
Փաստաբանն ահազանգում է պարեկային ծառայողների ապօրինությունների մասին
21.11.2024թ.-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ավագ սերժանտ Բաբկեն Սարգսյանը Երևանի Սարյան փողոցում, ժամը 22:00 սահմաններում կանգնեցրել է Նարեկ Մանվելի Մուրադյանի վարած «Tesla» մակնիշի 37 DJ 234 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան ստուգելուց հետո պարեկը արձանագրել է «լուսաթափանցելիության օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ ապակիներով» տրանսպորտային միջոցի վարում և որպես խախտման իրավանորմ նշել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտում: Նշվածի վերաբերյալ նախ և առաջ հարկ է նշել, որ լուսաթափանցելիության օրենսդրություն հասկացությունը տեղին չէ և նման օրենսդրություն գոյություն չունի, այլ դրա փոխարեն գոյություն ունի ՀՀ օրենսդրության՝ լուսաթափանցելիության որոշակի պահանջ հասկացությունը, ուստի պարեկի կայացրած վարչական ակտը իմաստային առումով սխալ է ձևակերպված:
Ենթադրյալ խախտումն արձանագրելուց հետո «Տեսլա»-ի վարորդ Նարեկ Մուրադյանը պատրաստակամություն է հայտնում խախտումը վերացնել տեղում, սակայն պարեկը հայտնում է, որ տրանսպորտային միջոցը պատրաստվում է տեղափոխել հատուկ պահպանվող տարածք և իր հակաօրինական պահանջը պարեկը հիմնավորում է վերադասի հրամանով: Նշեմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-8-րդ հոդվածների իրավակարգավորման համաձայն՝ եթե իրավախախտումը տեղում վերացվում է, ապա պարեկը ոչ միայն լիազորված չէ մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, այլ նաև անձին ենթարկելու որևէ վարչական պատասխանատվության նշված հոդվածի շրջանակներում: Պարեկը նույն օրը մեքենան ապօրինաբար տեղափոխում է Ամերիկյան փողոցի վրա գտնվող հատուկ պահպանվող տարածք: Տվյալ պահին հատուկ պահպանվող տարածքում գտնվող բարձրաստիճան պաշտոնյային Նարեկը հարցնում է, թե արդյոք առավոտյան ժամը 9-ին կարող է վերցնել ավտոմեքենան, ինչին ստանում է դրական պատասխան:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9:00-ին, Նարեկը հատուկ պահպանվող տարածքից ցանկանում է վերցնել ավտոմեքենան, սակայն պարեկային ծառայողներն ապօրինաբար հրաժարվում են վերադարձնել ավտոմեքենան: Նարեկը պարեկային ծառայության ապօրինությունների պատճառով ստիպված է լինում օգտվելու իրավաբանական ծառայություններից և իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է փաստաբան Կարեն Հովհաննիսյանին (արտոնագիր թիվ 1212): Կարեն Հովհաննիսյանը իր վստահորդի հետ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:30-ին, գնում է հատուկ պահպանվող տարածք և պարեկային ծառայության աշխատակից Արսեն Մխոյանից պահանջում է անհապաղ վարորդին վերադարձնել ավտոմեքենան, ի պատասխան մերժվում է այն հիմնավորմամբ, որ մինչև վերադասը իրեն չկարգադրի, ինքը մեքենան բաց չի թողնի հատուկ պահպանվող տարածքից:
Փաստաբան Կարեն Հովհաննիսյանը պահանջում է տրամադրել «Տեսլա» մակնիշի ավտոմենքենան հատուկ պահպանվող տարածքում գտնվելու և պահելու հիմքերը, ինչին ի պատասխան հիշյալ պարեկը հայտնում է, որ իրենց մոտ փաստաթղթային հիմքեր առկա չեն: Կարեն Հովհաննիսյանը հայտնում է, որ ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքում պահելու համար հստակ պետք է առկա լինեն փաստաթղթային և օրենսդրական հիմքեր, սակայն Ա. Մխոյանի կողմից այդպես էլ որևէ հիմք չի ներկայացվում և հրաժարվում է վերադարձնել ավտոմեքենան: Պարեկային ծառայողների ապօրինությունները կանխարգելելու նպատակով Կարեն Հովհաննիսյանը ստիպված է լինում ահազանգելու ոստիկանության 1-02 ծառայությանը՝ հայտնելով ապօրինության բոլոր մանրամասները և պահանջ ներկայացնելով մոտենալ և արձանագրել բոլոր ապօրինությունները, սակայն ավելի քան մեկ ժամ սպասելուց և կրկին 1-02 զանգահարելուց հետո որևէ պաշտոնատար անձ չի մոտենում՝ դրանով իսկ քողարկելով պարեկային ծառայողների անօրինական գործողությունները և մասնակիցը դառնալով վերջինիս ապօրինությունների: Փաստաբանը ահազանգում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն վերջինիս աշխատակիցների ցուցաբերած ջանքերը ևս ի զորու չեն լինում կասեցնելու պարեկային ծառայության աշխատակիցների ապօրինությունները:
Նշված ամեն ինչը վկայում է գերագնահատված և ամպագոռգոռ PR-ված «բարեփոխված» պարեկային ծառայության ապօրինությունները և առկա ամենաթողության վիճակը, վերադասի հրամանները օրենքի պահանջներից վեր դասող պարեկային ծառայողների հնուց ի վեր արմատավորված վատ բարքերի շարունակական դրսևորումները միլիոնավոր ներդրումների արդյունքում «չբարեփոխված» պարեկային ծառայությունում, ինչպես նաև օրենքի պահանջները անտեսելու և դրանք չհարգելու պարեկային ծառայողնրի արատավոր բարքերի առկայության մասին:
Կարեն Հովհաննիսյան, փաստաբան
Մեկնաբանել