
15 տարեկան աղջնակը հղիացել է խորթ հորից. երեխայի հայրը լքել է Հայաստանը
Գեղեցկադեմ ու բարետես արտաքինով աղջնակին հանդիպեցինք «Լայթհաուս»
հիմնադրամում: Մի քանի օրից կդառնա 15 տարեկան, իսկ մեկ ամսից կմայրանա:
«Ոչ աղջիկ է, ոչ կին»,- ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը, ով արդեն 1,5 ամիս է՝ աշխատում
է մայրանալ պատրաստվող անչափահասի հետ:
Երեխային սեռական բռնության է ենթարկել նրա խորթ հայրը` երևանցի Անդրանիկը: Իսկ երբ իմացել է, որ աղջիկը հղի է, լքել է երկիրը: Չնայած՝ լքելն այս դեպքում հարաբերական է ասված, որովհետև նրա` Հայաստանից դուրս գալու մասին կինն ու խորթ աղջիկը ոչ միայն իմացել ու խրախուսել են, այլև ճանապարհից առաջ մի լավ կերուխում են կազմակերպել:
Անչափահասին սեռական բռնության ենթարկելու փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, ապա տեղափոխվել Աբովյանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով՝ քննիչ Արթուր Մարուքյանը, որի վարույթում է գործը, մանրամասներ չհրապարակեց, անգամ չասաց թե քանի և որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: Տեղեկացրեց միայն, որ Անդրանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու:
Բռնության ենթարկված կանանց ապաստարան աղջիկը եկել է հունիսի 22-ին` մոր ուղեկցությամբ: Միջնորդել է ՍՈՍ մանկական գյուղի աշխատակիցներից մեկը, որի շահառուներն են աղջնակի երկու կրտսեր եղբայրները: Ինքն էլ Հույսի ավանի շահառուներից է, բայց ապրել է ոչ թե ավանում, այլ տանը: Ութերորդ դասարանն էլ մի կերպ է ավարտել, որովհետև հղիության նշանները սկսել էին ի հայտ գալ:
Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, գոյատևում` նպաստի ու տատիկի թոշակի հաշվին: Երբ հայտնվել է նրանց նյութական խնդիրները հոգալու պատրաստակամություն ստանձնած օտար տղամարդը, ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում և տատը, սիրով ընդունել են նրան: Այնքան են սիրել, որ կարճ ժամանակ անց օտար երեխաները նրան որպես հայր են ճանաչել:
Երթուղայինի վարորդ Անդրանիկը, սակայն, ի չարս է օգտագործել իր նոր ընտանիքի սերն ու վստահությունը և սկսել է սիրահետել երկրորդ կնոջ անչափահաս աղջկան: «Ինձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար»,- պատմում էր մանկահասակ կինը:
Հետո սկսել է երեխային վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրան ու պարտադրել, որ կենակցի հետը: Աղջիկը երկար դիմադրել չի կարողացել ու մի օր էլ հանձնվել է:
Ասում է` թեև մոր հետ ընկերուհիների պես են, բայց կատարվածի մասին բավականին ուշ է նրան հայտնել` ցավ չպատճառելու համար: «Էն ժամանակ, երբ խորթ հայրս ինձ անպարկեշտ առաջարկություններ էր անում, փորձեցի մամայիս «նամյոկով» հասկացնել, բայց լուրջ չընդունեց: Իսկ երբ ճնշումներն ավելի հաճախակի դարձան, մայրս հասկացավ ու նրան տնից դուրս վռնդեց»:
Մայր ու աղջիկ, սակայն, կարճ ժամանակ անց ներել են օտար տղամարդուն և վերջինիս հարազատ աղջկա խնդրանքով կրկին ետ ընդունել: «Իրա աղջիկն ասում էր` պապաս մեղք ա, ապրելու տեղ չունի, ինքը լավ մարդ ա, հետ ընդունեք ու կտեսնեք, որ կփոխվի: Մենք էլ հավատացինք ու ներս ընդունեցինք: Ի՞նչ իմանայիք, որ ըսենց կվերջանար,- պատմում էր անչափահաս կինը` չզգալով, թե ինչպես է ձեռքն ակամա բռունցքվում,- եթե գա կանգնի դեմս` կսպանեմ»: Սա ասաց` հայացքը մի կետի հառած: Նրա խոսքով` խորթ հայրը մոր ննջասենյակում երբեք չի քնել: «Գործից հոգնած գալիս էր ու շորերով պառկում դիվանուն, հեռուստացույց նայում ու քնում: Ինչքան էլ փորձում էինք սենյակ տանել, չէր գնում»:
«Լայթհաուս» գալու առաջին իսկ օրվանից աղջիկը հակված է եղել արհեստական վիժեցմամբ դադարեցնել անժամանակ ու անցանկալի հղիությունը: Բայց դա ոչ այնքան իր, որքան մոր ու մորաքրոջ որոշումն է եղել: «Հիմա էլ` հղիության ութերորդ ամսում, մայրը «գործ անող» է ման գալիս, որ ազատվեն երեխայից: Երբ ասացի, որ իր արարքի մեջ հանցակազմ կա և կդիմեմ ոստիկանություն, հանգստացավ»,- ասաց «Լայթհաուսի» ամերիկաբնակ հովանավոր Սեդա Ղազարյանը:
Հոգեբանական երկարատև զրույցները աղջկան ետ են պահել այդ որոշումից: «Հիմա ավելի հանգիստ է, ավելի լավ տրամադրությամբ, քան գալու առաջին օրերին: Այն ժամանակ մտածում էր, որ կանի այնպես, ինչպես կասի մայրը, բայց հիմա պատրաստ է նույնիսկ պահել երեխային, եթե ապրելու տեղ և օգնող ունենա: Չնայած` հանձնելու է մանկատուն»,- ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը:
Մանկատուն բառից մայրանալ պատրաստվող երեխայի աչքերը լցվեցին: «Սկզբում մտածում էի, որ եթե իմ կողքին չի մեծանալու, ավելի լավ է չծնվի: Բայց հետո հասկացա, որ պետք է ծնվի, թեկուզ ինձանից հեռու` մանկատանը: Ամեն օր կգնամ, կտեսնեմ, կապս չեմ կտրի, որ չսառեմ»:
Իր ասելով` երեխային այնտեղ երկար չի թողնի, ետ կվերցնի հենց որ չափահաս դառնա, աշխատանք գտնի ու տուն վարձակալի: Իսկ «Լայթհաուս» եկել է հարևաններից ու բարեկամներից թաքնվելու համար: Կծննդաբերի, երեխային կհանձնի ու կգնա տուն, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հարևաններին ու ծանոթ-բարեկամներին ասել են, թե իբր մի քանի ամսով ճամբարում է:
Հ.Գ. Աղջկա հարազատ հայրը, ով ավելի քան երկու տարի է`բաժանված է ընտանիքից, կատարվածի մասին ոչինչ չգիտի: «Հենց իմանա, կսպանի` ինձ էլ, իրան էլ»,- ասաց մայրության շեմին կանգնած երեխան:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել