
«Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 28-ին
Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի իր ամենամյա դրամահավաքը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ Հեռուստամարաթոնը, որը միավորելու է աշխարհասփյուռ հայերի ջանքերը մեր երկրի հզորացման և զարգացման ուղղությամբ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի թե՛ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, և թե՛ հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։
«Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 թվականի համար նախանշված բազմաբնույթ ծրագրերը:
«Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթը կուղղվի մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը.
- սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
- համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցմանը,
- սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
- սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
- բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
- մշակութային՝ հատկապես հայ արվեստագետների ստեղծարար նախաձեռնությունների և ամենամյա միջազգային մշակութային փառատոնների ու ցուցահանդեսների աջակցությանը։
Բացի վերոնշյալից, «Հեռուստամարաթոն-2024»-ին կներկայացվեն երկու լայնամասշտաբ նախագծեր, որոնք կիրականացվեն 2025-2026թթ․ ընթացքում, դրանք են՝
1. 44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ու նրանց ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
2. Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել