HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տարեցների «Հիշողության սրճարան» Գյումրիում

«Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան մարդկային հիշողությունները»:

Գարսիա Լորկա

«Խոհանոցը սիրում է մեկ կնոջ ներկայություն» դեմքի արտահայտությամբ կանայք հավաքվում են սալօջախի շուրջ: Պիցցա են պատրաստելու: Գյումրու հիշողության սրճարանի 23 շահառուներից 5-ն այսօր բարելավելու են խոհանոցային գիտելիքներն ու պատրաստելու են ուտեստ իրենց ընկերների համար: Ծրագրի համակարգող Արմենուհի Սարգսյանը սեղանին է շարում անհրաժեշտ մթերքները, բացատրում պատրաստման կարգը, հետո առաջարկում ամեն մեկին մեկ գործողություն կատարել՝ վերջում ամբողջացնելու նպատակով: Տարածքում թևածում է իտալական երաժշտություն, կանանց դեմքին ոգևորություն է նկատվում, և քիչ-քիչ «ես»-ը նահանջում է՝ տեղ ազատելով «մենք»-ի համար: 

Աշխատում են համերաշխ, առանց մեկը մյուսին խանգարելու և նկատողություն անելու: Միակ տարաձայնությունը խմորի վրա քերած պանիրը լցնելու քանակի շուրջ է ծագում: Որքան շատ, այնքան լավ տարբերակը պարզվում է այստեղ չի գործում: Կանանց առաջարկվում է կենտրոնացնել ուշադրությունը, կատարել մոտավոր հաշվարկ սոուսը, պանիրն ու երշիկը հավասարաչափ բաշխելու նպատակով: Ի վերջո, ընդհանուր ջանքերի արդյունքում, 4 մեծ պիցցան էլ հայտնվում են վառարանում: Ինչպես մի մեծ, համերաշխ ընտանիքում է սովորաբար ընդունված, կերակուրի պատրաստմանը հաջորդում է սեղանի սպասքադրումը: Քիչ անց «Հիշողության սրճարանի» այցելուները հավաքվում են՝ համտեսելու պիցցան, հայկական թեյն ու բրազիլական սուրճը:

Շուրջ մեկ տարուց ավելի է` Գյումրիում գործում է տարեցների «Հիշողության սրճարանը»: Նախագծի հեղինակը «Ալցհայմերի խնամք» Հայաստան կազմակերպությունն է: Ծրագիրն իրականություն է դարձել «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցության շնորհիվ։ Առաջին սրճարանը բացվել է Երևանում՝ նախատեսված 65+ տարիքային խմբի անձանց համար, ովքեր ունեն դեմենցիա, «Ալցհայմերի հիվանդություն» ախտորոշում և պարզապես հասակակիցների հետ շփման կարիք:

Գյումրիում «Հիշողության սրճարանը» գործում է Լոֆթի տարածքում: Ծրագրի շահառուները ներկայում 23 հոգի են, թեպետ սկզբում այցելուների թիվն ավելի շատ է եղել՝ 32 հոգի: Ծրագրի համակարգող, հոգեբան Արմենուհի Սարգսյանի փոխանցմամբ, շահառուների մեջ չունեն արտահայտված դեմենցիա կամ «Ալցհայմերի հիվանդություն» ախտորոշմամբ շահառուներ: 

«Ծրագրի ամենասկզբում, երբ ընդամենը 3-4 այցելու ունեինք, մեր տեղեկատու թերթիկներով շրջել եմ քաղաքի բոլոր պոլիկլինիկաներով, զրուցել ընտանեկան բժիշկների հետ, որ կարողանամ նրանց միջոցով հայտնաբերել մեր պոտենցիալ շահառուներին, հրավիրել՝ միանալու ծրագրին: Սակայն մեկ տարի անց էլ արձագանք չկա: Կարծում եմ, որ մերժողական վերաբերմունք դրսևորում են հիվանդություն ունեցողների խնամակալները: Կամ չեն ուզում իմացվի կամ էլ ժամանակ չունեն իրենց հիվանդ հարազատին ուղեկցել մեզ մոտ,- ասում է Արմենուհի Սարգսյանը,- ներկայում, ովքեր որ գալիս են, հիմնականում 65 և բարձր տարիքի կանայք են: Նրանց մեծ մասը մեզ հետ են բացված օրվանից ու հիմնականում Գյումրիից, իսկ վերջերս մեզ է միացել մեկ շահառու Ախուրյանից»:

Գյումրու բնակիչ 73-ամյա Տատյանա Միքայելյանը սրճարանի հնաբնակ, հավատարիմ «հաճախորդներից» է: Ծրագրի մասին տեղեկացել է ծանոթներից և որոշել, որ անպայման հաճախելու է: «Երեքշաբթին ինձ համար դարձել է շաբաթվա ամենասիրելի օրը: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ է գալու շաբաթվա այդ օրը, որ գնամ սրճարան ու հրաշալի 2 ժամ անցկացնեմ նոր ընկերներիս հետ»,- խոստովանում է Տատյանա Միքայելյանը: 51 տարի մանկավարժության ոլորտում գերմաներենի իմացությամբ փայլող Տատյանայի համար շրջադարձային էին COVID-19-ի պարտադրանքները: Օրվա մեծ մասը կրթական ակտիվ պրոցեսների մեջ գտնվող անձը հայտնվում է փակուղում և ստիպված է լինում թողնել աշխատանքը:

«1974թ-ին, երբ ավարտեցի Բրյուսովը, նշանակեցին գերմաներենի դասատու Արևիկ գյուղում: Չորս տարի աշխատելուց հետո հրավիրվել եմ ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղում աշխատելու, որպես գերմաներենի մեթոդիստ, հետագայում զբաղվել եմ մասնագետների վերապատրաստմամբ, 2 տարի ակադեմիական վարժարանում եմ աշխատել և այլն: Երբ պահանջ դրվեց պարտադիր պատվաստման, ես հրաժարվեցի ու այդ պատճառով 2020թ․-ին կորցրի աշխատանքս ինստիտուտում: Ահավոր դժվար էր անընդհատ տան չորս պատերի մեջ լինելը: Եղավ մի պահ, որ շաքարախտի ու սթրեսի պատճառով հիշողությունս կորցրի, ոչինչ չէի հիշում, բացի գերմաներենից: Այնպես որ, 2023թ․-ին, երբ իմացա այս ծրագրի մասին, հասկացա. ինձ համար փրկություն է»,- պատմում է Տատյանան:

69-ամյա Գայանե Սիմոնյանը Գյումրու երկաթուղային դեպոյում 40 տարի աշխատելուց հետո թոշակառուի պասիվ կյանքի հետ չէր կարողանում համակերպվել, ինչպես Տատյանան: Ապրում է տղայի ընտանիքի հետ, մենակության զգացողություն չունի, սակայն հասակակիցների հետ շփվելու, ծրագրի շահառու դառնալու, ծրագրի շրջանակներում առաջարկվող վարժանքների շնորհիվ հիշողությունը բարելավելու հնարավորությունից որոշեց չհրաժարվել: «Ֆեյսբուքում կարդացի սրճարանի մասին ու առաջին օրվանից եկել եմ: Շատ գոհ եմ, չեմ փոշմանել, որ եկել եմ: Նոր միջավայր, նոր ընկերներ: Համարյա հասակակիցներ ենք էստեղ հաճախողների հետ, խոսում ենք, շփվում ենք, նոր բաներ ենք սովորում, վարժություններ ենք անում: Ափսոս, որ շաբաթվա մեջ երկու օր չէ այցելությունը: Բոլորս էլ կգայինք, մեկ օրը մի քիչ քչություն է անում»,- զրուցակիցս ծիծաղում է:

Սամվել Գյոզալյանը 71 տարեկան է, մասնագիտությամբ լուսանկարիչ: Հարազատները ներկայում Երևանում են, ինքը Գյումրիում մենակ է բնակվում: Խմբի «երեք հրացանակիրներից» թերևս ամենաակտիվն է: Տունը մոտ է գտնվում Լոֆթին, դժվարություններ չունի տեղաշարժման: Շփվող բնավորություն ունի, ասում է, որ հաճույքով է այցելում: «Ես Կարիտաս ՀԿ-ի շահառու եմ, իրենց միջոցով եմ իմացել: Ասին, որ նման տեղ կա: Եկա տեսա, ու լրիվ համոզվեցի, որ իմ ուզած տեղն է՝ շփումներ, հետաքրքիր զրույցներ, խաղեր,- ասում է Սամվել Գյոզալյանը,- սկսել եմ գալ նոր բացված ժամանակից, կլինի արդեն մեկ տարի, ուրիշների էլ խորհուրդ կտամ, հատկապես տղամարդկանց, որովհետև քիչ ենք՝ երեք հոգի: Ըստեղ, օր ներս կմտնիս, ինչխօր Լեննագանից դուրս տեղ էղնի՝ գունավոր, տաք: Դե ես լուսանկարիչ եմ, գույներն ինձ համար շատ կարևոր են, չնայած կարերիաս սկսած ժամանակ սև-սպիտակ լուսանկարչությունն էր, հետո անցանք գունավորին: Հմի էս սրճարանն է՝ ինչխ օր սև-սպիտակ իրականությունից մեկից ընկնիս գունավոր տեղ»:

«Հիշողության սրճարան»-ի այցելուների հետ պայմանագիր է կնքվում: Նրանք նաև հարցարան են լրացնում, որն օգնում է պատասխանատուներին  հասկանալու ընդհանուր ինչ խնդիրներ ունի տվյալ անձը՝ դրանք հիվանդության հետևանք են, թե ծերունական-տարիքային: 

«Հանդիպումները սկսում ենք թեյախմությամբ, նաև սուրճ և թխվածքաբլիթի տեսականի է լինում սեղանին,- նկատում է Արմենուհին,- սա ժամանակ է տալիս, որ մեկ շաբաթ ընդմիջումից հետո իրենք կարողանան զրուցել, շփվել: Հետո անցնում ենք որոշակի ֆիզիկական վարժությունների, սեղանի խաղեր են լինում, տրամաբանական առաջադրանքներ ենք տալիս, կարող ենք շատ հասարակ հարց տալ, օրինակ՝ այսօր ի՞նչ օր է, տարեթիվն ենք հարցնեմ ու լինում է դեպքեր, որ խառնվում են իրար, թե էսօր շաբաթվա ո՞ր օրն է, ամսի քանի՞սն է: Մեզ օգնում են նաև «Դեպի Հայք» կազմակերպության կամավորները՝ անգլերեն տարրական գիտելիքներ փոխանցելու համար: Բոլոր վարժությունները միտված են հիշողության բարելավմանն ու ուշադրության կենտրոնացմանը: Այս ընթացքում ներկայացում դիտելու ենք գնացել երկու անգամ, թանգարաններ ենք այցելել, աշխատում ենք, որ մշակութային միջոցառումներն էլ տեղ գտնեն իրենց առօրյայում: Արվում է ամեն ինչ, ոչ միայն օրը հաճելի դարձնելու, այլև օգտակար՝ ամենակարևորը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter