HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեվարձը 100-դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ. հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանին 30 օր է անհրաժեշտ  

Հեղինակ՝ Սոնա Դանիելյան

Նոյեմբերի 1-ից Երևանի վերգետնյա տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս ուղևորները ստիպված վճարում են  բացառապես 100-դրամանոց մետաղադրամներով, «Telcell Wallet» հեռախոսային հավելվածի օգնությամբ կամ Telcell տերմինալներից ձեռք բերած QR ուղետոմսերով: 

Մինչ նոյեմբերի 1-ը Երևանի քաղաքապետարանի՝ 100-դրամանոցներին վերաբերող  հայտարարությունը տարբեր լրատվամիջոցներով ներկայացվեց ոչ միայն որպես «պարտադիր պայման», այլև որպես «որոշում»: Այդուհանդերձ, անցնող օրերին խնդիրը քննարկվեց միայն 100-դրամանոցների դեֆիցիտի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունների համատեքստում և գրեթե չխոսվեց պահանջի օրինականության կամ իրավական կողմի մասին: 

Ինչպես խնդրանքը դարձավ պահանջ

Բացառապես 100-դրամանոցներով կամ QR ուղետոմսերով վճարելու մասին Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ խոսվեց հոկտեմբերի 21-ի գործակարգավարական խորհրդակցությանը, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանցիներին հորդորեց համապատասխան տրանսպորտային միջոցներից օգտվելիս վճարել 100-դրամանոցով կամ QR ուղետոմսերով: Նրա խոսքով, վճարման այս տարբերակներից օգտվելը հնարավորություն էր տալու ապահովել հասույթների շարունակական աճ, խուսափել ստվերից և հեշտացնել անցումը դեպի միասնական տոմսային համակարգ: Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու 100-դրամանոց մետաղադրամով կամ QR կոդով վճարումն անելը: 

Նույնաբովանդակ հաղորդագրությամբ Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ նաև հոկտեմբերի 24-ին՝ այս անգամ ուղևորներին խոստանալով նաև 10 անվճար QR ուղետոմսեր «Telcell Wallet»-ով օգտվելու դիմաց:

Նոյեմբերի 1-ից 100-դրամանոց կամ QR ուղետոմսեր չունեցող քաղաքացիներն ավտոբուսներից օգտվում են կամ սեփական նյարդերի հաշվին՝ վիճաբանելով վարորդների հետ, կամ երթևեկում են այլընտրանքային ավտոբուսներով ու տրոլեյբուսներով, որոնցում դեռ չկան 100- դրամանոցներ ընդունող սարքեր ու վալիդատորներ, կամ էլ գերադասում են քայլել:

Կա՞ որևէ իրավական ակտ, թե՞ ոչ. հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանին 30 օր ժամանակ է հարկավոր

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ է: Մենք փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ իրավական հիմքով է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հրաժարվում ընդունել օրինակ 10 հատ 10 դրամ, 5 հատ 20 դրամ, 2 հատ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամները, կամ 200, 500 անվանական արժեքով մետաղադրամներով ու ավելի բարձր անվանական արժեք ունեցող թղթադրամներով ուղեվարձի վճարումը:

Հարցի պատասխանը ստանալու համար նոյեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարան հարցում ուղարկեցինք՝ փորձելով պարզել, թե կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որի համաձայն 100- դրամանոցով կամ QR կոդով վճարումը դարձել է պարտադիր: Առկայության դեպքում խնդրեցինք տրամադրել այն, իսկ բացակայության պարագայում պարզաբանել, թե ինչ հիմքով է այդ որոշումը կայացվել։ Խնդրել էինք նաև նշել, թե իրավական որ ակտի հիման վրա են ավտոբուսների վարորդները ոչ 100-դրամանոց մետաղադրամով ուղեվարձը վճարող ուղևորներին պահանջում իջնել ավտոբուսից: 

Երևանի քաղաքապետարանից 5 օր անց պատասխանեցին, որ իրենց անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի մեր հարցման պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում:

Փաստորեն Երևանի քաղաքապետարանին 30 օր է հարկավոր պարզելու, թե արդյոք իրենց պահանջի հիմքում որևէ իրավական ակտ կա, թե՞ ոչ:

Ստացվում է, Երևանի քաղաքապետարանն, օգտվելով պատասխանը հետաձգելու՝ օրենքով իրեն տրված առավելագույն ժամկետից (30 օր), նոյեմբերի 7-ի մեր հարցմանը կարող է պատասխանել դեկտեմբերի 7-ին: Իսկ դրանից հետո արդեն մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնում մինչև հունվարի 1-ը, երբ այլևս 100-դրամանոցների խնդիրն արդիական չի լինի, քանի որ ըստ պատասխանատուների մայրաքաղաքն անցնելու է միասնական տոմսային համակարգին: 

Արդարադատության նախարարությունում էլ չգիտեն՝ կա՞, թե՞ չկա համապատասխան իրավական ակտ

Արդարադատության նախարարությանը՝ որպես պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ռեեստրը վարող մարմնի, գրավոր հարցրել էինք, թե ՀՀ-ում ընդունվե՞լ է արդյոք որևէ իրավական ակտ (օրենք, որոշում), որի համաձայն ս.թ նոյեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր է վճարում իրականացնել կա'մ QR կոդով, կա'մ բացառապես 100-դրամանոց մետաղադրամներով: Հարցրել էինք նաև, թե որքանով է իրավաչափ Հայաստանում ծառայությունների մատուցման դիմաց միայն 100- դրամանոց մետաղադրամով վճարումն ընդունելու սահմանափակումը, ինչպես նաև, թե որևէ պետական մարմին կամ կազմակերպություն իրավունք ունի՞ մատուցած ծառայության դիմաց միայն մեկ անվանական արժեքով դրամով վճարում ընդունել: Փորձել էինք ստանալ նաև կառույցի մասնագիտական կարծիքը, թե ի՞նչ օրենքների է հակասում նման պարտադրանքը:

Արդարադատության նախարարությունից, ըստ էության, չեն պատասխանել բարձրացված հարցերին, այլ պարզապես նշել են, որ «Երևան քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար վճարման կարգ սահմանելու կամ այն փոփոխելու վերաբերյալ նոր կարգավորումների ընդունումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի իրավասության տիրույթում» և հավելել, որ մեր կողմից բարձրացված հարցերը դուրս են իրենց իրավասությունների շրջանակից:

Մինչդեռ Արդարադատության նախարարի հրամանով է սահմանված, որ պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու, իսկ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքում ընդունվելուց հետո ստորագրման ենթակա նորմատիվ իրավական ակտերը՝ ստորագրվելու օրվան հաջորդող, որպես կանոն, 7 օրվա ընթացքում ուղարկվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով հրապարակելու նպատակով: 

Ըստ այդմ, համապատասխան իրավական ակտը լինելու դեպքում այն ընդունվելուց հետո 7 օրվա ընթացքում պետք է ուղարկված լիներ Արդարադատության նախարարություն, վերջինն էլ այն պետք է հրապարակած լիներ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում:

Օրենքով բոլոր անվանական արժեքով մետաղադրամներն ու թղթադրամները ենթակա են անվերապահ ընդունման

ԿԲ-ից մեր հարցմանն ի պատասխան նշում են, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

Այսինքն, 100 դրամ ուղեվարձը քաղաքացին ինչ մետաղադրամով կամ թղթադրամով էլ վճարի, այն անվերապահ ընդունման ենթակա է:  

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքով էլ սահմանվում է, որ ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել։ Իսկ ընթացիկ արժութային գործարքներ են համարվում Հայաստանի տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, որոնք ընդունվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

Նորմտիվ իրավական ակտերի մասին օրենքի 9-րդ հոդվածն էլ ամրագրում է, որ «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Ասել է թե, եթե քաղաքապետարանն ընդունած էլ լիներ որևէ իրավական ակտ, այն չէր կարող ուժ ունենալ, քանի որ հիշատակված օրենքներն ավելի բարձր իրավական ուժ ունեն:  

Ոչ ոք պարտավոր չէ անել այն, ինչը սահմանված չէ օրենքով

Իրավապաշտպան Տիգրան Սարգսյանը նշում է, որ որևէ կառույց չի կարող առանց որևէ իրավական ակտի հասարակության մի ստվար զանգվածից  պահանջել կատարել որևէ գործողություն: Նրա պնդմամբ, նման պահանջ դնելը իրավունքի չարաշահում է, ինչ-որ տեղ էլ պաշտոնական լիազորությունների անցում, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: 

«Չկա ընդունված որևէ որոշում, որի վրա հիմնվելով քաղաքապետարանը կարող է պահանջել ուղեվարձը բացառապես 100-դրամանոց մետաղադրամով վճարել: Քաղաքացիներն, ըստ գործող օրենսդրության, հանգիստ կարող են ցանկացած անվանական արժեք ունեցող ՀՀ դրամով վճարել, եթե ծառայություն մատուցողը չի ընդունում ուղեվարձը, դա արդեն քաղաքացու խնդիրը չէ»: 

Իրավապաշտպանի վստահեցմամբ ցանկացած խնդիր լուծելիս քաղաքապետարանն  առնվազն պետք է ինչ-որ իրավական ակտ դնի հիմքում: 

«Նրա պահանջը չի կարող  լինել հորդորների, խնդրանքների տեսքով: Պարտադրելու իրավունք չունեն, եթե պարտադրում են, դա պետք է անեն իրավական ակտի ուժով, իսկ այն պետք է լինի հիմնավորված: Այսինքն, եթե որևէ որոշում էլ կայացնեն, պետք է դրա հիմքում դնեն օրենք»: 

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածն ամրագրում է. «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքներով»:

Մեկնաբանություններ (1)

Վարսենիկ Ավետիսյան
Տրանսպորտի եռակի թանկացումը ֆանտազիայի ժանրից է։ Երբ աշխատավարձերը 5_10 անգամ կբարձրացնեք, ավտոբուսների քանակը կավելացնեք, որ գոնե 10 րոպեն մեկ աշխատեն, այն ժամանակ էլ կմտածեք տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter