնիվ, վստահությունը, որ դրանք ճիշտ են և անհրաժեշտ երկրի ու նրա քաղաքացիների բարեկեցության ու զարգացման համար, օգնում է նրան:
«Եթե ամեն ինչ հարթ լինի, լավ լինի, երկիրը կսկսի փչանալ: Պետք է այնպես անել, որ բոլորը շարժվեն, բոլորը ինչ-որ բան անեն»,- թեման եզրափակել է Լուկաշենկոն։
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1994 թվականից։ Բազմաթիվ քաղաքական գործիչների ու քաղաքագետների կարծիքով Լուկաշենկոն բռնապետ է, որը չի ցանկանում լքել այդ պաշտոնը, անգամ 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ակցիաներից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դեմ էին արտահայտվում Լուկաշենկոյ վերընտրմանը։
Լուսանկարը՝ Sergei Bobylev/AP
Մեկնաբանել