HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Դու հավերժ չես լինի Գերմանիայի կանցլեր, դու էլ՝ Ռուսաստանի նախագահ». Գերմանիայում լույս կտեսնեն Անգելա Մերկելի հուշերը

Նոյեմբերի 26-ին Գերմանիայում լույս կտեսնեն այդ երկրի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հուշերը ներկայացնող գիրքը, որը եվրոպական այդ երկրի իշխանության ղեկին է եղել 2005 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսները։ Die Zeit-ը և Bild-ը հատվածներ են հրապարակել «Ազատություն. 1954-2021 թվականների հուշեր» գրքից, որտեղ Մերկելը հիշում է Արևելյան Գերմանիայում իր մանկության և պատանեկության տարիների , ինչպես նաև 2008 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին։ Հենց այդ գագաթնաժողովում սկսվեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի անդամակցության քննարկումը։ Մերկելը չէր աջակցում Դաշինքին այդ երկու երկրների արագացված անդամակցությանը։ Հուշերում նա բացատրում է իր որոշման պատճառները, ինչպես նաև պատմում Պուտինի մյունխենյան ելույթից և Դոնալդ Թրամփի հետ զրույցներից ստացած տպավորություններից:

Պուտինի մասին Մերկելի հուշերը

2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ արևմտյան երկրների ղեկավարները քննարկում էին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի՝ Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին «անդամակցության գործողությունների ծրագիր» տրամադրելու մասին առաջարկը։ Փաստացի այդ երկրները դիմել էին թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։

Սակայն Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ միասին, դեմ էր արտահայտվում դրան։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանի տրամադրումը թեև չէր նշանակում Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության վերաբերյալ վերջնական որոշում, բայց միևնույն է՝ «երկու երկրները կստանձնեին ՆԱՏՕ-ին անդամակցության գրեթե անշրջելի պարտավորություն»:

«Ես հասկանում էի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ցանկությունը՝ որքան հնարավոր է շուտ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ Սառը պատերազմի ավարտից հետո նրանք ձգտում էին պատկանել արևմտյան ընկերակցությանը։ Կասկած չկար, որ Ռուսաստանը չէր կարող այդ երկրներին առաջարկել այն ամենը, ինչ նրանք փափագում էին՝ ազատություն, ինքնորոշում, բարգավաճում։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն և նրա անդամ պետություններն ընդլայնման յուրաքանչյուր փուլում պետք է հաշվի առնեին Դաշինքի, դրա անվտանգության, կայունության և գործունեության համար հնարավոր հետևանքները։ ՆԱՏՕ-ի կազմ նոր անդամի ընդունումը պետք է ավելի մեծ անվտանգություն բերի ոչ միայն այդ երկրին, այլև ՆԱՏՕ-ին։ Այդ իսկ պատճառով կան երկրների ընդունելության չափանիշներ, որոնք, բացի նրա ռազմական ներուժից, հաշվի են առնում նաև թեկնածու երկրի ներքին կառուցվածքը։ Դա վերաբերում էր նաև Ուկրաինային և Վրաստանին»,- գրում է ֆրաու Մերկելը։

Գերմանիայի նախկին կանցլերի խոսքով՝ այս երկու երկրներում իրավիճակը «էականորեն տարբերվում էր» ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներում իրավիճակից։ Ուկրաինայում տեղի ունեցավ «խորը պառակտում», ու Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն աջակցում էր բնակչության փոքրամասնությունը, իսկ Վրաստանը տարածքային խնդիրներ ուներ Հարավային Օսիայում և Աբխազիայում:

Եվ չնայած Ռուսաստանը վետոյի իրավունք չուներ, Գերմանիայի կանցլերը կարևոր էր համարում հաշվի առնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքը:

«Առանց Պուտինի տեսակետը վերլուծելու Ուկրաինային և Վրաստանին նման կարգավիճակ տալու հարցը դիտարկելը ես կոպիտ անփութություն էի համարում։ 2000 թվականին Ռուսաստանի նախագահ դառնալուց ի վեր Պուտինն ամեն ինչ արել է այդ երկրին միջազգային ասպարեզում խաղացողի կարգավիճակ վերադարձնելու համար, որը ոչ ոք, հատկապես ԱՄՆ-ն, չէր կարող անտեսել: Նրա նպատակը ոչ Ռուսաստանում, ոչ էլ այլուր, ժողովրդավարական հաստատություններ կառուցելը կամ արդյունավետ տնտեսության հաշվին բոլորի համար բարեկեցություն ստեղծելը չէր։ Ավելի շուտ, նա ձգտում էր ինչ-որ բան հակադրել այն փաստին, որ ԱՄՆ-ն հաղթող դուրս եկավ Սառը պատերազմից: Նա ցանկանում էր, որ Ռուսաստանը, Սառը պատերազմից հետո, նույնիսկ բազմաբևեռ աշխարհում մնա ուժի անփոխարինելի կենտրոն։ Այս նպատակին հասնելու համար նա առաջին հերթին հենվում էր անվտանգության ծառայությունում իր փորձի վրա»,- գրում է Մերկելը։

Մերկելը հիշում է Մյունխենի անվտանգության համաժողովը, որը տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 10-ին՝ ՆԱՏՕ-ի այդ հայտնի գագաթնաժողովից մեկ տարի առաջ։ Մյունխենի անվտանգության հենց այս համաժողովի ժամանակ Պուտինը ելույթ էր ունեցել միաբևեռ աշխարհի կառուցման անթույլատրելիության վերաբերյալ: Մերկելը հիշում է, որ նստած էր առաջին շարքում և Պուտինի ելույթի ժամանակ լավ էր տեսնում Ռուսաստանի նախագահին։ 

«Նա խոսում էր արագ՝ մասամբ իմպրովիզներ անելով և, հավանաբար, հենց ինքն էր գրել ելույթի մեծ մասը, եթե ոչ յուրաքանչյուր բառը։ Ինձ հատկապես վրդովեցնում էր նրա ինքնահավանությունը. ոչ մի խոսք իր քթի տակ չլուծված հակամարտությունների մասին՝ Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում և Վրաստանում, նա քննադատում էր Սերբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները, բայց ոչ մի խոսք նախկին Հարավսլավիայի փլուզման ժամանակ սերբերի գազանությունների մասին, ոչ մի խոսք հենց Ռուսաստանում առկա իրավիճակի մասին։

Այնուամենայնիվ, կային արտահայտություններ, որոնք ես լիովին անհիմն չէի համարում: Իրաքի պատերազմի քննադատությունն արդարացի էր. ինչպես հայտնի է, Իրաքում քիմիական զենքի առկայության ապացույցներ այդպես էլ չներկայացվեցին: Ինձ նաև մտահոգում էր, որ հնարավոր չեղավ լիարժեք կատարել Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը (ՍԶՈՒ)։ Ռուսաստանի և, մասնավորապես, ԱՄՆ-ի միջև ադապտացված պայմանագրի (ՍԶՈՒ-A) վավերացման շուրջ վեճերը ծագել էին Վրաստանում ռուսաստանցի ռազմական դիտորդների ներկայության պատճառով։

Մյունխենյան իր ելույթում Պուտինը ներկայացավ այնպես, ինչպես ես էի ընկալում նրան. մարդ, որը միշտ զգոն է, աշխատում է թույլ չտալ իր նկատմամբ անարդար վերաբերմունք և ցանկացած պահի պատրաստ է պատասխան հարված հասցնել՝ ներառյալ ուժի ցուցադրական կիրառումը։ Այս ամենը կարելի էր համարել մանկամտություն, դատապարտել, գլուխը տարուբերել։ Բայց դրանից Ռուսաստանը չէր անհետանում աշխարհի քարտեզից»,- շարունակել է նա։

Մերկելի կարծիքով՝ ենթադրել, որ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանի տրամադրումը Պուտինի ագրեսիայից Ուկրաինային և Վրաստանին պաշտպանություն կտար, պատրանք կլիներ: Նա պատճառաբանում է, որ Ուկրաինայի կամ Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի խախտման դեպքում (անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակումը նշանակում է ողջ դաշինքի վրա հարձակում՝ խմբ.) ՆԱՏՕ-ն պատասխան հարված կհասցներ, այդ պահին իրատեսական էր։ «Կարելի՞ էր արդյոք այն ժամանակ պատկերացնել, որ արտակարգ իրավիճակի դեպքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները ռազմական ճանապարհով կարձագանքեին և կմիջամտեին»,- գրում է Մերկելը։ Վերջինիս պնդմամբ՝ արդյունքում փոխզիջումային տարբերակ առաջարկվեց։ Ուկրաինան և Վրաստանը չստացան այդ կարգավիճակը, իսկ Դաշինքում պառակտում չեղավ, ինչպես դա եղել էր Իրաքի պատերազմի ժամանակ։

«Վրաստանի և Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանի տրամադրման խոստման բացակայությունը նշանակում էր սեփական հույսերից հրաժարում։ Պուտինի համար այդ երկրների հնարավոր անդամակցության մասին ՆԱՏՕ-ի ընդհանուր խոստումը նրանց ապագա անդամակցության հաստատումն էր ու դա մի տեսակ մարտահրավեր էր նրա համար։ Ավելի ուշ, մեկ այլ համատեքստում, որը ես այլևս մանրամասն չեմ հիշում, նա մի անգամ ինձ ասաց. «Դու հավերժ կանցլեր չես լինի, իսկ հետո նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Եվ ես դա թույլ չեմ տա»: Ես էլ մտածեցի. «Դու էլ հավերժ նախագահ չես լինի»։ Այնուամենայնիվ, Բուխարեստում Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա լարվածության վերաբերյալ իմ մտահոգությունները չնվազեցին»,- շարունակում է Գերմանիայի նախկին կանցլերը։

Մերկելը հիշում է, որ Բուխարեստից հետ Գերմանիա էր մեկնում «խառը զգացմունքներով»։ «Իսկապես  հնարավոր եղավ խուսափել մեծ սկանդալից, բայց միևնույն ժամանակ ակնհայտ դարձավ, որ մենք ՆԱՏՕ-ում չունենք Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդհանուր ռազմավարություն»,- գրում է նա։

«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ բնակիչներ ընդհանրապես մոտիվացիա չունեին խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Թվում էր, թե նրանք ուզում էին, որ այդ երկիրը պարզապես անհետանա, կարծես այն գոյություն չուներ: Ես հազիվ թե կարողանայի նրանց դատապարտել դրա համար, քանի որ նրանք երկար ժամանակ տառապում էին խորհրդային տիրապետության տակ և, ի տարբերություն մեզ՝ ԳԴՀ-ում, 1990 թվականից հետո նրանց բախտ չի վիճակվել խաղաղության և ազատության մեջ վերամիավորվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ, որը խորն արմատներ ուներ եվրոպական և տրանսատլանտյան դաշինքում։ 

Բայց Ռուսաստանն իր միջուկային զենքով շարունակում էր գոյություն ունենալ։ Այն գոյություն է ունեցել և շարունակում է գոյություն ունենալ որպես աշխարհաքաղաքականության անբաժանելի մաս, թեկուզ միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հետ միասին այդ երկիրը վետոյի իրավունքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է»։

Թրամփի մասին Մերկելի հուշերը 

Մերկելը հիշում է, որ 2016 թվականին նա ուշադիր հետևում էր ԱՄՆ նախագահական քարոզարշավին և ուրախ կլիներ, եթե հաղթեր Հիլարի Քլինթոնը։ Բայց հաղթանակը Դոնալդ Թրամփինն էր, որը բազմիցս քննադատել էր ինչպես Գերմանիային, այնպես էլ հենց իրեն՝ Մերկելին: Այդուհանդերձ, Մերկելը շնորհավորեց Թրամփին հաղթանակի կապակցությամբ, իսկ չորս ամիս անց մեկնեց Վաշինգտոն հանդիպման։

Սպիտակ տանը Թրամփը նրան դիմավորեց մուտքի մոտ՝ մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ և սեղմեց Գերմանիայի կանցլերի ձեռքը։ Օվալաձև աշխատասենյակում դեմ առ դեմ զրույցից առաջ նրանք ևս մեկ անգամ դուրս եկան լրագրողների մոտ։ Այդ ժամանակ լրագրողները խնդրել էին Մերկելին և Թրամփին կրկին ձեռքսեղմել, սակայն Թրամփն անտեսեց նրանց այդ խնդրանքը:

«Փոխանակ ստոիկ կերպով դիմանալու այդ տեսարանին, ես շշնջացի նրան, որ մենք պետք է ևս մեկ անգամ ձեռքսեղմում իրականացնենք, չէ որ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի այցի ժամանակ Թրամփը դա արել էր տասնինը վայրկյան, ու Աբեն չէր կարողացել ոչինչ անել այդ հարցում։ Դա ասելուց հետո ես անմիջապես փոշմանեցի։ Ինչպես կարող էի մոռանալ, որ Թրամփը շատ լավ հասկանում էր, թե ինչ արդյունքի էր ուզում հասնել։ Տրամաբանական է, որ նա չարձագանքեց իմ նուրբ ակնարկին։ Նա ուզում էր իր պահվածքով քննարկումների առիթ ստեղծել, մինչդեռ ես ինձ այնպես էի պահում, կարծես գործ ունեմ իրեն նորմալ պահող զրուցակցի հետ»,- հիշում է ֆրաու Մերկելը։

Մերկելը նշում է, որ դեմ առ դեմ քննարկման ժամանակ խոսակցությունը հիմնականում ընթանում էր անգլերենով։ Թրամփը նրան մի շարք հարցեր էր ուղղել, այդ թվում՝ Մերկելի արևելագերմանական ծագման և Պուտինի հետ հարաբերությունների մասին: «Թվում էր, թե նա հիացած էր Ռուսաստանի նախագահով։ Հաջորդ տարիներին տպավորություն ստացա, որ ավտորիտար և բռնապետական հակումներ ունեցող քաղաքական գործիչները նրա համար առանձնահատուկ ձգողականություն ունեին»,- գրում է Գերմանիայի նախկին կանցլերը։

Նրա խոսքով՝ զրույցի ժամանակ Թրամփը մի շարք պահանջներ ներկայացրեց Գերմանիային (ներառյալ պաշտպանական ծախսերը, որոնք ՆԱՏՕ-ի 2% թիրախային ցուցանիշից պակաս էին) և «կրկին ու կրկին ընդգծեց, որ Գերմանիան իրեն ու Ամերիկային ինչ-որ բան է պարտական»: Մերկելը նշում է, որ իրենք խոսում էին «տարբեր մակարդակներում». Թրամփը՝ հուզական, իսկ ինքը՝ փաստերով ու փաստարկներով։

«Իմ զրույցներից ես հետևություն արեցի. հանուն փոխկապակցված խաղաղության Թրամփի հետ համատեղ աշխատանք չի լինի։ Նա ամեն ինչ դիտարկում էր զարգացման հարցերով մասնագետի դիրքերից, ինչով զբաղվում էր մինչ քաղաքականություն մտնելը։ Յուրաքանչյուր հողակտոր կարելի էր հատկացնել միայն մեկ անգամ։ Եթե ինչ-որ մեկը չի ստացել այն, ապա ստացել է մեկ ուրիշը։ Այդպես էր նա նաև նայում խաղաղությանը։ Նրա համար բոլոր երկրները գտնվում էին մրցակցային վիճակում, որտեղ մեկի հաջողությունը նշանակում էր մյուսի ձախողում: Նա չէր հավատում, որ համագործակցությունը կարող է մեծացնել բոլորի բարեկեցությունը»։

Լուսանկարը՝ Guido Bergmann / Bundesregierung-Pool / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter